27Մրտ
ՍԱԶԲ-ն և Ամերիաբանկը համագործակցում են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով
Ամերիաբանկն ու Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) ստորադաս փոխառության պայմանագիր են կնքել 15 միլիոն եվրո գումարի չափով, որի նպատակն է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։
Ֆինանսավորումը կնպաստի փոքր և միջին ձեռնարկություններում արվող ներդրումներին և Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը:
ՍԱԶԲ-ի ֆինանսավորումը հնարավորություն կտա բանկին մեծացնել հայկական տնտեսության շարժիչ ուժերից մեկը հանդիսացող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրվող ֆինանսավորումը` ամրապնդելով Ամերիաբանկի կապիտալի դիրքը և ընդլայնելով վարկավորման հնարավորությունները:
Ողջունելով համաձայնագրի կնքումը՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ դոկտոր Սերհաթ Քյոքսալն ասել է. «Մենք ուրախ ենք կրկին համագործակցել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածը զորացնելու և տնտեսական աճը խթանելու նպատակով: Նոր ֆինանսավորումն արտացոլում է անդամ երկրներում կայուն զարգացումը խթանելու և Սևծովյան ողջ տարածաշրջանում ֆինանսական ու ՓՄՁ հատվածների կայունությունն ու մրցունակությունը բարձրացնելու ՍԱԶԲ-ի շարունակական հանձնառությունը»:
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը բարձր է գնահատել այս համագործակցությունը` նշելով. «Շատ ուրախ ենք Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ նոր համաձայնագրի կնքման առթիվ։ Այս գործընկերությունը նշանավորում է կապիտալի ներգրավման մեր ռազմավարության կարևորագույն փուլերից մեկը։ Այն ընդգծում է արտադրության ու ծառայությունների ոլորտներում թիրախային ներդրումների միջոցով կայուն տնտեսական աճը խթանելու մեր հանձնառությունը։ Ներգրավված միջոցներն ուղղվելու են մի շարք առանցքային ոլորտներում մեր նախագծերի ստեղծմանը, ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը, ներառյալ՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը և ծառայությունները»: