18Փտվ
Բանկային համակարգը արդյունավետության բարձրացման խնդիր ունի. Տիգրան Ջրբաշյան
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանկային համակարգի արդյունավետության ցուցանիշն այսօր բավականին ցածր է, հետևաբար բանկերի հետագա զարգացումը պայմանավորված է լինելու արդյունավետության բարձրացմամբ: Արդյունավետության ցածր ցուցանիշով բանկերի համար բարդ է լինելու կապիտալի ներգրավումը և մրցակցությանը դիմակայելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` ներկայացնելով Հայաստանի բանկային համակարգի ցուցանիշները 2014 թվականի ընթացքում: Առաջին անգամ ներկայանալով նոր ձևաչփով` «Ամերիաբանկ»-ի ղեկավարությունն ամփոփեց վերջին 3 տարիների ընթացքում ոչ միայն իրենց բանկի, այլ ողջ բանկային համակարգի գրանցած արդյունքները:
«Ընդհանուր առմամբ, անցյալ 3 տարում համակարգը զարգացել է էքստենսիվ ձևով: Ակտիվ վարկավորումն ուղղորդվել է եկամտաբերության նվազմամբ, ինչի մասին վկայում են մի քանի կարևոր ֆինանսական ցուցանիշներ: Այստեղ ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է շուրջ 75.8 տոկոս, իսկ ավանդներ/ՀՆԱ հարաբերությունը` ավելի քան 37 տոկոս: Դրանով մենք դեռ զիջում ենք շատ երկրների, թեև որոշակի աճ նկատվում է: Մեր ակտիվներն ավելի քիչ շահութաբեր են, քան այլ երկրներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջրբաշյանը:
«Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրենը հայտնեց, որ կապիտալ ներգրավելու համար կարևորագույն համարվող ցուցանիշը` կապիտալի եկամտաբերությունը նույնպես Հայաստանում ցածր մակարդակի վրա է: «Եթե մեր հարևան երկրները երկնիշ թվերի մասին են խոսում, Հայաստանում դա միայն 6.9 տոկոս է: Հայաստանում բանկերի ծախսերը «ուտում են» եկամուտների մեծ մասը, իսկ բանկերը որքան մեծանում են, այնքան նվազում են ծախսերը, որը բնական է, քանի որ այդ պարագայում ծախսերը դառնում են ավելի արդյունավետ»,- ընդգծեց նա:
Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց, որ բանկային համակարգը Հայաստանում վերջին 3 տարիների զարգացման տեմպերով առաջ է անցել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զարգացման տեմպերից, ինչի արդյունքում բանկերը դուրս են եկել հետաքրքիր ցուցանիշների` ի տարբերություն ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների: «Երբ ենք նայում ենք ամենակարևոր ցուցանիշը, որը ցույց է տալիս բանկային համակարգ դերակատարումը տնտեսության մեջ (վարկեր/ՀՆԱ ցուցանիշը), 2012 թվականին Հայաստանը զիջում էր երկրների մեծ մասին, իսկ 2014 թվականի արդյունքում արդեն ունենք 47.7 տոկոս ցուցանիշ: Համեմատություն համար ասեմ, որ դա մոտ է Ռուսաստանի ցուցանիշին և առաջ է անցնում Վրաստանի ցուցանիշից»,- նշեց նա:
Ջրբաշյանը հայտնեց, որ ի տարբերություն Վրաստանի, որտեղ երկու խոշոր բանկերը գրավում են բանկային շուկայի գրեթե 80 տոկոսը, Հայաստանում առաջին 5 բանկերը միասին գրավում են համակարգի միայն 46 տոկոսը:
www.armenpress.am