Վերափոխումն ու վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Օգս

Վերափոխումն ու վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան

   

    Global Markets. Որո՞նք են Ամերիաբանկի գործունեության հիմնական ուղղությունները, ուժեղ կողմերն ու  մրցակցային       առավելությունները:

  -    Ամերիաբանկի հաջողության հիմքում ոչ միայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն է, այլև այդ փոփոխությունների ու             վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը: Հենց դա օգնեց մեզ հաջողությամբ հաղթահարել դեռևս 2008թ. համաշխարհային       ֆինանսական ճգնաժամը: Այդպես մենք առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկից վերափոխվեցինք Հայաստանի առաջատար       ունիվերսալ բանկի: Եվ դա է պատճառը, որ մենք հետևողականորեն ձգտում ենք թվային վերափոխման, որի ուղղությամբ արված ներդրումների     շնորհիվ էլ կարողացանք դիմակայել նախորդ տարի բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին: Ամերիաբանկը հավատում է Հայաստանի     տնտեսության ներուժին և ապագային:  
 

2008 թ.-ից ի վեր մենք հսկայական դերակատարում ենք ունեցել Հայաստանում գործող ընկերությունների և մեր երկրի տնտեսության  հզորացման   գործում: Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր ֆինանսական հաստատությունն է, որը մշտապես ձգտում է իր հաճախորդներին և   գործընկերներին առաջարկել բանկային լավագույն ծառայություններն ու պրոդուկտները, հանդես գալ նոր ու ժամանակակից լուծումներով: Մեր   աճն  ու զարգացումը մշտապես հիմնված են եղել ոչ թե կարճաժամկետ շահերի, այլ  երկարաժամկետ տեսլականի, ռազմավարության և մի շարք   առանցքային նպատակների վրա: Ցանկանում եմ նաև շեշտել, որ մեր հաջողությանը նպաստել են մեր հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի վստահությունը մեր հանդեպ և նրանց հետ ունեցած երկարաժամկետ փոխհարաբերությունները: Նրանք մեզ ոգեշնչել են դինամիկ զարգացման և ավանդական բանկից մարդկային կարիքների վրա հիմնված ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգի վերափոխման:

 

Global Markets. Որո՞նք են վերջին 12 ամիսների ընթացքում բանկի արձանագրած հիմնական ձեռքբերումներն ու  հաջողված ծրագրերը:
-    Թեև նախորդ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության առջև ծառացան էական դժվարություններ և մարտահրավերներ, այնուամենայնիվ մենք կարողացանք գործել արդյունավետորեն և ապահովել դրական արդյունքներ: 2021թ. առաջին եռամսյակի արդյունքների համաձայն, Ամերիաբանկը պահպանեց իր առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ըստ հիմնական բանկային ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկեր, ավանդներ, շահույթ և սեփական կապիտալ): Առաջին եռամսյակի ավարտին բանկի ակտիվների և սեփական կապիտալի շահութաբերությունը կազմեց համապատասխանաբար 1.5% և 14.2%: Մենք առաջատար դիրք ենք զբաղեցնում նաև ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, որտեղ բանկի մասնաբաժինը կազմում է 26%: Դեպի ունիվերսալ բանկի մոդելին անցում կատարելու մեր ռազմավարության համաձայն, բանկն ավելացրել է մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը: Բացի այդ, զգալի առաջընթաց ենք ունեցել  հեռավար և թվային ուղիներով բանկային սպասարկման ոլորտում, որի արդյունքում ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը 2020թ. կազմել է 48% (աճ 12 տոկոսային կետով):

 

Global Markets. Այս տարի Ամերիաբանկն առաջին անգամ հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի շուկայում: Ի՞նչ ծրագրեր ունի բանկը Հայաստանում կանաչ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ:
-    Նախ նշեմ, որ Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի թողարկումը բանկի կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 42 միլիոն Եվրո: Պարտատոմսերը թողարկվեցին մեր երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ: Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի համակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը միջազգային սկզբունքներին և համաշխարհային շուկայում գործող չափանիշներին: Կանաչ պարտատոմսերի միջոցով ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում ֆինանսավորելու էկոլոգիական կայունությանը նպաստող ծրագրերը: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ մեր հետագա անելիքներին, նշեմ, որ մենք մտադիր ենք դառնալու առաջատար կանաչ բանկը Հայաստանում և ակնկալում ենք էլ ավելի խորացված համագործակցություն մեր գործընկերների հետ:

 

Global Markets. Թվային ո՞ր տեխնոլոգիաներն է Ամերիաբանկն առավել հեռանկարային համարում: Որո՞նք են Ամերիաբանկի հիմնական առաջնահերթությունները 2021թ. համար և ապագայի ռազմավարական նպատակները:
-    Հաջողության հասնելու համար ցանկացած բանկ պետք է հարմարվի արագորեն փոփոխվող պայմաններին: Ընթացիկ տարվա մեր առաջնահերթություններն են հետագա թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը: Ըստ այդմ, մենք հետևողականորեն ընդլայնում ենք հեռավար բանկային ծառայությունների մատուցման կարողությունները, բարելավում ենք թվային ծառայությունների որակը, մեծացնում ենք մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը՝ միաժամանակ նպատակ ունենալով ապահովել վարկային պորտֆելի երկնիշ աճ: Դա կօգնի մեզ իրագործելու մեր ռազմավարական նպատակները, այն է` արդյունավետության բարձրացում, հիմնական ֆինանսական ցուցանիշների հետագա աճ, մեր հաճախորդների, գործընկերների, թիմակիցների և բաժնետերերի գոհունակության բարձր մակարդակի ապահովում, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական շուկայում բացարձակ առաջատարի դիրքի պահպանում:

 

Global Markets. Վերջերս մի շարք հարցազրույցներում ձեր միջազգային գործընկերները նշում են, որ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO): Ի՞նչ ծրագրեր ունի Ամերիաբանկն այդ ուղղությամբ: 
-    Վերջին մի քանի տարիներին մենք դարձել ենք երկրի ամենախոշոր բանկը և ապահովել ենք միջազգային գործընկերների հետ համագործակցության ամենաբարձր մակարդակը: Բացի այդ, մենք շարունակաբար բարելավում ենք մեր կորպորատիվ կառավարման համակարգը: IPO-ն շատ կարևոր ռազմավարական նվաճում կլինի մեզ համար և կնպաստի մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործմանը: Հանրային ընկերություն հանդիսանալը ենթադրում է նաև, որ մենք պետք է հետևենք լավագույն փորձին` կապված կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մենք արդեն իսկ գործում ենք որպես հանրային ընկերություն` հանդիսանալով Հայաստանի բացառիկ ընկերություններից մեկը, որի կորպորատիվ կառավարման համակարգը համապատասխանում է IPO-ի համար սահմանված նախապայմաններին: Մենք մշտապես հետևում ենք կապիտալի միջազգային շուկաներին, բորսայում ցուցակված նմանատիպ գործունեություն ծավալող ընկերություններին և սահմանել ենք հաջողությամբ IPO իրականացնելուն ուղղված ուղենիշներ: Նշեմ նաև, որ բանկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման գործընթացը կմեկնարկի մեր միջնաժամկետ նպատակների իրականացումից հետո: Ժամկետները կախված կլինեն նաև շուկայական պայմաններից: Ցանկանում եմ նշել նաև, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են մեր աճին ու զարգացմանը, ունեն մեկ նպատակ` նպաստել կյանքի որակի բարելավմանը: Մեր հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է և վստահությունը մեր ընկերության ներուժի, մեր երկրի և տնտեսության հանդեպ, որում ապրում և աշխատում ենք: