Նախորդ հինգ տարիներին Ամերիաբանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները առաջանցիկ աճի տեմպ են ցուցաբերել, որը միջինում կազմել է տարեկան 20%: Մի քանի ամիս առաջ դուք նշել էիք, որ բանկի ՓՄՁ պորտֆելը հինգ տարում եռապատկվել է: Արդյո՞ք 2019 թվականը նույնքան հաջող էր բանկի համար:
2019 թվականը շատ հաջող տարի էր Ամերիաբանկի համար: Մենք պահպանել ենք առաջատար դիրքերը և հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջինն ենք հայկական բանկերի մեջ: Մեր հաջողությունները գնահատել են նաև միջազգային կառույցները. 2019թ. Ամերիաբանկն արժանացավ Euromoney «Գերազանցության մրցանակին» որպես Հայաստանի լավագույն բանկ, ճանաչվեց Հայաստանի 2019թ. «Տարվա լավագույն բանկ» The Banker հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի վարկանիշը երկու չափանիշներով:
Բիզնեսի մանրածախ վարկավորման ոլորտում նույնպես մենք գրանցեցինք գերազանց արդյունքներ` տարեվերջին արձանագրելով ՓՄՁ վարկավորման պորտֆելի աճ 51%-ով: Բնականաբար, մենք չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերված արդյունքներով: Եթե հիշում եք, 2018թ. Ամերիաբանկը ներդրեց սքորինգային համակարգ, որը գործում է մինչև 10 մլն ՀՀ դրամ անգրավ ՓՄՁ վարկերի տրամադրման ժամանակ: 2019թ. վերջում մենք հանդես եկանք նոր առաջարկով. այժմ սքորինգային համակարգը կիրառվում է նաև ավելի խոշոր` մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնես-վարկերի հաստատման համար, որի համար վարկային մասնագետը լրացուցիչ տեղեկություններ է մուտքագրում համակարգ: Սա եզակի և շատ արդիական պրոդուկտ է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այս պրոդուկտի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գրավով ապահովվածությունը պահանջվում է միայն 10 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարի համար: Սա շատ կարևոր գործոն է` ՓՄՁ-ների համար վարկերի հասանելիությունն ապահովելու հարցում: Մենք մշտական կապի մեջ ենք փոքր և միջին ձեռնարկատերերի հետ և լավ գիտենք, թե որքան լուրջ է նրանց համար գրավի ապահովման խնդիրը: Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք լուծում տալ այս խնդրին: Այս պրոդուկտի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ համակարգն ավտոմատացված է, և որոշումները կայացվում են շատ արագ: Դա ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում սեղմ ժամկետներում ստանալ մեծ գումար` առանց խոշոր գրավի: Այս պրոդուկտի նկատմամբ պահանջարկի մասին խոսում են թվերը. 3 ամսվա ընթացքում ՓՄՁ սքորինգային վարկերի պորտֆելն աճել է 66% ով, իսկ սքորինգի հիման վրա տրամադրվող վարկերը կազմել են ընդհանուր մանրածախ բիզնես վարկերի տրամադրումների քանակի շուրջ 60%:
Ի՞նչ է այսօր կատարվում փոքր և միջին բիզնեսի հետ: Ի՞նչ միջոցներ եք պատրաստ ձեռնարկել ներկայիս պայմաններում ՓՄԲ-ին աջակցելու համար:
Հիմա բարդ ժամանակաշրջան է ՓՄՁ-ների համար: Նրանք ոչ միայն պետք է գոյատևեն ճգնաժամի պայմաններում, այլև սովորեն զարգանալ առցանց ծառայությունների գերակայության աշխարհում: Կարող եմ ասել, որ մենք միշտ կանգնած ենք եղել և կշարունակենք մնալ մեր հաճախորդների կողքին, պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն և նրանց հետ միասին հաղթահարել ճգնաժամի հետևանքները: Ամերիաբանկն առաջինը հայկական բանկերից հայտարարեց «վարկային արձակուրդի» մասին: Մենք փորձեցինք գործընթացը կազմակերպել` օգտագործելով հեռավար սպասարկման մեր բոլոր ուղիները, որպեսզի բացառենք հաճախորդների կողմից բանկ այցելելու անհրաժեշտությունը:
Կցանկանայի նշել, որ այժմ մենք նաև շատ ակտիվ համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի ներքո մենք նպատակային վարկեր ենք տրամադրում փոքր և միջին բիզնեսին աշխատավարձերի, հարկերի վճարման և այլ ծախսերի իրականացման համար: Ներկայիս իրավիճակում պակաս կարևոր չէ նաև այն գործոնը, որ գործընթացը գրեթե ամբողջությամբ իրականացվում է առցանց:
Ինչպե՞ս է զարգանում ՓՄԲ օնլայն-վարկավորման հարթակը: Որքա՞ն պահանջված է այն: Արդյո՞ք կորոնավիրուսի տարածման պայմաններում առցանց ծառայությունների պահանջարկը փոխվել է:
Այդ հարթակը նախկինում ևս պահանջարկ ուներ, իսկ հիմա, բնականաբար, պահանջարկը զգալիորեն աճել է: Հարթակը հաճախորդին հնարավորություն է տալիս առցանց ներկայացնել հայտը` կցելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առցանց ստանալ հայտի պատասխանը և վարկի հաստատման դեպքում ստանալ գումարը հաշվին: Ավելի խոշոր վարկերի դեպքում մեր մասնագետները կապ են հաստատում հաճախորդի հետ հեռախոսով, իսկ գործընթացի մնացած մասը` փաստաթղթերի ներկայացումը, պատասխանի ստացումը, իրականացվում է առցանց: Օնլայն վարկավորման հարթակը շատ կարևոր աշխատանքային գործիք է մեզ համար, և մենք կշարունակենք զարգացնել այն: Ընդհանուր առմամբ, առցանց ծառայությունների պահանջարկը մեծացել է: Մարդիկ աշխատում են զերծ մնալ առանց խիստ անհրաժեշտության բանկ այցելելուց, և մենք համամիտ ենք նրանց հետ: Մենք վերանայել ենք առցանց ծառայությունների սակագները, իսկ մի շարք ծառայությունների համար սահմանել ենք անվճար միամսյակ։ Ուրախալի է, որ բանկը վաղուց պատրաստ էր նման ձևաչափով աշխատանքի և առցանց տարբերակով բոլոր խնդիրների լուծմանը:
2019թ. մայիսին դուք նշել էիք, որ շուրջ երկու տարի աշխատում եք Agile մեթոդով` կարճ սպրինտներով: Արդյո՞ք այս միտումը պահպանվել է: Ինչու՞մն է կայանում ձեր Agile փիլիսոփայությունը, և ինչու՞ եք համարում, որ ձեր բիզնեսին այս աշխատելաոճն է համապատասխանում:
Մենք շարունակում ենք աշխատել Agile մեթոդով, համաձայն որի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կենտրոնանում են մեկ խնդրի վրա և կարճ սպրինտների ընթացքում ներկայացնում որակյալ լուծումներ: Մեր ինովացիաների դեպարտամենտը համակարգում է ամբողջ գործընթացը` համագործակցելով բիզնես-ստորաբաժանումների հետ: Այսպիսով, մենք սեղմ ժամկետներում ստանում ենք այնպիսի լուծումներ, որոնք մեզ թույլ են տալիս ապահովել լավագույն արդյունքները: Մենք մի շարք բանկային պրոդուկտներ մշակեցինք այս ձևաչափով և կշարունակենք աշխատել Agile ձևաչափով` հաշվի առնելով դրա բարձր արդյունավետությունը: Մենք սակավաթիվ հայկական բանկերից ենք, որոնք իրենց աշխատանքում կիրառում են այս մոտեցումը:
Ձեր կարծիքով, արդյո՞ք հայկական շուկայում կպահպանվի մրցակցությունը բանկերի միջև ՓՄՁ հատվածի համար:
Այո, կարծում եմ, այդ մրցակցությունը կպահպանվի նախ և առաջ փոքր և միջին բիզնեսի աջակցությանն ուղղված` ՀՀ կառավարության միջոցառումների շնորհիվ: Եվ այստեղ առավել նպաստավոր դիրքում կլինեն այն բանկերը, որոնք պատրաստ են աշխատել նոր պայմաններում: Ամերիաբանկի համար իր գործունեության զգալի մասի տեղափոխումն առցանց հարթակ սթրեսային չէր, քանի որ առաջին տարին չէ, որ մենք բազում առցանց լուծումներ և հեռավար բանկային ծառայությունների ամբողջական տեսականի ենք առաջարկում մեր հաճախորդներին: Կցանկանայի նշել, որ դեռևս 2018թ., երբ մենք նոր էինք ներդնում ՓՄՁ վարկերի սքորինգի համակարգը, մեզանից բացի շուկայում չկար ոչ մի բանկ (թերևս հիմա նույնպես չկա), որտեղ վարկավորման գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված կլիներ` թույլ տալով հաճախորդին օրվա ցանկացած պահի առցանց ներկայացնել հայտը և ստանալ վարկը հաշված րոպեների ընթացքում: Դա մեծ առավելություն է մեզ համար, մենք օգտագործում ենք այն, ընդլայնում և զարգացնում: Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում ՓՄԲ էկոհամակարգի մշակման ուղղությամբ, որն օգտակար կլինի մեր բազմաթիվ հաճախորդների համար: Մենք մշակում ենք այնպիսի լուծումներ և ծառայություններ, որոնք թույլ կտան ամբողջությամբ լուծել ՓՄԲ բոլոր խնդիրները` բիզնեսի հիմնադրումից սկսած մինչև վարկավորումը:
ՓՄԲ վերաբերող ո՞ր հիմնական միտումները կառանձնացնեիք համաշխարհային բանկային գործունեությունում: Ո՞ր ուղղություններն են, որ, ձեր կարծիքով, առավել դինամիկ կզարգանան 2020թ.:
2020թ. ամբողջ աշխարհը և բոլոր բանկերը շատ արագ շարժվում են դեպի թվայնացում: Այս միտումը նկատելի էր նախկինում ևս, սակայն համաճարակը խթանեց բոլոր հնարավոր գործընթացների ավելի արագ անցումն առցանց հարթակ: Մեր ռազմավարությամբ նախատեսված է երկու կարևոր ուղենիշ` թվայնացում և դիվերսիֆիկացում, այդ իսկ պատճառով մեր գործունեության հիմքում բոլոր հիմնական գործընթացների ավտոմատացումն է և բոլոր հասանելի առցանց ուղիների օգտագործումը: Այս առումով, մենք ամուր կանգնած ենք ոտքերի վրա և ունենք անհրաժեշտ բոլոր լուծումները: Ինչպես նշեցի, 2020-2021թթ. մենք կաշխատենք ՓՄԲ էկոհամակարգի, ինչպես նաև բոլոր ներքին գործընթացների ավտոմատացման ուղղությամբ:
Աղբյուրը` SME Banking Club