Ամերիաբանկը OFID-ի տրամադրած 20 մլն ԱՄՆ դոլարի վարկը կուղղի ՓՄՁ-ների զարգացմանը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Հնս

Ամերիաբանկը OFID-ի տրամադրած 20 մլն ԱՄՆ դոլարի վարկը կուղղի ՓՄՁ-ների զարգացմանը

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (OPEC Fund for International Development (OFID)) և Ամերիաբանկը ստորագրեցին պայմանագիր 20 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով և ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի 35-40%-ը:
Նշենք, որ նման ծավալի միանվագ ֆինանսավորմամբ OFID-ն առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում: 

«Ամերիաբանկը բարձր է գնահատում OFID-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը: Ֆինանսավորման նոր միջոցների ներգրավումը մեզ հնարավորություն կտա մեծացնել ՓՄՁ-ների վարկավորման ծավալները, կապահովի երկարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ներ համար, ինչն էապես կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը»,-նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: 

Ամերիաբանկն ընդլայնելով համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ` արդյունավետ համագործակցության արդյունքում ներգրավել է 320մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ: