You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ամերիաբանկը և Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ Հայաստանի գյուղատնտեսությանը և փոքր բիզնեսին աջակցելու համար - Նորություններ | Ամերիաբանկ
05Մյս

Ամերիաբանկը և Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ Հայաստանի գյուղատնտեսությանը և փոքր բիզնեսին աջակցելու համար

Ամերիաբանկը և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Group) դուստր ձեռնարկություն Proparco-ն 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր են ստորագրել:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված պայմանագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանի գյուղատնտեսությանը, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ):

Պայմանագիրը պաշտոնապես վավերացվել է ստորագրման արարողության ժամանակ՝ Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի և Զարգացման ֆրանսիական գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենարի կողմից:

Վարկային գծի գումարի կեսը (37․5 մլն եվրո) ուղղվելու է կլիմայի փոփոխության մեղմացման նախագծերի ֆինանսավորմանը՝ հատուկ շեշտադրում կատարելով գյուղատնտեսության ոլորտի վրա: Այս համաձայնությունը հիմնված է Proparco-ի և Ամերիաբանկի նախկին համագործակցության վրա՝ ագրոպարենային ոլորտում և ջերմոցների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ, և իրականացվում է AFD Group-ի ավելի ընդգրկում գործունեության շրջանակում՝ ի աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության և գյուղական համայնքների: Մնացած 37․5 մլն եվրոն ուղղվելու է ՄՓՄՁ-ների վարկավորմանը՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի տնտեսության ֆորմալացմանը: Proparco-ի գնահատմամբ՝ կնքված համաձայնագիրը հնարավորություն կտա պահպանել շուրջ 23,000 աշխատատեղ և աջակցել Հայաստանի մոտ 700 ՄՓՄՁ-ների:

Proparco-ի մասին

Proparco-ն՝ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) դուստր ձեռնարկությունը, իր գործունեությունն իրականացնում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և համերաշխության ծրագրի շրջանակներում: Այն գործում է ավելի քան 115 երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրասիայում և Մերձավոր Արևելքում: 

Հատուկ ուշադրություն դարձնելով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների աջակցմանը և համագործակցելով մոտ ապագայի մասնավոր հատվածը ձևավորող նորարարների հետ՝ Proparco-ն օգնում է ստեղծել բարձրակարգ աշխատատեղեր, ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներ ու ծառայություններ և պայքարել կլիմայի փոփոխության դեմ:

Proparco-ն ակտիվորեն նպաստում է Ֆրանսիայի միջազգային գործընկերության և կայուն ներդրումային քաղաքականությանը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: