12Նյմ
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համար
- Ֆինանսավորումը կուղղվի ՄՓՄՁ-ների աջակցմանը և կընդլայնի միջոցների հասանելիությունը Հայաստանի մարզերում
- Ֆինանսավորումն ընդգրկում է կանաչ ֆինանսավորման զգալի բաղադրիչ
- Կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կխթանեն ներառականությունը, կանաչ ներդրումները և գենդերային հավասարությունը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի` Ամերիաբանկի համար: Վարկը, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո և ևս 50 միլիոն եվրո տրանշերով, Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։
Այս նախաձեռնությունը նաև կաջակցի Հայաստանի` կանաչ տնտեսության անցմանը, քանի որ Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։ Ի լրումն դրան, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսին աջակցության հիմնադրամի (SBIF) կողմից ֆինանսավորվող շուրջ 170,000 եվրո արժողությամբ տեխնիկական համագործակցության նախագիծը, որին կմասնակցի նաև Ամերիաբանկը, կնպաստի կանաչ նախագծերի իրականացմանը և մոնիտորինգին: ԵՄ կողմից ֆինանսավորվող խորհրդատվական և կարողությունների զարգացման հետագա ծրագրերը` մինչև 75,000 եվրո ընդհանուր արժողությամբ, կբարձրացնեն ՄՓՄՁ-ների մրցունակությունը, նորարարությունը և արտահանում իրականացնելու պատրաստվածությունը։
ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին ասաց. «Այս ֆինանսավորումը կարևոր դեր կխաղա Հայաստանի մասնավոր հատվածն ուժեղացնելու և կանաչ տնտեսության անցումն արագացնելու գործում։ Ամերիաբանկի ամուր դիրքը շուկայում և ուղղվածությունը դեպի նորարարությունն ու ՄՓՄՁ հատվածի զարգացումը վերջինիս դարձնում են ՎԶԵԲ-ի հուսալի գործընկեր տարածաշրջանում առաջնահերթ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում»։
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք հպարտ ենք, որ ամրապնդում են մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ և ընդլայնում ՄՓՄՁ ֆինանսավորման և կանաչ վարկավորման պորտֆելները։ Այս համագործակցությունը մեզ կտա ավելի լայն հնարավորություններ` աջակցելու հայկական բիզնեսներին, խթանելու տնտեսական աճը և կայուն զարգացումն ամբողջ երկրում»։
Գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանը և գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ Ամերիաբանկի առաջատար դիրքը թվային փոխակերպման, մարզային ներկայացվածության և ներառական ֆինանսավորման առումներով այն դարձնում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից։ Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է և ակտիվներով երկրորդը` բանկային համակարգում։ Իր թվային լուծումների և խոշոր քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։ Ամերիաբանկի գլխավոր բաժնետերը Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Լայըն Ֆայնենս Գրուփ» (Lion Finance Group) հոլդինգային ընկերությունն է։ ՎԶԵԲ-ը փոքր բաժնեմասնակցություն ունեցող բաժնետեր է։
1992 թ. Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում` ֆինանսավորման 83 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։