Վարկանիշները ներդրողների համար են, այլ ոչ բանկերի. Հովհաննես Խաչատրյան - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
05Մրտ

Վարկանիշները ներդրողների համար են, այլ ոչ բանկերի. Հովհաննես Խաչատրյան

-Ինչո՞ւ են բանկերն օգտվում վարկանշային գործակալությունների ծառայություններից:

-Ցանկացած ներդրող, լինի դա ինստիտուցիոնալ, կորպորատիվ ներդրող, թե ֆիզիկական անձ ավանդատու, ցանկանում է իմանալ` որքանով է վարկարժան իր ընտրած կազմակերպությունը: Այս տեղեկատվությունը ստանալու համար ներդրողը կարող է մանրամասն ուսումնասիրել բանկի ֆինանսական ցուցանիշները, հաշվետվությունները (ինչը նույնպես շատ ցանկալի է) կամ կարող է պարզապես որոշում կայացնել` հիմնվելով հեղինակավոր կազմակերպությունների կողմից ֆինանսական ընկերություններին շնորհված վարկանիշերի վրա:

Նման ընկերություններ աշխարհում քիչ կան: Որպես կանոն, վարկանշային գործակալությունների մասին խոսելիս, մենք նկատի ունենք միջազգային վարկանշային գործակալությունների «Մեծ եռյակը». դրանք են  Moody's Investor Service, Standard & Poor's (S&P) և Fitch Ratings գործակալությունները: Ամերիաբանկին վարկանիշ են շնորհել Moody's  և S&P գործակալությունները, իսկ հայկական մյուս բանկերին` Moody's և Fitch գործակալությունները: Օրինակ` Moody's գործակալությունը Ամերիաբանկին շնորհել և այս շաբաթ հաստատել է ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների В1 վարկանիշ` «դրական» հեռանկարով: Այս վարկանիշը այլ ֆինանսական կազմակերպությունների վարկանիշերի հետ համեմատելով` ներդրողը կամ ավանդատուն կարող է պատկերացում կազմել տվյալ ֆինանսական կազմակերպության հուսալիության մասին:

-Ի՞նչն է պատճառը, որ ոչ բոլոր բանկերն են համագործակցում վարկանշային գործակալությունների հետ:

-Ի տարբերություն արտասահմանյան ներդրողների` տեղական ներդրողներն ու ավանդատուները վարկանիշերին շատ ավելի քիչ են ուշադրություն դարձնում:

Այդ իսկ պատճառով այն բանկերի համար, որոնք ակտիվորեն միջոցներ են ներգրավում միջազգային ֆինանսական հաստատություններից կամ կապիտալի շուկայի գործիքների միջոցով, վարկանիշ ունենալը շատ ավելի կարևոր է, քան այն բանկերի համար, որոնք որևէ կերպ չեն առնչվում  միջազգային խոշոր ներդրումների հետ: Գուցե նրանց մի մասը վստահ է, որ չի արժանանա բարձր վարկանիշի, և դա է պատճառը, որ չի դիմում վարկանշային գործակալությունների: Կա նաև երրորդ տարբերակը, երբ ընկերությունը դիմում է վարկանշային գործակալությանը, սակայն չի հրապարակում շնորհված վարկանիշը, քանի որ այն ցածր է լինում:

-Լինում են դեպքեր, երբ ընկերությունները հրաժարվում են վարկանշային գործակալությունների ծառայություններից: Ինչի՞ մասին է դա վկայում:

-Ոչ մի տարօրինակ բան չկա, երբ վարկանշային գործակալությունը հաստատում է վարկանիշը, իսկ ընկերությունը միաժամանակ հրաժարվում է տվյալ վարկանշային գործակալության ծառայություններից: Երբեմն դա պայմանավորված է վարկանշային գործակալությունների միջև մրցակցությամբ (սպասարկման որակ և գին): Իսկ եթե ընկերությունը հրաժարվում է գործակալության ծառայություններից արդյունքի հետ համամիտ չլինելու պատճառով, և դա արվում է առանց վարկանիշի հաստատման, ինչի մասին գործակալությունն, անպայման, նշում է, ապա նման դեպքերում շուկայի արձագանքն, իհարկե, բացասական է լինում:

-Որքանո՞վ է երկրի սուվերեն վարկանիշն ազդում ընկերության վարկանիշի վրա:

-ՀՀ տնտեսական համակարգում գործող բոլոր հայկական ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունները, վարկանշային գործակալություններին դիմելիս, չեն կարող ակնկալել Հայաստանի սուվերեն վարկանիշը գերազանցող վարկանիշ: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ ընկերության բիզնես-ռիսկերն ինչ-ինչ պատճառներով քիչ են կապված Հայաստանի հետ (օրինակ` բարձր է արտաքին գործառնությունների տեսակարար կշիռը), կամ արտասահմանում գտնվող մայր ընկերությունն ունի առավել բարձր վարկանիշ: Մնացած բոլոր դեպքերում երկրի սուվերեն վարկանիշն առավելագույն արդյունքն է, որը որևէ ընկերություն կարող է ակնկալել: Ներկայումս Ամերիաբանկն ունի Հայաստանում հնարավոր ամենաբարձր վարկանիշը, որը համընկնում է երկրի սուվերեն վարկանիշին:

-Ի՞նչ չափանիշներից ելնելով են վարկանիշային գործակալությունները վարկանիշեր շնորհում բանկերին:

-Գոյություն ունեն բանկային ռիսկերի տեսակներ. դրանք են վարկային, իրացվելիության, տոկոսադրույքի, արժութային, գործառնական և այլ ռիսկեր: Վարկանշային գործակալությունները համապատասխան սանդղակով գնահատում են նշված բոլոր պարամետրերը: Նրանք ուսումնասիրում են բանկի ֆինանսական հաշվետվությունները և պահանջում մանրամասն տեղեկատվություն: Բացի այդ, նրանք այցելում են բանկ և միասնական վարկանիշ սահմանելու համար իրականացնում բանկի ֆինանսական վիճակի և բանկային ռիսկերի բոլոր տարրերի գնահատում (Due Diligence): Կցանկանայի նշել, որ հաշվի են առնվում նաև ոչ ֆինանսական պարամետրեր, ինչպիսիք են, օրինակ, կորպորատիվ կառավարման որակը, բաժնետիրական կապիտալի կառուցվածքը, բանկի բաժնետերերի կազմում ինստիտուցիոնալ ներդրողների առկայությունը և բազմաթիվ այլ գործոններ:

-Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Վրաստանի` արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը: Հայաստանում շատերի մոտ հարց է ծագում, թե ինչո՞ւ չի բարձրանում Հայաստանի վարկանիշը, որն այս պահին արդեն 2 կետով ցածր է Վրաստանի վարկանիշից:

-Գոյություն ունի վարկանիշը վերանայելու որոշակի ընթացակարգ, որն ունի իր ժամկետները: Գործնականում վարկանշային գործակալության դրական կանխատեսումը (որն առկա է Հայաստանի դեպքում) ուժի մեջ է մնում 18 ամիս, և այն սովորաբար սկսում վերանայվել (բարձրացնել կամ իջեցնել) մոտ մեկ տարի անց: Կարծում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է վերանայվել, և իմ կանխատեսումների համաձայն, հաշվի առնելով ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսական կայունության պահպանումն ու տնտեսական ակտիվության աճը, մեծ հավանականություն կա, որ Հայաստանի վարկանիշը կբարձրանա:

 

Աղբյուրը՝ www.tert.am