«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների /հրահանգը հասանելի է www.ameriabank.am կայքում/:
Մրցույթի հայտերն ընդունվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ ք.Երևան, Վ. Սարգսյան 2 հասցեում, սկսած 2022թ. փետրվարի 25-ից մինչև 2022թ. մարտի 25-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11.00-15.00:
Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն 2 /երկու/ փաթեթով`սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերող առաջարկությունները:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`
- աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը)
- աուդիտորի աշխատանքային փորձը
- աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը
- աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները
- աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները
- աուդիտի ընդգրկման բնագավառները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:
Աուդիտորական աշխատանքները պետք է ներառեն`
- ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը թեսթային հիմունքներով
- ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը
- աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմումը:
Ընդ որում, աուդիտորների կողմից վերոնշյալ մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար առանձին.
- 2022 թվականի համար,
- 2022 և 2023 թվականների համար,
- 2022–2024 թվականների համար:
Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:
Յուրաքանչյուր տարվա աուդիտորական ստորագրված եզրակացությունը, աուդիտ անցած ստորագրված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին պետք է ներկայացվի Բանկի իրավասու մարմնի հաստատմանը ոչ ուշ քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:
Բանկի ղեկավարությանն ուղղված ստորագրված նամակը պետք է ներկայացվի իրավասու մարմնի դիտարկմանը ոչ ուշ քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 10-ը:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհաստատվեն մինչև 2022թ. հուլիսի 15-ը: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:
Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:
Մրցույթին մասնակցող աուդիտորական ընկերություններից լավագույն գնառաջարկ կամ այլ էական պայմաններ ստանալու համար կարող են անցկացվել նաև Մրցույթի հաջորդական լրացուցիչ փուլ/եր/։
Մրցույթի մնացած պայմանները, աուդիտի ընտրության չափանիշները, աուդիտի ընտրության բնագավառները և այլ մանրամասներ սահմանված են «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության հրահանգով, որին կարող եք ծանոթանալ www.ameriabank.am կայքում կամ դրա պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ /ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2/, հեռ. /010/ 561111:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։