Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի Աշխատակիցների համալրման և ադապտացման խմբի գլխավոր մասնագետ-խմբի ղեկավար Օֆելյա Քամալյանի, Սան Ֆրանցիսկոյում Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցչության (AIWA-SF Armenian International Women's Association San Francisco Affiliate) հիմնադիր և խորհրդի անդամ Գայանե Խաչատրյանի և Սան Ֆրանցիսկոյում Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցչության գործադիր խորհրդի անդամ Սյուզաննա Խաչատրյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը:
«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի ներկայիս աշխատաշուկան: Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել աշխատաշուկայում բանկերի խոշորացման գործընթացից հետո:
Օ. Քամալյան. Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի աշխատաշուկան միշտ ակտիվ և դինամիկ է եղել: Վերջերս Հայաստանի բանկային համակարգում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ (խոսքը մասնավորապես բանկերի խոշորացման գործընթացի մասին է), որոնք անդրադարձան նաև աշխատաշուկայի վրա: Եթե հաշվի առնենք, որ նշված գործընթացի արդյունքում շուկայում գործող 21 բանկից մնաց 17-ը, պարզ է դառնում, որ բանկային համակարգի աշխատակիցների մի զգալի մաս կորցրեց աշխատանքը, ինչն իր հերթին որակապես ազդեց շուկայում տիրող իրավիճակի վրա: Աշխատանք են փնտրում ոչ միայն սկսնակ մասնագետները, այլև բանկային համակարգում փորձառու մարդիկ: Հետևաբար, մեր՝ գործատուներիս համար բարձրակարգ և փորձառու մասնագետներ ընտրելու լայն հնարավորություն ստեղծվեց: Ի դեպ, բանկերի քանակի կրճատումն ամենևին էլ չի նշանակում բարձրակարգ մասնագետների պահանջարկի կրճատում: Այն բանկերը, որոնք շուկայում տիրող ճգնաժամն օգտագործում են որպես բիզնեսի զարգացման և սեփական դիրքերն ամրապնդելու հնարավորություն, հետաքրքրված են որակյալ կադրերով:
«ԱՌԿԱ». Վերջին տարիներին բանկային համակարգն ավելի տեխնոլոգիական ուղղվածություն է ձեռք բերել: Ի՞նչ նոր թափուր հաստիքներ են հայտնվել բանկում վերջին տարիների ընթացքում, և ինչպիսի՞ մասնագետների պահանջարկ կա այսօր:
Օ. Քամալյան. Բանկային տեխնոլոգիաների և հեռահար բանկային ծառայությունների զարգացումը, թերևս, բանկային համակարգի աշխատաշուկայի վրա անխուսափելիորեն անդրադարձող ևս մեկ տենդենց է, որը թափ է հավաքում հատկապես զարգացած երկրներում. փոփոխվում է անձնակազմի հմտությունների և քանակի պահանջարկը, գնալով աճում է բանկերի շրջանում ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկը: Հայաստանում նշված գործընթացները դեռևս սկզբնական փուլում են և այս պահին գուցե հստակ տեսանելի չեն, սակայն դրանք արդեն իսկ դրսևորվում են բանկային համակարգում ՏՏ մասնագետների պահանջարկի աճի տեսքով:
Նշված գործընթացը կարելի է դիտարկել մեր բանկի օրինակով: Փոխակերպելով գործունեության գաղափարային հենքը՝ Ամերիաբանկն այժմ իրականացնում է թվային տեխնոլոգիաների ներդրման ռազմավարություն՝ ավանդական բանկային ծառայություններից անցում կատարելով թվային ծառայությունների: Այսօր մենք արդեն իսկ առաջարկում ենք հեռահար բանկային ծառայությունների լայն ընտրանի, ունենք ժամանակակից բանկոմատների զարգացած ցանց, որոնք թույլ են տալիս տարաբնույթ բանկային գործառնություններ իրականացնել, սակայն երբ ամբողջությամբ անցում կատարենք թվային բանկային գործառնություններին, սեփական միջոցներն ինքնուրույն (առանց բանկ այցելելու) կառավարելու հաճախորդների հնարավորությունները բոլորովին այլ հարթակ դուրս կգան: Այդ իսկ պատճառով այսօր մենք ջանում ենք ներգրավել հնարավորինս շատ մասնագետների, ովքեր ունեն ՏՏ ոլորտի կրթություն և կարող են իրականացնել բանկի գործունեության թվայնացումը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նշել, որ մենք հայտարարել ենք մրցույթ թվային բանկինգի ղեկավարի թափուր աշխատատեղի համար և այժմ ուսումնասիրում ենք թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից ստացված հայտերը: Մեզ անհրաժեշտ է հմուտ մասնագետ, ով կկարողանա իրագործել բանկի ռազմավարական համարձակ ծրագրերը:
«ԱՌԿԱ». Ի՞նչ բարդությունների է հանդիպում բանկն այսօր աշխատող փնտրելիս և ինչպե՞ս եք դուք ընդհանուր առմամբ հաղթահարում այդ դժվարությունները:
Օ. Քամալյան. Աշխատակիցներ ներգրավելու խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկը բարձր է հենց Հայաստանի ՏՏ ոլորտում, որը մեզ մոտ շատ զարգացած է: Բացի այդ, ՏՏ ոլորտի բազմաթիվ մասնագետներ փորձում են աշխատանք գտնել արտերկրում, ուստի Հայաստանում նշված մասնագետների պակաս կա: Այդ պատճառով առկա թափուր աշխատատեղերի համար մենք դիտարկում ենք ոչ միայն Հայաստանից, այլև սփյուռքից ստացված հայտերը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մենք արդեն ունենք արտերկրից աշխատակից ներգավելու փորձ:
Կցանկանայի նշել, որ բանկն իրականացնում է բազմապլանային կադրային քաղաքականություն: Մենք մեզ համար արհեստական սահմանափակումներ չենք ստեղծում: Այո, Ամերիաբանկը ձգտում է ներգրավել շուկայում առկա լավագույն մասնագետներին: Մեզ մոտ աշխատել ցանկացողների թիվն ավելի քան բավարար է: Միջինում բանկը տարեկան ունենում է 70 թափուր աշխատատեղ: Մեկ թափուր աշխատատեղի համար մենք ստանում ենք 300-350 հայտ և, բնականաբար, ընտրում լավագույններին: Միևնույն ժամանակ համաձայն Ամերիաբանկի կադրային քաղաքականության՝ մենք ընտրում ենք զարգացման մեծ ներուժ ունեցող երիտասարդ մասնագետների և ինքներս էլ սովորեցնում ենք նրանց: Մենք կարծում ենք, որ առանձնահատուկ կորպորատիվ մշակույթ ունեցող իրական ուժեղ թիմ ստեղծելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես հմուտ, այնպես էլ սկսնակ երիտասարդ մասնագետների: Մեր աշխատակիցների 52%-ը 25-ից 35 տարեկան մարդիկ են, իսկ 14%-ը՝ 25-ից ցածր տարիքի: Մեր թիմը շատ երիտասարդ ու եռանդուն է: Բանկն իրականացնում է «Ամերիա սերունդ» ծրագիրը, որը թույլ է տալիս ներգրավել 20-25 տարեկան նպատակասլաց երիտասարդ մասնագետների: Այս տարի մենք իրականացնում ենք թվով յոթերորդ «Ամերիա սերունդ» ծրագիրը: Ծրագրի իրականացման արդյունքում մեր թիմը հաջողությամբ համալրվել է մոտ 150 երիտասարդ մասնագետներով: Մենք Հայաստանի առաջատար բուհերի հատ համագործակցության երկարատև փորձ ունենք, ներգրավում և ուսուցանում ենք Հայաստանի բուհերի տնտեսագիտական և ֆինանսական ֆակուլտետների լավագույն ուսանողներին: Ամեն տարի մոտ 100 ուսանող հնարավություն է ստանում ուսումնական պրակտիկան անցնել Ամերիաբանկում:
Մենք շատ ենք կարևորում հայրենադարձության հարցը և շահագրգռված ենք արտերկրում կրթություն ստացող երիտասարդների Հայաստան վերադառնալով: Այս նպատակով Ամերիաբանկն ակտիվորեն համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են հայրենադարձության հարցերով: Մենք համագործակցում ենք «Դեպի Հայք» (Birthright Armenia) կազմակերպության հետ, որը թույլ է տալիս արտերկրում ուսում ստացող ուսանողներին ինտեգրվել Հայաստանում և «Լույս» հիմնադրամի հետ: Վերջերս մենք սկսեցինք համագործակցել նաև «Սան Ֆրանցիսկոյում Հայ կանանց միջազգային ասոցիացիա» (AIWA-SF Armenian International Women's Association San Francisco Affiliate) ոչ առևտրային կազմակերպության հետ:
«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք մոտիվացնում ձեր աշխատակիցներին:
Օ. Քամալյան. Մենք ջանում ենք դառնալ շուկայի լավագույն գործատուն և հետևում ենք մեր յուրաքանչյուր աշխատակցի համար մասնագիտական աճի հնարավորություն ստեղծելու կանոնին: Մենք հասկանում ենք խթանման համակարգի կարևորությունը. որքան ուժեղ են խթանները, այնքան բարձր է նվիրվածությունը Բանկի առաքելությանն ու խնդիրներին: Ներկայումս Ամերիաբանկում գործում է աշխատակցիների համար նախատեսված արտոնությունների փաթեթ, որով սահմանված են հատուկ պայմաններ բանկային գործառնությունների համար, ինչպես նաև ապահովագրական ծառայությունների փաթեթ, ստեղծված է մասնագիտական վերապատրաստման և ուսուցման հնարավորություն, գործում են նաև բազմաթիվ այլ արտոնություններ: Բանկում գործում է կադրային սանդղակով բարձրանալու ճկուն քաղաքականություն: Ամերիաբանկը բաց է իր աշխատակիցների հետ հարաբերություններում, այդ իսկ պատճառով նրանք միշտ բարձրացնում են իրենց հուզող հարցերը և նախաձեռնողականություն դրսևորում: Մեզ համար ողջունելի է նոր գաղափարներ ներդնելու նորեկների ազատությունը, և ինքներս էլ պատրաստ ենք անընդհատ փոխակերպվել՝ ժամանակի պահանջներին համապատասխան:
«ԱՌԿԱ». Կցանկանայինք հարց ուղղել նաև Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հիմնադիրներին: Ինչո՞վ է զբաղվում Ձեր կազմակերպությունը և որքա՞ն ժամանակ եք աշխատում Հայաստանում:
Գ. Խաչատրյան. Հայ կանանց միջազգային ասոցիացիան հիմնվել է երեք հայ կանանց կողմից Բոստոնում 1991թ-ին: Հետագայում բացվել են ասոցիացիայի ներկայացուցչությունները Լոս-Անջելեսում, Սան-Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Նյու-Ջերսիում, Նոր Անգլիայում, Դեթրոյիթում, Հայաստանում ևԱրգենտինայում:
Այսօր Հայ կանանց միջազգային ասոցիացիան մեծ ներդրում ունի հայ կանանց նոր սերնդի զարգացման գործում: Մեր նպատակն է օգնել նրանց հավատալ սեփական ուժերին, գիտակցել իրենց յուրահատուկ առաջնորդական հմտությունները, սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու հնարավորություն ստանալ և մասնակցել հասարակական կյանքի բոլոր ասպեկտներին: Մենք արդեն իսկ հաջողությամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ աջակցություն ենք տրամադրել կարիքավոր ընտանիքների աղջիկներին՝ Երևանում գործող երեխաների աջակցության «Նաղաշյան» կենտրոնի կողմից իրականացվող «Մեր հույսը» ծրագրի միջոցով: Ծրագրի շրջանակներում երեխաները կրթություն ստանալու հնարավորություն են ձեռք բերել: Մենք համագործակցում ենք Հայաստանում գործող կանանց ռեսուրսային կենտրոնի հետ. երիտասարդ կին մասնագետներին հնարավորություն ենք տալիս աշխատանք ստանալ, իսկ դեռահաս աղջիկների համար դասընթացներ ենք կազմակերպում: Կանանց աջակցության կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում աջակցություն է տրամադրվել ընտանեկան և սեռական բռնության ենթարկված անձանց: Մենք նաև հովանավորել ենք Դսեղ գյուղում անգլերեն լեզվի ուսուցման ծրագիրը, որը ոչ միայն երիտասարդներին անգլերեն սովորելու հնարավորություն տվեց, այլև թույլ տվեց գյուղի ուսուցչուհուն զբաղվել սիրելի գործով: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հետ համատեղ կազմակերպվել են դասընթացներ Հայաստանի գյուղական համայնքներում առողջապահության ոլորտի աշխատակիցների համար, մշակվել է ուսումնական ծրագիր Երևան քաղաքի «Ավետիսյան» ավագ դպրոցի աշակերտուհիների համար: Եվ վերջապես Հայ կանանց միջազգային ասոցիացիայի բոլոր կառույցները նպաստում են կանանց ձեռներեցության ծրագրի ընդլայնմանն ու զարգացմանը: Այս ծրագիրը հիմնվել է ավելի քան 10 տարի առաջ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է կանանց տալ հենակետային հմտություններ ու գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանում հաջողությամբ բիզնես վարելու համար:
«ԱՌԿԱ». Ի՞նչ ուղղություններով եք համագործակցում Ամերիաբանկի հետ, և հետագա համագործակցության ինչպիսի՞ ծրագրեր կան:
Ս. Խաչատրյան. Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ Սան-Ֆրանցիսկոյում սիլիկոնի հարթավայրում իրականացվող շրջագայության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում նշված բաժնի և Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների միջև: Մենք զրուցեցինք և շփման ընդհանուր եզրեր գտանք: Պարզվեց, որ մեր նպատակները համընկնում են, և մենք որոշեցինք համագործակցել: Չնայած այն փաստին, որ մեր համագործակցությունն սկսվել է բոլորովին վերջերս, այն արդեն իր արդյունքն է տվել. Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողուհիներից մեկը, ում ուսումը հովանավորում էր Հայ կանանց միջազգային ասոցիացիան, ընդունվել է Ամերիաբանկ որպես ուսնակ: Հույս ունենք, որ նա կկարողանա դրսևորել իրեն և հաջողության հասնել:
Հայ կանանց միջազգային ասոցիացիայի, Ամերիաբանկի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության նպատակն է կրթաթոշակների հատկացման միջոցով ուսանողներին հնարավորություն տալ արևմտյան որակյալ կրթություն ստանալ Հայաստանում և ուսումնական պրակտիկան անցնել Ամերիաբանկում: Վերջնական նպատակն է օգնել հեռանկարային ուսանողուհիներին ձեռք բերել կարևորագույն գործնական հմտություններ մասնագիտական ասպարեզում, հաջողությամբ դրսևորել իրենց ուսումն ավարտելուց հետո և որ ամենակարևորն է, հետագայում օգտագործել առաջնորդելու և ղեկավարելու իրենց հմտությունները Հայաստանում իրենց հայրենի քաղաքների և ընդհանրապես հանրության կյանքի բարելավմանը նպաստող առանցքային որոշումներ կայացնելիս:
«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն են Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետագա ծրագրերը:
Գ. Խաչատրյան. Նախատեսում ենք շարունակել աշխատել մեր նպատակային ծրագրերի ուղղությամբ՝ աջակցելով կանանց կրթություն ստանալու և աշխատանք գտնելու հարցում: Բացի այդ, կշարունակենք փնտրել նոր գործընկեր՝ մեր ծրագրերն իրականացնելու համար: Կարծում ենք, որ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը ամենաարդյունավետն են Հայաստանում, քանի որ թույլ են տալիս փոխել մարդկանց գիտակցությունը, օգնում են նրանց դառնալ ինքնուրույն և կայանալ որպես մասնագետ: