25Սպտ
Վարկավորման նոր առաջարկներ, նոր հնարավորություններ հաճախորդների համար
Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը և Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրեցին վարկավորման նոր առաջարկների մանրամասները և պատասխանեցին լրագրողների հարցերին:
Կարևորելով բիզնեսի կայունությունն ու զարգացման պոտենցիալը, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար վարկավորման բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը` Ամերիաբանկը հանդես է գալիս վարկավորման նոր առաջարկներով:
Բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների համար Բանկը սահմանել է հատուկ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում կտրամադրվի վարկ` հատուկ պայմաններով և պարզեցված ընթացակարգով: Ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ վարկ` մի շարք առավելություններով, մասնավորապես` վարկը տրամադրվում է Բանկում գործող տոկոսադրույքից 2% ցածր տոկոսադրույքով, իսկ վարկի գումարը կարող է հասնել մինչև 1 մլրդ ՀՀ դրամի: Ավելին` գույքի գնահատման և նոտարական վավերացման ծախսերը կատարվում են Բանկի կողմից:
Ամերիաբանկն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափ, որն անշարժ գույքի լիկվիդային արժեքի և վարկունակության ցուցանիշների հիման վրա հաստատված սահմանաչափ է, և որի ներքո հնարավոր է ստանալ վարկ, վարկային գիծ և օվերդրաֆտ` առանց Բանկի կողմից հետագա լրացուցիչ ուսումնասիրության:
Վարկային սահմանաչափը կարող է տրամադրվել նաև առանց վարկունակության գնահատման` գրավադրվող գույքի իրացվելի արժեքի մինչև 30%-չափով, իսկ վարկունակությունը գնահատելու դեպում՝ մինչև 60%-ի չափով: Ընդ որում, նոտարական և կադաստրի վճարները կատարվում են միայն մեկ անգամ` սահմանաչափը հաստատելիս, այնուհետև սահմանաչափը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության, ցանկացած պահի` առանց լրացուցիչ վճարների:
Ամերիաբանկը վարկավորման հատուկ առաջարկներով հանդես է գալիս մի շարք ոլորտների աշխատակիցների համար, մասնավորապես` ՏՏ և հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության և էներգետիկաի, առողջապահության ոլորտների թե' պետական, և թե' մասնավոր հատվածի աշխատակիցների համար, ինչպես նաև աուդիտի և հաշվապահական հաշվառման ընկերությունների աշխատակիցների և անհատ ձեռնարկատերերի համար: Բանկն առաջարկում է վարկային գծերի և այլ վարկերի համար արտոնյալ պայմաններ, բացի այդ վարկավորումն իրականացվում է պարզեցված գործընթացով: Փաթեթի մեջ ներառված են նաև մի շարք արտոնություններ վճարային քարտերի, հեռակառավարման համակարգերի և այլ ծառայությունների համար:
Նկատի ունենալով հանրության մեծ պահանջարկը վարկերի վերաֆինանսավորման նկատմամբ` Ամերիաբանկը երկարաձգել է վերաֆինանսավորման արշավի ժամկետը մինչև 2017թ. հունվարի 31-ը` միաժամանակ բարելավելով վերաֆինանսավորման պայմանները: Վերաֆինանսավորման միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան վարկի ժամկետը երկարաձգել մինչև 20 տարի` կախված վարկի տեսակից, ստանալ առավել ցածր տոկոսադրույք, փոփոխել վարկի արժույթն ըստ իրենց հարմար արժույթի` հնարավորություն ստանալով զգալիորեն նվազեցնել ամսական մարումների մեծությունը և արդյունավետ տնօրինել իրենց ֆինանսական ռեսուրսները: