Թվային ռազմավարության ներքո Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր օնլայն ծառայությունների շարքը` այս անգամ ներկայացնելով վարկավորման նոր հնարավորություններ:
Ս/թ մարտի 6-ից Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է գալիս աննախադեպ առաջարկով` սպառողական վարկերի ստացման նոր հնարավորություններ օնլայն տարբերակով. ընդամենը հաշված րոպեների ընթացքում հնարավոր է ստանալ 100,000 ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ` առանց գրավի և/կամ երաշխավորության: Ընդ որում, վարկերը տրամադրվում են առանց վարկի տրամադրման և վարկի սպասարկման միջնորդավճարի:
Նշենք, որ Ամերիաբանկի քարտապանների համար վարկի հաստատումը և պայմանագրի կնքումը կատարվում են օնլայն, որից հետո գումարն անմիջապես մուտքագրվում է ընթացիկ հաշվին, իսկ Ամերիաբանկի քարտապան կամ հաճախորդ չհանդիսացող անձինք վարկի հաստատումն օնլայն ռեժիմով ստանալուց հետո պետք է այցելեն բանկ` վարկային պայմանագիրը ստորագրելու համար:
Օնլայն ռեժիմով հնարավոր է նաև դիմել տարբեր արժույթներով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո) օվերդրաֆտ և վարկային գիծ ստանալու համար, որոնց դեպքում գումարը մուտքագրվում է հաճախորդի քարտին:
Օնլայն վարկերը ներկայացնող մարքեթինգային արշավը, որը կրում է «Մեծությունը չի խոչընդոտում արագությանը» խորագիրը, շեշտադրում է առաջարկի հիմնական առավելությունները` վարկի մեծությունը և տրամադրման արագ գործընթացը. անկախ գումարի մեծությունից` վարկային հայտի ներկայացման, վարկունակության գնահատման և վարկի տրամադրման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է:
Նպատակ ունենալով հաճախորդներին հասանելի դարձնել վարկավորման բոլոր ուղղությունները՝ Ամերիաբանկը վերջերս հանդես եկավ նաև ապրանքների ձեռքբերման ապառիկ ֆինանսավորմամբ, որի շրջանակներում առաջիկայում կներկայացվեն նորարարական լուծումներ:
Նշենք, որ 2017թ. գործունեության արդյունքներով Ամերիաբանկի հաճախորդների թվաքանակն աճել է 12%-ով, տրամադրված վճարային քարտերի քանակը`14%-ով: Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները հաշվետու տարում աճելով ավելի քան 43%-ով` տարեվերջին կազմել են 47 մլրդ ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդներն աճելով 10%-ով`կազմել են շուրջ 134 մլրդ ՀՀ դրամ: Մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 31%-ով և 2017թ-ի արդյունքներով կազմել 75 մլրդ ՀՀ դրամ, այդ թվում, ՓՄՁ վարկերի գծով աճը կազմել է 26%, իսկ պորտֆելը`շուրջ 17 մլրդ ՀՀ դրամ: