Ամերիաբանկն արժանանում է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Հլս

Ամերիաբանկն արժանանում է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին

IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհեց «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակը:

Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Մենք կարևորում ենք այս մրցանակը և բարձր ենք գնահատում IFC-ի հետ մեր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք դեռևս 2009թ-ից և շնորհիվ դրա կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը՝ խթանելով տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը: Վստահ ենք, որ այս տարի ևս աճը զգալի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք Fitch Ratings-ի՝ հունիսին Հայաստանի համար սահմանած վարկանիշի դրական հեռանկարը»: 

Նշենք, որ սա թվով երրորդ մրցանակն է, որ IFC-ն շնորհում է Ամերիաբանկին: Նախկինում բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ վարկավորող բանկը կովկասյան տարածաշրջանում» մրցանակին և «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետության գծով լավագույն վարկավորող բանկ՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» մրցանակին: 


Միջազգային ֆինանսական կորպորացիա 

Միջազգային ֆինանսական կորպորացիան Համաշխարհային բանկի քույր կազմակերպությունն է և Համաշխարհային բանկի խմբի անդամ: Այն աշխարհում զարգացման ֆինանսավորման խոշորագույն կազմակերպությունն է, որի թիրախային ոլորտը զարգացող շուկաների մասնավոր հատվածն է: Միջազգային ֆինանսական կորպորացիան համագործակցում է տարբեր երկրների ավելի քան 2,000 կազմակերպությունների հետ՝ օգտագործելով իր կապիտալը, փորձը և ազդեցությունը աշխարհի ամենադժվար տարածաշրջաններում նոր շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2017թ. Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ զարգացող երկրներին ուղղված ֆինանսավորումը հասավ ռեկորդային նիշի՝ 19.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, աղքատության դեմ պայքարին և ընդհանուր բարեկեցությանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ifc.org: