Ամերիաբանկը 2014թ. ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
17Փտվ

Ամերիաբանկը 2014թ. ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում

     Ամերիաբանկի հաշվետու տարվա գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը մի շարք կարևոր ցուցանիշների, մասնավորապես, ակտիվների, պարտավորությունների, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների և շահույթի մասով:
     Բանկի ակտիվները 2014թ.-ին աճել են 27%-ով և 31.12.14թ. դրությամբ կազմել շուրջ 400 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում, ընդհանուր բանկային համակարգում ակտիվների աճը կազմել է ընդամենը 16%, իսկ Բանկի պարտավորություններն աճել են ավելի, քան 29%-ով` կազմելով 357,4 մլրդ ՀՀ դրամ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են շուրջ 23%-ով և տարեվերջի դրությամբ կազմել 208,7 մլրդ ՀՀ դրամ: Խոշոր աճ է գրանցվել վարկային ներդրումների մասով. տարեկան աճը կազմել է շուրջ 63% այն դեպքում, երբ ընդհանուր համակարգում աճը կազմել է ընդամենը 21%: Վարկային ներդրումների կազմում ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է ավելի, քան 73%-ով, իսկ սպառողական վարկերի պարտֆելը` 2,6 անգամ:
     Ամերիաբանկի զուտ շահույթը 31.12.14թ. դրությամբ կազմել է 7,1 մլրդ ՀՀ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 26%:
     Հաշվետու տարում աճել են նաև ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները, ինչը վկայում է Ամերիաբանկի կայուն զարգացման և Բանկի նկատմամբ հանրության մեծ վստահության մասին: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները նախորդ տարվա համեմատությամբ 2014թ.-ին աճել են 27%-ով և տարեվերջին կազմել ավելի, քան 86 մլրդ ՀՀ դրամ:
2014թ. Ամերիաբանկը և Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր, որ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն ներգրավեց միջազգային ֆինանսական կազմակերպությունից:
     Նշենք նաև, որ Ամերիաբանկը 2014թ. արժանացել է Euromoney 2014 Գերազանցության մրցանակին` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում, իսկ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է երեք մրցանակի` 2014թ. Տարվա լավագույն բանկ, 2014թ. Տարվա լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում, 2014թ. Տարվա լավագույն բանկ արտարժութային գործառնությունների գծով: Բանկն արժանացել է նաև մի շարք այլ մրցանակների միջազգային կառույցների և հեղինակավոր բանկերի կողմից: