02Հկտ
«ԴիջիԹեք-2015» ցուցահանդեսին Ամերիաբանկը ներկայացել է երկու նորարարությամբ
Ամերիաբանկը միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք-2015» ցուցահանդեսին ներկայացել է երկու նորարարությամբ: Առաջին նորարարությունը Յուքոմ ընկերության հետ համատեղ նախագիծն է՝ «TV Banking»-ը:
Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը, Յուքոմ ընկերության հետ համատեղ ներդրված «TV banking» նախագծի շնորհիվ բանկի հաճախորդներին, ովքեր միաժամանակ հանդիսանում են նաև Յուքոմի բաժանորդներ, հնարավորություն է ընձեռվում անմիջապես իրենց հեռուստացույցի միջոցով կոմունալ վճարումներ կատարել:
«Մենյու մուտք գործելով` հնարավոր կլինի կատարել «Յուքոմ» ընկերության ծառայությունների, ինչպես նաև այլ կոմունալ վճարումներ: Նույնիսկ հնարավոր է խմբային վճարման հանձնարարական ձևակերպել և մեկ վճարումով բոլոր կումունալ վճարումները կատարել»,- ասաց Բ. Մովսիսյանը:
Նշենք, որ ծառայության կոմերցիոն մեկնարկը դեռ չի տրվել, այսօր ներկայացվում է նախագծի թեստային տարբերակը, իսկ մինչ նոյեմբերի 1-ն արդեն այն հասանելի կլինի Ամերիաբանկի բոլոր հաճախորդներին:
Քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ
Բուրաստան Մովսիսյանը ներկայացնելով Ամերիաբանկի երկրորդ նորարարությունը՝ նշեց, որ այն վերաբերում է քարտով օնլայն փոխանցումներին:
«Այս նոր համակարգը մրցակցելու է «Յունիստիմ», «Մանիգրամ» հայտնի համակարգերի հետ: Ամերիաբանկի կայք մուտք գործելով` ցանկացած երկրի բանկի հաճախորդ հնարավորություն կստանա փոխանցում կատարել մեր բանկի ցանկացած հաճախորդի հաշվին: Այսինքն՝ ձեր տանը նստած, մուտք գործելով Ամերիա բանկի կայք, հեշտութամբ կարող եք փոխանցում կատարել»,- ասաց նա:
Բ.Մովսիսյանը հայտնեց, որ փոխանցումը տեղի է ունենում մի քանի վայրկյանների ընթացքում:
«Կարծում ենք, որ մեր սփյուռքահայության շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի այս ծառայությունը: Ստացողը պետք է Ամերիայի հաճախորդ լինի, ունենա քարտային հաշիվ կամ բացված հաշվեհամար, իսկ փոխանցողը կարող է լինել այլ բանկի հաճախորդ»,- ընդգծեց նա:
Քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումներ հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով ցանկացած բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին: Համակարգի յուրահատկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն և միայն մուտքագրել շահառուի հաշվի/քարտի համարը , ընդ որում, վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլևս չկա: Գումարը ստացողի հաշվին ակտիվանում է անմիջապես:
Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով: