Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Investor Day-ը Lion Finance Group-ի և նրա դուստր ընկերությունների` Ամերիաբանկի և Bank of Georgia-ի համար միջազգային ներդրումային համայնքի հետ հաղորդակցության կարևորագույն հարթակներից մեկն է, որը ներդրողներին տրամադրում է համապարփակ պատկերացում Խմբի ռազմավարության, ֆինանսական արդյունքների և երկարաժամկետ զարգացման տեսլականի վերաբերյալ։
Միջոցառման շրջանակում LFG-ի ղեկավարությունը, ինչպես նաև Ամերիաբանկի և Bank of Georgia-ի ներկայացուցիչները հանդես են եկել Խմբի ռազմավարության, ֆինանսական ցուցանիշների և միջնաժամկետ հեռանկարների վերաբերյալ զեկույցներով:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի մակրոտնտեսական միջավայրը, տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև այն ռազմավարական քայլերը, որոնք նպաստել են Lion Finance Group-ի, Ամերիաբանկի և Bank of Georgia-ի կայուն աճին: Անդրադարձ է կատարվել նաև խմբի թվային փոխակերպմանն ու տեխնոլոգիական նորարարություններին։
Investor Day-ի առանցքային թեմաներից էր նաև Lion Finance Group-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում: Ամերիաբանկը, որպես խմբի անդամ, դարձավ առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշոր ընկերությունների շարքում։ LFG-ն ներկայացված է այնպիսի առաջատար միջազգային ընկերությունների կողքին, ինչպիսիք են HSBC-ն, BP-ն, Unilever-ը, Rolls-Royce Holdings-ը, Shell-ը, Barclays-ը և այլն: