01Օգս
Հայտնի է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր մրցանակակիրը
Հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ Սամմիթի գլխավոր գործընկեր Ամերիաբանկը շնորհեց նաև «Big Battle»-ի գլխավոր մրցանակը: Ժյուրիի քվեարկության միաձայն արդյունքով հաղթող է ճանաչվել ANIX ստարտափը: Հաղթող թիմը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր:
Նշենք, որ Սամմիթը հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակիցների և հյուրերի, որոնց թվում էին 100 ստարտափներ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլոք։ Երեք մրցութային օրերի ընթացքում անցկացվեց 7 մրցույթ, մասնակից ստարտափներից 18 թիմ արժանացավ տարբեր մրցանակների: Դրամական մրցանակներից բացի մի շարք մասնակիցներ ստացան նաև խորհրդատվական ծառայության մատուցման և վերապատրաստումների հրավերներ:
Սամմիթի ընթացքում կազմակերպվել են տարբեր դասախոսություններ, գործել է նաև «CampFire Talks» ձևաչափը, որին մասնակցություն ունեցավ նաև Ամերիաբանկը, մասնավորապես` Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպե՞ս կարող են ընկերությունները կազմակերպել էլեկտրոնային առևտուր:
Յոթօրյա տևողությամբ Սամմիթի մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նոր ընկերներ, ստեղծել գործընկերական հարաբերություններ, հարստացնել գիտելիքները և վայելել հանգիստը Սևանի ափին: