16Հնվ
Զբոսաշրջային փաթեթների ամրագրում բջջային հավելվածի միջոցով․ Ամերիաբանկը ներկայացնում է MyTour-ը
Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով: MyTour-ի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։
«Շուկայում արտագնա տուրերի ուղղությունների և առաջարկների աճին զուգահեռ ճիշտ և հենց ձեր կարիքներին համապատասխան փաթեթ գտնելը վերածվել է ժամանակատար և շատ ջանք պահանջող գործընթացի: MyTour-ի նպատակն է վերափոխել ճանապարհորդության պլանավորման գործընթացն ու առաջարկել աննախադեպ՝ մեկ վայրում ամբողջական զբոսաշրջային փաթեթներ ուսումնասիրելու և ամրագրելու հնարավորություն»,- ասում է MyTour-ի պրոդուկտի մենեջեր Լիլիթ Հայրապետյանը:
Այս գործիքն իր տեսակի մեջ առաջինն է շուկայում, որն օգտատերերին թույլ է տալիս մեկ հարթակում ուսումնասիրել միաժամանակ տասնյակ տուր փաթեթներ՝ ընդլայնված գործառույթներով․ օգտատերը կարող է փաթեթների գների ակնթարթային հաշվարկներ կատարել՝ փոխելով ճանապարհորդների կամ օրերի քանակը, թռիչքի օրը և այլն։ Իսկ վերջնական ընտրություն կատարելուց հետո հնարավոր է անմիջապես նույն հարթակում կատարել ամրագրում։
«MyTour-ի կարգախոսն է «app-ից ափ», ինչը լիովին համահունչ է մեր նպատակներին, քանի որ գործարկելով MyAmeria-ն՝ մենք ձգտում էինք հաճախորդների համար անել ավելին, քան պարզապես ավանդական բանկային ծառայությունների թվայնացումն էր, առաջարկել ֆինանսական և ոչ ֆինանսական մի շարք ծառայություններ մեկ հարթակում: Այս ճանապարհին մենք շարունակ կատարելագործում ենք հավելվածն ու նոր հնարավորություններ ավելացնում: Եվ սա դեռ միայն սկիզբն է»,- ասում է Ամերիաբանկի թվային վաճառքների և փորձառության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը։
MyTour հարթակում այս պահին հասանելի են զբոսաշրջային փաթեթներ դեպի Եգիպտոս: Առաջիկայում փաթեթների աշխարհագրությունն ընդլայնվելու է, ավելանալու են նոր ուղղություններ։
«Դեպի Եգիպտոս փաթեթները տրամադրվում են առաջատար տուրիստական օպերատորներից մեկի` Skytour-ի կողմից: Առաջիկայում մենք պլանավորում ենք նաև այս առումով ընդլայնել ծառայությունների ցանկը՝ առաջարկելով ոչ միայն նոր ուղղություններ, այլև տարբեր տուրիստական գործակալությունների փաթեթները մեկ հարթակում տեսնելու հնարավորություն։ Երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից մենք MyTour-ը տեսնում ենք որպես ճանապարհորդական էկոհամակարգ, որը կհեղափոխի այն, թե ինչպես են մարդիկ պլանավորում իրենց ճամփորդությունը և ճանապարհորդում՝ վերածելով յուրաքանչյուր ուղևորություն անհոգ ու հիշարժան փորձառության»,- ասում է Լիլիթ Հայրապետյանը:
Նոր ծառայությունը դեռևս հասանելի է միայն հավելվածի iOS օգտատերերի համար: MyTour-ը շուտով կգործարկվի նաև Android օգտատերերի համար։