Այն ամենը, ինչ կցանկանաք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին (մաս 2) - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
07Հնս

Այն ամենը, ինչ կցանկանաք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին (մաս 2)

«Այն ամենը, ինչ կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին» (մաս 1-ին) «Ամերիաբանկ» ՓԲԸ Տարածքային ստորաբաժանումների կառավարման վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի և նախագծի ղեկավար Օֆելյա Մարտիրոսյանի հետ զրույցը՝ այստեղ:

Ինչպե՞ս միջոցներ տնտեսել և զարգացնել բիզնեսը:

Մենք շարունակում ենք զրուցել վարկերի վերաֆինանսավորման մասին, և այսօր «Ամերիաբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Գևորգյանը կպատմի այն մասին, թե ինչ հնարավորություններ է ստեղծում Ամերիաբանկի առաջարկը փոքր և միջին բիզնեսի համար:

Փոքր և միջին բիզնեսը միշտ մեր «թույլ օղակն» է եղել, իսկ ներկայիս ճգնաժամային իրավիճակում փոքր և միջին բիզնեսի վիճակն ավելի է վատթարացել, hատկապես եթե կան չմարված ֆինանսական պարտավորություններ: Ի՞նչ կարող եք առաջարկել ձեռնարկատերերին:

Ես փոքր և միջին բիզնեսը կբնութագրեի որպես ամենազգայուն օղակը, որի վրա անմիջապես անդրադառնում են տնտեսության և ֆինանսական իրադրության բոլոր փոփոխությունները: Այդ իսկ պատճառով փոքր և միջին բիզնեսի համար շատ կարևոր են ֆինանսական միջոցների հասանելիությունն ու ոչ ստանդարտ որոշումների կիրառումը: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ ստեղծված բարդ տնտեսական պայմաններում փոքր և միջին բիզնեսի վիճակը վատթարացել է: Միևնույն ժամանակ վարկային պրոդուկտների նկատմամբ փոքր և միջին բիզնեսի պահանջարկը պահպանվում է, և դա ոչ թե ճգնաժամի հետևանք է, այլ տվյալ ոլորտի առանձնահատկություն: Փոքր և միջին բիզնեսը միշտ աճի ներուժ ունի, և գոյություն ունեն բիզնեսի համեմատաբար կարճաժամկետ պահանջներ, ուստի մշտապես անհրաժեշտություն կա բանկային և հատկապես վարկային պրոդուկտների: Այստեղ կարևոր է ճիշտ օգտագործել բանկային պրոդուկտները: Մենք միշտ պատրաստ ենք օգնել հաճախորդներին կայացնել համապատասխան որոշում, կողմնորոշվել պրոդուկտի տեսակի և ժամկետների հարցում, անհրաժեշտության դեպքում մշակել հաճախորդի բիզնեսին համապատասխան ոչ ստանդարտ լուծումներ:


Ամերիաբանկի կողմից իրականացվող արշավի շրջանակներում դուք ձեռնարկատերերին առաջարկում եք այնպիսի վարկային պրոդուկտ, ինչպիսին բիզնես-վարկերի վերաֆինանսավորումն է: Արդյո՞ք ձեր առաջարկն այնքան շահավետ է, որ իմաստ ունի հաճախորդը կրկին անցնի վարկի ձևակերպման ողջ գործընթացի միջով և ժամանակ ծախսի դրա համար:

Միանշանակ այո: Բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում նշված պրոդուկտը: Բիզնես-վարկերի վերաֆինանսավորումը հնարավորություն է տալիս այլ բանկերում վարկեր ունեցող հաճախորդներին տեղափոխել իրենց վարկերն Ամերիաբանկ առավել շահավետ պայմաններով: Ընդ որում, Բանկն է իրականացնում գրավադրված գույքի գնահատման ծախսը, նոտարական վավերացման և կադաստրային վճարումները: Հաճախորդը նաև ազատվում է վարկի տրամադրման և սպասարկման վճարներից: Վարկային հայտի ուսումնասիրության ընթացքում Բանկն ուսումնասիրում է հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները, բիզնեսի առջև ծառացած խնդիրները և ապա առաջարկում օպտիմալ լուծումներ, որոնք վերաբերում են ոչ թե վարկի մարման հարմարությանը (չնայած՝ այս հարցը ևս լուծվում է), այլ հենց իրավիճակին` կապված բիզնեսի զարգացման հետ: Այնպես որ ժամանակը ծախսվում է տեղեկություններ հավաքելու, բիզնեսի հետ կապված ընթացիկ և կանխատեսվող խնդիրները հասկանալու, հաճախորդի վարկունակությունը գնահատելու և այլ հարցերի համար: Մենք կենտրոնանում ենք բազային ցուցանիշների վրա, որոնք կարևոր են բիզնեսի պահպանման և զարգացման համար: Վարկավորման պարագայում դրանք ժամկետները, տոկոսադրույքներն են, ճիշտ ընտրված պրոդուկտը: Եվ վարկի վերաֆինանսավորման ժամանակ Ամերիաբանկում պայմանները վերանայվում են հօգուտ հաճախորդի:

Հաճախորդների շրջանում սովորաբար կասկած են առաջացնում բանկերի կողմից հայտերի վերաբերյալ որոշումների կայացման ժամկետները…

Վստահեցնում եմ Ձեզ, որ Ամերիաբանկում բոլոր գործընթացները կազմակերպվում են առավելագույնս սեղմ ժամկետներում, թղթաբանության հետ կապված քաշքշուկը բացառվում է, և եթե հաճախորդը տրամադրում է անհրաժեշտ ինֆորմացիան, ապա սահմանված ժամկետում ստանում է պատասխանը:

Ես նաև կցանկանայի հրավիրել Ձեր ուշադրությունն այն փաստի վրա, որ վարկը վերաֆինանսավորելու իմաստ կա ոչ միայն մարումների հետ կապված դժվարությունների դեպքում: Եթե վարկառուն առանց որևէ խնդրի սպասարկում է վարկն այլ բանկում, սակայն առկա է սեփական ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու տարբերակ, ինչո՞ւ չօգտվել դրանից: Նշված սխեման լայն կիրառում ունի արտասահմանյան շուկաներում, որտեղ վարկառուներն օգտագործում են վարկի ողջ ներուժը: Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոքր և միջին բիզնեսն այն բնագավառն է, որտեղ ցանկացած ռեսուրս, լինի դա ժամանակային, թե ֆինանսական, անդրադառնում է բիզնեսի զարգացման վրա: Մեր առաջարկը ձեռնարկատիրոջը հնարավորություն է տալիս ավելի քիչ միջոցներ ծախսել վարկի մարման համար և ազատված միջոցներն ուղղել բիզնեսի հետագա զարգացմանը:

Նախատեսո՞ւմ է արդյոք Ձեր առաջարկը մարումների ճկուն ժամանակացույց: Կա՞ արդյոք հնարավորություն միավորել մի քանի վարկ մեկում՝ մարումների գործընթացը պարզեցնելու համար:

Մենք միշտ մանրակրկիտ ուսումնասիրում ենք մեր հաճախորդների բիզնեսի առանձնահատկությունները: Կարող եմ ասել, որ ընկերությունների տարբեր լինելը, նույնիսկ այն ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության միևնույն բնագավառում, փոքր և միջին բիզնեսի գլխավոր առանձնահատկություններից մեկն է: Անհրաժեշտության դեպքում մենք հաճախորդներին առաջարկում ենք մարումների ճկուն ժամանակացույց՝ կախված ֆինանսական հոսքերի սեզոնայնությունից: Պարզ է, իհարկե, որ եթե խոսքն ամառային սրճարանի մասին է, ապա հիմնական ֆինանսական հոսքերը ստացվում են ամռան ամիսներին, հետևաբար, ավելի ճիշտ է վարկային ծանրաբեռնվածությունը բաշխել այնպես, որ վարկի մեծ մասը մարվի հենց այդ ժամանակաշրջանում: Շատ հաճախ մարումների ճկուն ժամանակացույցի առաջարկով հանդես է գալիս հենց Բանկը, այլ ոչ թե վարկառուն, քանի որ փոքր և միջին բիզնեսի ոլորտի շատ ձեռնարկատերեր չեն էլ պատկերացնում, որ այդպիսի հնարավորություն կա: Ինչ վերաբերում է վարկերի միավորմանը, դրա համար Ամերիաբանկում որևէ խոչընդոտ չկա: Բայց նախքան որոշում կայացնելը, իհարկե, անհրաժեշտ է ուսումնասիրել վարկերի պայմանները, նպատակները, որպեսզի հասկանալ մի քանի վարկ մեկում միավորելու նպատակահարմարությունը:


Վարկերի վերաֆինանսավորում առաջարկում են նաև այլ հայկական բանկեր: Ո՞րն է վարկն Ամերիաբանկում վերաֆինանսավորելու հիմնական առավելությունը:

Առաջին հերթին, վերաֆինանսավորման մեր առաջարկը շատ մրցակցային պրոդուկտ է թե՛ վարկի ժամկետի, թե՛ մարումների ժամանակացույցի և թե՛ տոկոսադրույքների տեսանկյունից: Բացի այդ, ես բոլոր հաճախորդներին խորհուրդ կտայի մանրամասն ուսումնասիրել բոլոր պայմանները՝ անկախ նրանից, թե դիմում են վարկի վերաֆինանսավորման կամ թե պարզապես նոր վարկ ստանալու համար, չգայթակղվել միայն գովազդվող տոկոսադրույքով, ճշտել, օրինակ, վարկի սպասարկման վճարի չափը, որը կարող է էապես ավելացնել փաստացի տոկոսադրույքը: Ինչպես ես արդեն նշեցի, մենք հոգում ենք հաճախորդի վարկը մեր բանկ տեղափոխելու հետ կապված գրեթե բոլոր ծախսերը: Այսպիսով, մեր դեպքում հայտարարված տոկոսադրույքը հազիվ թե տարբերվի փաստացի տոկոսադրույքից: Թերևս մեր գլխավոր առավելությունը, անկախ իրականացվող արշավներից, միշտ ուղղվածությունն է դեպի հաճախորդը և հաճախորդների կարիքների բավարարումը փաթեթային լուծումների միջոցով:
Թե՛ վարկերի վերաֆինանսավորման և թե՛ նոր վարկերի դեպքում մենք միշտ մշակում ենք հաճախորդի համար առավել շահավետ տարբերակ, որը մեկ փաթեթում կարող է համադրել բանկային այնպիսի պրոդուկտներ, որոնք կիրառվում են բիզնեսի խնդիրների լուծման տարբեր փուլերում: Այսինքն ձևավորվում է «վարկային զամբյուղ», որում կարող են ընդգրկվել այնպիսի պրոդուկտներ, ինչպիսիք են վարկը, վարկային գիծը, ակրեդիտիվը, ֆակտորինգը, բանկային երաշխիքը, գնման պատվերի ֆինանսավորումը և այլն: Բնականաբար, մենք ունենք ստանդարտ պայմաններ, որոնց համաձայն մենք տրամադրում ենք ֆինանսական ռեսուրսներ, բայց նշված ստանդարտների շրջանակներում մենք ամեն անգամ կառուցում ենք վարկ կամ առաջարկների փաթեթ՝ յուրաքանչյուր վարկառուի համար փաստացի ստեղծելով նոր պրոդուկտ և նոր լուծում: Երբ հաճախորդը տեսնում է, որ մեր առաջնահերթ խնդիրը ոչ թե անմիջապես առավելագույն շահույթ ստանալն է, այլ հաճախորդի բիզնեսի աճի համար պայմաններ ստեղծելը, հենց այդ ժամանակ էլ ստեղծվում են փոխշահավետ գործընկերական հարաբերություններ:

Շնորհակալություն պրն Գևորգյան: Կարծում եմ՝ ձեռնարկատերերն ըստ արժանվույն կգնահատեն Ամերիաբանկի առաջարկը:

Վաղը մենք կզրուցենք ոչ պակաս հետաքրքիր մի թեմայի շուրջ: Կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսել գումարը, ժամանակը ու խնայել նյարդերը՝ կպատմենք սպառողական վարկերի վերաֆինանսավորման մասին: 

Աղբյուրը՝ tert.am