«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ), անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների /հրահանգը հասանելի է www.ameriabank.am կայքում/:
Մրցույթի հայտերն ընդունվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ ք.Երևան, Վ. Սարգսյան 2 հասցեում, սկսած 2025թ. հունվարի 15-ից մինչև 2025թ. փետրվարի 14-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանի ժամանակով ժամը 11.00-18.00-ը ներառյալ:
Մրցույթի շրջանակներում դիտարկվելու համար աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող մրցութային առաջարկները պետք է ներառեն միաժամանակ 2 /երկու/ առանձին սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով ներկայացված փաթեթ․ անկախ աուդիտորական ծառայության մատուցման տեխնիկական առաջարկը, ինչպես նաև ֆինանսական առաջարկը /այսուհետ միասին՝ «Մրցութային առաջարկ»/:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`
- աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը),
- աուդիտորի աշխատանքային փորձը,
- աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների
որակավորման մակարդակը (նշելով հիմնական աուդիտի թիմի անդամների որակավորումը` ներառյալ նրանց անդամակցությունը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին, ինչպես նաև օժանդակ թիմերի առավել փորձառու անդամների որակավորման մակարդակը),
- աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները,
- աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները,
- աուդիտի շրջանակը:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:
Աուդիտի շրջանակը հետևյալն է`
- Բանկի և նրա երկու դուստր ընկերությունների ՀՀՄՍ և ՖՀՄՍ ստանդարտների համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների տարեկան աուդիտ
- Բանկի և նրա դուստր ընկերությունների ՀՀՄՍ, ՖՀՄՍ ստանդարտների և «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍԻ» ընկերության (այսուհետ` Խումբ) մեթոդաբանության համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների փաթեթի տարեկան աուդիտ
- Բանկի և նրա դուստր ընկերությունների ՀՀՄՍ, ՖՀՄՍ ստանդարտների և Խմբի մեթոդաբանության համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների փաթեթի կիսամյակային դիտարկում
Մատուցվող ծառայությունների շրջանակը և ներկայացվելիք արդյունքները պետք է ներառեն`
- ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը,
- ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
- աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ Բանկի ղեկավարությանը) կազմումը:
Ընդ որում, աուդիտորների կողմից վերոնշյալ մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար.
- 2025թ. ֆինանսական տարվա աուդիտ,
- 2025թ. ֆինանսական տարվա կիսամյակային դիտարկում:
Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:
Տարեկան աուդիտորական ստորագրված եզրակացությունը, աուդիտ անցած ստորագրված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին պետք է ներկայացվի Բանկի իրավասու մարմնի հաստատմանը ոչ ուշ քան հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 2-ը` Խմբի հաշվետվական փաթեթի աուդիտի դեպքում, իսկ Բանկի և նրա դուստր ընկերությունների համախմբված հաշվետվությունների աուդիտի դեպքում` ոչ ուշ քան հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 9-ը:
Բանկի ղեկավարությանն ուղղված ստորագրված նամակը պետք է ներկայացվի իրավասու մարմնի դիտարկմանը ոչ ուշ քան հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 16-ը:
Խմբի կիսամյակային հաշվետվական փաթեթի դիտարկման և վերջնական եզրակացության ներկայացման վերջնաժամկետն է` հաշվետու ֆինանսական տարվա օգոստոսի 11-ը:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն Բանկի Տնօրենների խորհրդի կողմից և կհաստատվեն Ընդհանուր ժողովի կողմից մինչև 2025թ. Մարտի 31-ը ներառյալ: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:
Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:
Մրցույթին մասնակցող աուդիտորական ընկերություններից լավագույն գնառաջարկ կամ այլ էական պայմաններ ստանալու համար կարող են անցկացվել նաև Մրցույթի հաջորդական լրացուցիչ փուլ/եր/։
Մրցույթի մնացած պայմանները, աուդիտի ընտրության չափանիշները, աուդիտի ընտրության բնագավառները և այլ մանրամասներ սահմանված են «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության հրահանգով, որին կարող եք ծանոթանալ www.ameriabank.am կայքում կամ դրա պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ /ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2/, հեռ. /010/ 561111:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։