Նորարար փոխակերպումը կկանխորոշի ՀՀ բանկերի ապագան - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Սպտ

Նորարար փոխակերպումը կկանխորոշի ՀՀ բանկերի ապագան

«Ամերիաբանկ» ՓԲԸ Իննովացիաների և որակի բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանի բացառիկ հարցազրույցը (շարունակություն) «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

ԱՌՔԱ՝ Ի՞նչ դեր է խաղում տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի բանկային համակարգում:

Ա. Համբարձումյան՝ Բանկային համակարգում նոր տեխնոլոգիաները երկակի դեր են խաղում: Մի կողմից, դրանք թույլ են տալիս լուծել բիզնեսի արդյունավետության խնդիրները՝ կրճատելով ինքնարժեքը և բացելով նորանոր հնարավորություններ, մյուս կողմից՝ բանկերին ստիպում են քայլել ժամանակին համընթաց: Երբ փոխվում են հաճախորդների վարքը և կենսակերպը, բանկերը պարզապես այլընտրանք չեն ունենում, քան փոխվել և փոխել սպասարկման ուղիները և եղանակները: Կա շուկայի մի որոշակի հատված, որտեղ հաճախորդներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց նոր տեխնոլոգիաների, բայց կա նաև շատ ավելի մեծ մի հատված, որին այդ տեխնոլոգիաները հասանելի չեն: Այդ իսկ պատճառով սխալ կլինի պնդել, որ վաղը մենք ամբողջությամբ անցնելու ենք վիրտուալ սպասարկման, որը կդառնա հաճախորդների հետ շփման միակ եղանակը: Պետք է հաշվի առնել այսպես կոչված սերնդային նախասիրությունները և հարմարությունը, և դրա համար նոր տեխնոլոգիաների անցնելիս բանկերը չպետք է մոռանան հաճախորդների այն ստվար զանգվածի մասին, ովքեր սովոր են սպասարկման ավանդական եղանակներին և «կենդանի» շփմանը: Իսկ ինչ վերաբերում է բուն տեխնոլոգիաներին, ապա քանի որ դրանք բանկերի առջև բացում են մեծ հնարավորություններ, բանկերն ստիպված հետևում են դրանց՝ բավարարելու համար կարիքները նոր սերնդի այն հաճախորդների, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ժամանակակից տեխնոլոգիաների: 


ԱՌՔԱ՝ Ի՞ նչ մակարդակում է բանկային տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում այլ երկրների համեմատ: 

Ա. Համբարձումյան՝ Եթե համեմատենք հայկական բանկերի տեխնոլոգիաները զարգացած և զարգացող երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ, ապա կնկատենք, որ մեր բանկերը գտնվում են «հետևից ընկնողի» դերում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ որոշակի պրոդուկտներ Հայաստան մուտք են գործել ավելի շուտ, քան Ռուսաստան, օրինակ՝ ArCa առցանց ծառայությունը, վիրտուալ քարտերով վճարումները, բայց ընդհանուր առմամբ տեխնոլոգիապես մենք հետ ենք մնում: Վերցնենք, օրինակ, մոբայլ բանկային ծառայությունները, որոնք հայկական բանկերը նոր են սկսել ներդնել, մինչդեռ ԱՊՀ շատ երկրներում դրանք արդեն քանի տարի է՝ ակտիվորեն զարգանում են: Այսօր բջջային բանկային հավելվածներ ունեն շատ քիչ թվով հայկական բանկեր, ինչը վկայում է, որ մենք առայժմ հետնապահի դերում ենք՝ փորձելով հասնել առաջատարներին, այլ ոչ թե քայլում ժամանակին համընթաց: Մյուս կողմից, թվերը ցույց են տալիս, որ այսօր Հայաստանում առցանց և բջջային բանկային ծառայություններից պոտենցիալ օգտվողները համեմատաբար քիչ են: Իհարկե, բանկերը կարող են պնդել, որ շուկան դեռևս պատրաստ չէ հեռակառավարվող բանկային ծառայությունների զանգվածային ներդրմանը, սակայն մյուս կողմից՝ չկար որակյալ առաջարկ: Եթե մոբայլ բանկինգը ներդրվեր ավելի վաղ, հնարավոր է, որ այսօր դրանից օգտվողների թիվը մի քանի անգամ ավելի մեծ լիներ: 


ԱՌՔԱ՝ Ո՞րն է հայկական բանկերի տեխնոլոգիական հետամնացության պատճառը:

Ա. Համբարձումյան՝ Խնդիրն առկա ենթակառուցվածքներն են: Մասնավորապես, մեր բանկերից շատերի տեխնոլոգիական թերզարգացածության պատճառը նրանց կախվածությունն է բանկային լուծումների որոշակի մատակարարներից: Այսպես, հայկական բանկերի մոտ կեսը որպես գործառնական հիմնական համակարգ կիրառում է «Հայկական ծրագրերը»: Որոշ բանկեր, այդ թվում՝ խոշորները կիրառում են մեկ այլ տեղական լուծում՝ «Էլսոֆթը», իսկ մի քանիսն օգտագործում են սեփական կամ մայր ընկերության մշակած ծրագրերը: Տեխնոլոգիական թերզարգացածության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև մեր պրոցեսինգային ընկերությունը: Չնայած նշված բոլոր ընկերությունները փորձում են զարգացնել իրենց լուծումները սեփական օրակարգի շրջանակներում, ամեն դեպքում ստեղծվում են որոշակի պայմաններ, որոնց պատճառով մենք ի վիճակի չենք լինում ժամանակին արձագանքել փոփոխություններին և ներդնել նոր տեխնոլոգիաներ: Պատմականորեն ձևավորվել է այնպիսի մոդել, երբ ՏՏ ոլորտում գործունեության ազատությունը կախված է շուկայում առկա մատակարարների զարգացման տեմպերից: Իսկ անցումը խոշոր միջազգային մատակարարների պահանջում է մեծ ներդրումներ, որոնց համար բանկերը չունեն բավականաչափ խոշոր բիզնես: Արդյունքում հայտնվում ենք փակուղում՝ թանկը չես գնի, քանի որ նման ծախսերը հիմնավորված չեն, իսկ տեղականը միշտ չէ, որ համապատասխանում է նորագույն տեխնոլոգիական պահանջներին: Այսպիսով հենց մեր բանկերում առկա տեխնոլոգիաներն են սահմանափակում նորարարական պրոդուկտների մուտքը շուկա: Ահա թե ինչու բիզնեսի չափը պետք է լինի այնպիսին, որ բանկը կարողանա իրեն թույլ տալ նորամուծություններ կատարել, իսկ շուկան պետք է լինի մեծ, որպեսզի այդ ներդրումները եկամտաբեր լինեն: Ահա այստեղ է, որ բախվում ենք բանկերի խոշորացման և նոր շուկաների որոնման խնդրին. քանի դեռ չկան շուկայական հնարավորություններ, չեն լինի նաև լուրջ ներդրումներ նորամուծություններում: 


ԱՌՔԱ՝ Ո՞ր տեխնոլոգիաներն են այսօր Հայաստանի բանկային շուկայում առավել մեծ պահանջարկ վայելում: Այդ համատեքստում ի՞նչ նոր ծառայություններ կարող են ներդրվել մոտ ապագայում:

Ա. Համբարձումյան
՝ Ինչ վերաբերում է սպասարկման եղանակին, ապա կա մի հատված, որը ցանկանում է սպասարկվել հեշտ ու արագ, լուծել բոլոր բանկային խնդիրները տեղում, օրվա ցանկացած պահի՝ անկախ նրանից, թե այդ պահին գտնվում է աշխատասենյակում կամ հանգստավայրում: Տեխնոլոգիաներն այժմ զարգանում են հենց այդ ուղղությամբ: Հայաստանում այսօր լայն տարածում են գտնում ինքնասպասարկման համակարգերը, ինչպիսիք են ինտերնետ-բանկինգը, մոբայլ բանկինգը, կոնտակտային կենտրոնները, նոր տեխնոլոգիաներով հագեցած բանկոմատները և վճարային տերմինալները: Ի տարբերություն մեզ՝ ուրիշ երկրներում այս տեխնոլոգիաներն արդեն վաղուց է, ինչ օգտագործվում են և ունեն օգտատերերի մեծ թիվ: Հայկական շուկայի համար սա առայժմ նորություն է, բայց հուսով եմ, որ 2-3 տարում հեռակառավարվող բանկային համակարգերը կդառնան հաճախորդների սպասարկման հիմնական եղանակներից մեկը: Այսօր բավականին արագ զարգանում են վճարային գործիքները, էլեկտրոնային առևտուրը և առցանց վճարումների համակարգերը, մեր բանկերն ակտիվորեն առաջարկում են այդ ծառայությունները: Հիմնական մրցակցությունը ծավալվում է առցանց վճարումների ոլորտում: Այսօր բուռն զարգացում ապրող ուղղություններից մեկը վճարային գործիքներն են: Կա հույս, որ մոտ ապագայում կզարգանան նաև անհատական վճարումները, այսինքն դրամական փոխանցումները մի ֆիզիկական անձից մեկ ուրիշ ֆիզիկական անձի բջջային հեռախոսով՝ համարով կամ նույնականացման այլ միջոցով: Բայց այդ բիզնեսում բանկը պետք է որոշի իր դերը, երբ, մի կողմից, այն պարզապես քարտեր է տրամադրում, իսկ մյուս կողմից՝ հանդես գալիս որպես ենթակառուցվածք, որը շուկայում կատարում է առցանց և բջջային վճարումների իրականացման ուղեմուտի դեր: Այդ իսկ պատճառով վճարային բիզնեսը լայն տարածում կգտնի, և հենց դա կհանդիսանա փոխակերպման այն հիմնական ձևը, որը տեղի կունենա ՀՀ բանկային համակարգում:

ԱՌՔԱ՝ ԴիջիԹեք 2015 գործարար ֆորումի արդյունքներով Ամերիաբանկը ճանաչվել է տարվա նորարար ընկերություն: Ի՞նչ աշխատանք է կատարվել դրան հասնելու համար, ի՞նչ առաջադեմ տեխնոլոգիաներ են ներդրվել:

Ա. Համբարձումյան՝ Ամերիաբանկն արդեն մի քանի տարի է, ինչ շեշտը դնում է իմ նշած նորամուծությունների վրա: Ընդ որում բանկի տեխնոլոգիական զարգացումը սահմանափակվում էր վերոհիշյալ գործոններով, որոնք միշտ չէ, որ թույլ էին տալիս նորամուծություններ ներդնել: Այդ ամենով հանդերձ մենք ձգտել ենք անել հնարավոր ամեն բան, որ մեր հաճախորդներին հարմար լինի, և նրանք ստանան բանկային գործառնությունների իրականացման նորանոր հնարավորություններ:
Մեր հիմնական առանձնահատկությունը բազմակողմանի մոտեցումն է, երբ բանկը հաճախորդի համար ապահովում է սպասարկման բոլոր հնարավոր ձևերը: Մենք ներդրել ենք կանխիկի մուտքագրման հնարավորությամբ բանկոմատներ, ստեղծել ենք կոնտակտային կենտրոն, որի միջոցով ոչ միայն լուծում ենք հաճախորդների խնդիրները, այլև իրականացնում բանկային գործարքներ: Կոնտակտային կենտրոնն իրականում հեռախոսի միջոցով հաճախորդների սպասարկման վիրտուալ գործիք է, որը ծառայում է բանկի մասնաճյուղի տեղ: Այս տարի մարտին մենք ներդրեցինք մոբայլ բանկինգը IOS և Android, իսկ վերջերս նաև Windows գործառնական համակարգերի համար. այն ամբողջությամբ ինտեգրված է ինտերնետ-բանկինգին, որը մենք ներդրել էինք դեռևս 2009թ.: Ասեմ ավելին, մենք արդեն հասցրել ենք թարմացնել մեր բջջային հավելվածը, ավելացնել նոր գործառույթներ և հնարավորություններ: Գործարքներ իրականացնելու տեսանկյունից մեր մոբայլ բանկինգի համակարգը բավականին զարգացած է, դրա միջոցով կարելի է իրականացնել ցանկացած վճարային գործարք և կառավարել ինչպես քարտային, այնպես էլ ընթացիկ բանկային հաշիվները: Գաղտնաբառեր գեներացնող սարքերի փոխարեն մենք ներդրել ենք համապատասխան բջջային հավելված՝ Ամերիա Թոքեն: Մենք նաև ներդրել ենք քարտային զեղծարարության մոնիթորինգի ծառայություն, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով հայտնաբերել և բլոկավորել կասկածելի գործարքները շուրջօրյա ռեժիմում: Աշխարհի որ ծայրում էլ հաճախորդը լինի, ինչ խնդիր էլ ունենա, նա կարող է զանգահարել մեզ օրվա ցանկացած ժամի, և մեր մասնագետները կպատասխանեն նրա բոլոր հարցերին: Բացի դրանից, մենք ակտիվորեն առաջ ենք մղում վիրտուալ վճարային տերմինալները, որպեսզի երկրում զարգանա էլեկտրոնային առևտուրը, և գործարարները հնարավորություն ունենան՝ իրենց ծառայությունները վաճառելու առցանց: Այլ կերպ ասած՝ մենք փորձում ենք զարգացնել առևտրի կետերի սպասարկումը: Մեր երկրում այդ ամենը նոր է զարգանում, և մենք փորձում ենք ոչ միայն մատուցել նշված բոլոր ծառայությունները մեր հաճախորդներին, այլ դա անել առաջինը: Այդ իսկ պատճառով ԴիջիԹեքը մեզ ճանաչեց տարվա նորարար ընկերություն:

ԱՌՔԱ՝ Ի՞նչ է նախատեսում Ամերիաբանկն իր գործունեության հետագա նորարարական փոխակերպման համար:

Ա. Համբարձումյան՝ Մենք շարունակելու ենք զարգացնել հեռակառավարվող բանկային ծառայությունները, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այլ խոշոր բանկերի համեմատ մեր մասնաճյուղային ցանցն այնքան էլ մեծ չէ: Սակայն փաստը մնում է փաստ, որ Ամերիաբանկի համար առաջնային տեղ են զբաղեցնում սպասարկման այլընտրանքային ուղիները: Դա միայն մոբայլ բանկինգը չէ, դա նաև ինքնասպասարկման գործիքների ամբողջական ընտրանին է, ներառյալ լրիվ ինքնասպասարկման սկզբունքով գործող մասնաճյուղերը: Զարգացման մեկ այլ ուղղություն է մեր դերի մեծացումն իրական ու վիրտուալ վճարումների, քարտերի և վճարային ենթակառուցվածքների շուկայում: Վերջերս ներդրվել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս բանկի ինտերնետային կայքից ակնթարթային փոխանցումներ կատարել Visa, Master և Arca վճարային համակարգերի ցանկացած քարտից Ամերիաբանկում բացված հաշվին կամ քարտին: Սա արժանի այլընտրանք է արագ դրամական փոխանցումների, երբ արտերկրում բնակվող ընկերները և հարազատները կարող են աշխարհի ցանկացած կետից դրամական փոխանցումներ ուղարկել Ամերիաբանկի հաճախորդներին՝ առանց տնից դուրս գալու:
Մենք անելու ենք հնարավոր ամեն բան, որ բոլոր նոր ծառայություններն առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով հասանելի դառնան Հայաստանում մեր բոլոր հաճախորդներին, իսկ Ամերիաբանկը դառնա շուկայի այն հիմնական մասնակիցը, որը կապահովի դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքը: Իհարկե, մեր շուկան փոքր է, և որոշ բաներ մեզ կհասնեն շատ ուշ, քանի որ խոշոր համաշխարհային շուկաների համար Հայաստանն առայժմ այնքան էլ գրավիչ չէ ներուժի առումով:

ԱՌՔԱ՝ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր տեխնոլոգիապես լավ հագեցած բանկի մրցակցային առավելությունը:

Ա. Համբարձումյան՝ Կարևորագույն մրցակցային առավելությունը կունենա այն բանկը, որը կապահովի լուրջ և առաջադեմ ՏՏ լուծումներ: Կա կարծիք, որ բանկերը վերածվում են ՏՏ-ընկերությունների: Դրա համար մենք այսօր փորձում ենք գտնել մեր տեղեկատվական և տեխնոլոգիական ենթակառուցվածքի բոլոր այն այլընտրանքային լուծումները, որոնք կապահովեն ճկունություն, թույլ կտան ժամանակին արձագանքել հաճախորդների պահանջներին և ավելացնել բիզնեսի մասշտաբը: Եվ ուրեմն այն բանկերը, որոնք այսօր մեծ ուշադրություն են դարձնում ՏՏ և նորամուծությունների ոլորտում ներդրումներին, երկարաժամկետ հեռանկարում առավելություն կունենան: 


Շատ կարևոր է, որ բանկային համակարգի նորամուծությունները չընկալվեն սոսկ հաճախորդների սպասարկման համատեքստում: Երբ ասում ենք նորարարական փոխակերպում, նկատի ունենք, որ այն վերաբերում է նաև բանկի ներքին համակարգերի տեխնոլոգիական զարգացմանը, կառավարման մեթոդներին և բիզնես-գործընթացներին, որոնք իրենց հերթին որոշում են բանկի արդյունավետության աստիճանը:

ԱՌՔԱ՝ Կարո՞ղ է արդյոք օրենսդրական կարգավորումը նպաստել բարձր տեխնոլոգիական բանկերի զարգացմանը:

Ա. Համբարձումյան՝ Կարգավորող մարմինը պետք է աջակցի այդ գործընթացին: Սկսած 2015թ. հունվարից՝ ՀՀ ԿԲ աստիճանաբար խստացնում է նորմատիվային կապիտալի պահանջները (համաձայն Բազել III-ի): 2018թ-ից բոլոր ոչ նյութական ակտիվները, այդ թվում՝ ՏՏ ներդրումները, նվազեցվելու են նորմատիվային կապիտալից: Իսկ եթե հաշվի առնենք, որ նվազագույն նորմատիվային կապիտալի շեմը բարձրացվել է մինչև 30 մլրդ ՀՀ դրամ, փոքր բանկերի՝ ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու հնարավորություններն էլ ավելի են սահմանափակվում: Որքան էլ այս նոր պահանջը համապատասխանի բանկային կարգավորման միջազգային փորձին, մեր շուկայում այն չի նպաստի տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների աճին: Կարծում եմ՝ կարգավորող մարմինն այնուամենայնիվ կարող է գտնել խրախուսման որոշակի մեթոդներ և ձևեր: Հարցը ոչ միայն տեղական շուկան է, այլ բանկերի հնարավորությունը՝ մասնակցելու հանուն հաճախորդի ծավալվող համընդհանուր մրցակցությանը, քանի որ բանկային գործունեությունը վաղուց արդեն գլոբալ բնույթ ունի: Իսկ դրա համար հարկավոր է ունենալ համապատասխան տեխնոլոգիական լուծումներ: Իհարկե, կարգավորումը տեխնոլոգիական զարգացման ամենակարևոր կողմը չէ, բայց այն կարող է ինչպես զսպել ներդրումների աճը, այնպես էլ նպաստել դրանց ներհոսքին: