Ամերիաբանկը համագործակցում է ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի հետ Հայաստանում գերարագ ինտերնետային ծառայությունների ներդրման ծրագիրը ֆինանսավորելու նպատակով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
31Մյս

Ամերիաբանկը համագործակցում է ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի հետ Հայաստանում գերարագ ինտերնետային ծառայությունների ներդրման ծրագիրը ֆինանսավորելու նպատակով

Ամերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ սկսում է Հայաստանում գերարագ ինտերնետային ենթակառուցվածքի ներդրմանն ուղղված խոշոր ծրագրի ֆինանսավորման և երկրի թվային տնտեսությանն աջակցելու նախագիծ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում շարժական և ֆիքսված ինտերնետային կապի ամենախոշոր օպերատորներից մեկի` «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության կողմից:

 

45 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ֆինանսավորման ծրագիրը կօգնի «Տելեկոմ Արմենիա»-ին բարելավել իր հեռահաղորդակցության ցանցերի ծածկույթը և սպասարկման որակը, ներառյալ` 4G բջջային ցանցի ընդլայնումը: Ֆինանսավորումն ուղղվելու է նաև տարածաշրջանում լավագույն 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում։

 

Նախագծի արդյունքում ավելի արագ և որակյալ ինտերնետային ծառայություններ կտրամադրվեն բջջային համակարգի նվազագույնը 1.1 միլիոն բաժանորդի, իսկ ավելի քան 450,000 տնային տնտեսություն կապահովվի օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությամբ:

Մեկնաբանելով համագործակցության մեկնարկը՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է «Մենք կարևորում ենք մեր հանդեպ վստահությունը, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների ֆոնին, երբ ներդրումները ռիսկային են։ Այս աջակցությունը «Թիմ»-ին հնարավորություն կտա արագացնել կապիտալ ներդրումների ծրագիրը, ընդլայնել ու արդիականացնել ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական ցանցերը՝ բարելավելով անհատ բաժանորդներին, բիզնես հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու խթանելով նորարարությունը և տնտեսական աճը»:

Ամերիաբանկ-ի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանն էլ նշել է. «Թվային փոխակերպման ժամանակաշրջանում գերարագ ինտերնետային ծառայությունների առկայությունը հույժ կարևոր է մարդկանց և ձեռնարկությունների միջև կապն ապահովելու համար, հատկապես հեռավոր համայնքների պարագայում: Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարը` մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերներ ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի հետ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի ֆինանսավորման նպատակով: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքային և տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը, ինչը կնպաստի համայնքների սոցիալական զարգացմանը և տնտեսական ներուժի ամրապնդմանը: Դա շատ հեռանկարային ներդրում է»:

 

Տելեկոմ Արմենիա

Տելեկոմ Արմենիան ֆիքսված հեռախոսակապի առաջատար և բջջային կապի երկրորդ ամենախոշոր օպերատորն է Հայաստանում։ Տելեկոմ Արմենիան Հայաստանի ամբողջ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

Թիմ Տելեկոմ Արմենիան լիովին հայկական բրենդ է և 2,000 մասնագետից բաղկացած հզոր թիմ: Համատեղելով ստեղծարար միտքը և անսպառ տեխնոլոգիական հնարավորությունները՝ մենք կառուցում ենք տարածաշրջանի ամենաառաջադեմ ցանցը և ներդնում ժամանակակից և նորարարական պրոդուկտներ՝ նպաստելով բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը: