Ամերիաբանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել են մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու և կանաչ ներդրումների ծավալն ավելացնելու նպատակով։
Ֆինանսավորումը կաջակցի ՄՓՄՁ-ներին ամբողջ երկրում՝ օգնելով կատարել աճին միտված ներդրումներ, բարելավել մրցունակությունը և որդեգրել ավելի կայուն գործելակերպ։ Տվյալ նախագիծը ԱԶԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում մինչև օրս կնքված ամենախոշոր գործարքն է։
«Այս նախագիծը կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունը ՄՓՄՁ-ների, հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար` միաժամանակ խթանելով կանաչ ներդրումները Հայաստանում», – ասել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։ «Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ մենք օգնում ենք բիզնեսներին աճել, աշխատատեղեր ստեղծել և նպաստել ավելի ներառական և կլիմայական փոփոխություններին դիմակայուն տնտեսության ձևավորմանը»։
Նախագիծը ներառում է մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որի մինչև 75%-ը նախատեսված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման համար, իսկ առնվազն 25%-ը՝ կանաչ ֆինանսավորման, այդ թվում` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության համար։ Ֆինանսավորման առնվազն 10%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը։
Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշել է. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր գործընկերությունն ԱԶԲ-ի հետ՝ աջակցելով Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին մատչելի ֆինանսավորումն ավելի հասանելի դարձնելու միջոցով։ Որպես Հայաստանի ամենախոշոր վարկատու, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանաչ և կայուն ֆինանսավորմանը, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ներառական աճի խթանմանը և երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմանն աջակցելուն»։
ՄՓՄՁ-ներն առանցքային դեր են խաղում Հայաստանի տնտեսության համար՝ ապահովելով զբաղվածության գրեթե 70%-ը և համախառն ներքին արդյունքի ավելի քան 65%-ը, սակայն ֆինանսավորման կարիքը շարունակում է բարձր մնալ։
ԱԶԲ-ն նաև կտրամադրի մինչև 125 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն Ամերիաբանկի կարողությունները հզորացնելու համար` ներառյալ ֆինանսական բարեվարքության համակարգերի և կայուն զարգացման կոմպետենցիաների կենտրոնի ստեղծումը:
Նախագիծը աջակցում է Հայաստանի ջանքերին՝ խթանելու մասնավոր հատվածի զարգացումը, ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը և նպաստելու կլիմայական ազդեցություններին դիմակայուն աճին։
ԱԶԲ-ի մասին
ԱԶԲ-ն առաջատար բազմակողմ զարգացման բանկ է, որն աջակցում է ներառական, ճկուն և կայուն աճին Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Իր անդամների և գործընկերների հետ համատեղ բարդ մարտահրավերներ լուծելու համար ԱԶԲ-ն օգտագործում է նորարարական ֆինանսական գործիքներ և ռազմավարական գործընկերություններ՝ կյանքերը վերափոխելու, որակյալ ենթակառուցվածքներ կառուցելու և մեր մոլորակը պաշտպանելու համար: Հիմնադրված լինելով 1966 թվականին` ԱԶԲ-ն պատկանում է 69 անդամների, որոնցից 50-ը տարածաշրջանից են։