Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը. Բաժնետոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Հնս

Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը. Բաժնետոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Team Telecom Armenia-ն պաշտոնական միջոցառմամբ ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը։ Այս ռազմավարական որոշումը ընկերությանը թույլ է տալու ավելի մեծ ներդրումներ անելու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ամրապնդելու դերակատարումը շուկայում, խրախուսելու բաց և թափանցիկ գործելաոճը բիզնես ոլորտում: 

8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։ Տեղաբաշխումից հետո Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի արժեթղթերի բորսայում՝ ավելի ամրապնդելով ընկերության տեսանելիությունը և վարկանիշը: Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին այդ կարևոր օրն իրենց հետ անցկացնելու և հաջողությունները կիսելու համար.

«Առաջնային հրապարակային առաջարկը փաստում է, որ մենք նվիրված ենք թափանցիկ գործելաոճին, աճին ու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: IPO-ն ոչ միայն կուժեղացնի մեր ենթակառուցվածքները և ներկայությունը շուկայում, այլև հնարավորություն կտա ներդրողներին միանալու մեզ այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում: Հայաստանի տելեկոմ ոլորտի ապագան այսուհետ ձևավորելու ենք Team-ի բաժնետերերի հետ միասին»։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր ելույթում նշեց, որ սա իրապես հանրային տեղաբաշխում է, քանի որ Team-ի բաժնետեր կարող է դառնալ յուրաքանչյուրը օնլայն և ավտոմատացված եղանակով. 

«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացում, որն իրապես համարում ենք պատմական իրադարձություն հայկական կապիտալի շուկայի համար։ Կարող եմ փաստել, որ ձևավորվում է ներդրողների բավականին դիվերսիֆիկացված և երկար ցանկ, ինչն ակտիվ երկրորդային շուկա ունենալու հիմնական գրավականն է»:

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հասանելի են Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակում, որը ներդրողներին հնարավորություն է տալիս առցանց գնելու բաժնետոմսեր, մշտական հասանելիություն ունենալու ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալու մանրամասն տեղեկություն։ 
Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Պաշտոնական միջոցառմանը ներկա էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիրներ և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև Team Telecom Armenia-ի գործընկերները, պոտենցիալ բաժնետերերն ու թիմակիցները։

Մանրամասները` տեսանյութում: