Հայաստանի բանկային գործի ապագան թվային տեխնոլոգիաներն են - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Նյմ

Հայաստանի բանկային գործի ապագան թվային տեխնոլոգիաներն են

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թվային տեխնոլոգիաները շարունակում են սրընթաց կերպով զարգանալ` ներթափանցելով մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, այդ թվում` բանկային բիզնեսի ոլորտ։ Աշխարհի խոշորագույն բանկերը գլոբալիզացման և կոշտ մրցակցության պայմաններում սկսել են կիրառել նոր բիզնես–մոդել`թվային բանկի մոդելը, որը հիմնված է հաճախորդների ցանկացած գործառնության կատարման հնարավորության վրա հեռահար միջոցներով, ինչպիսիք համացանցն ու բջջային սարքերն են։

Հայկական բանկերը ևս հետ չեն մնում և ձգտում են հետևել նոր միտումներին` շուկայում ավելի մրցունակ լինելու համար։ Մասնավորապես, օրերս Երևանում տեղի է ունեցել Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Հիմնավորվա՞ծ է, արդյոք, հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» պանելային քննարկումը, որին մասնակցել են Ամերիաբանկի, HSBC Բանկ Հայաստանի, Beeline և Ucom հեռահաղորդակցական ընկերությունների, Հայաստանի կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության փորձագետներ և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկել են բանկային ծառայությունների ժամանակակից միտումները, ինչպես նաև Հայաստանում հեռահար ծառայությունների օգտագործման հեռանկարները։

Թվային բանկն ապագայի ռազմավարությունն է

Համաշխարհային բանկային բիզնեսի համար թվային տեխնոլոգիաների օգտագործումը նորույթ չէ, սակայն հայկական բանկերի համար այդ տեխնոլոգիաները դեռ թափ են հավաքում։ Հարկ է նշել, որ հայկական բանկերը միայն այս տարի են սկսել ակտիվորեն ներդնել հեռահար սպասարկման տարբեր միջոցներ, մասնավորապես` օնլայն–բանկինգն ու մոբայլ–բանկինգը։

«Ամերիա» խորհրդատվական ընկերությանն անցկացրած ուսումնասիրության համաձայն` Հայաստանում գործող 21 բանկերից միայն երեքը չունեն օնլայն–բանկինգի ծառայություն, որը նախատեսված է ֆիզիկական անձանց համար։ Միաժամանակ ընկերության կողմից երկրի 11 քաղաքներում կազմակերպված հարցումը ցույց է տվել, որ բանկերի հաճախորդների շրջանում օնլայն–բանկինգից օգտվողների մասնաբաժինը 2014 թ.–ին կազմել է 2 տոկոս` 2013 թ.–ին գրանցված 1,3 տոկոսի համեմատ։

Սակայն հայկական բանկերն ունեն զարգանալու մեծ դաշտ գլոբալ միտումների ֆոնին։ Այսպես, օնլայն–բանկինգի ծառայությունների օգտագործման համաշխարհային ցուցանիշը կազմում է 28–7 տոկոս, ընդ որում առավել ակտիվ են Հյուսիսային Ամերիկայի (48%) և Եվրոպայի (37,8%) օգտատերերը։ Իսկ օնլայն–բանկինգի ամենաակտիվ օգտատերերը բնակվում են Իսլանդիայում (91%)։

Չնայած Հայաստանի բնակչության կողմից սպասարկման հեռահար միջոցների օգտագործման ցածր ցուցանիշներին, շուկայի մասնագետները կարծում են, որ թվային բանկը Հայաստանի ապագա բանկային բիզնեսի ռազմավարությունն է։ Ինչպես կարծում է Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, Հայաստանում հեռահար ծառայությունների մասշտաբային օգտագործումն այլընտրանք չունի, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի։

Նրա խոսքով` Հայաստանում հեռահար ծառայությունների լայն տարածման հաջողությունը կախված է առաջին հերթին բնակչության ընդհանուր բարեկեցությունից։ Այսպես, Բարսեղյանի խոսքով, բնակչության որոշակի հատվածի համար նման ծառայություններն անհասանելի են, հիմնականում, դա վերաբերում է մարզերին, որտեղ համացանցի, սմարթֆոնների և պարզապես բանկային ծառայությունների օգտագործման մակարդակը չափազանց ցածր է։

Միաժամանակ HSBC Բանկ Հայաստանի մանրածախ առևտրի դեպարտամենտի ղեկավար Միհրան Մուրադյանը ևս կարծում է, որ Հայաստանի բանկային գործունեության ապագան կապված է թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ։ Նրա խոսքով` որոշ երկրներում, օրինակ Սինգապուրում, բանկերի մասնաճյուղերում ընդհանրապես չի օգտագործվում մարդկային ռեսուրս, և աշխատանքն ամբողջովին ընթանում է թվային ձևաչափով։

Ըստ փորձագետների` աշխարհում տեխնոլոգիաների զարգացումն արմատապես փոխել է ոչ միայն բիզնեսը, այլ նաև մարդկանց, նրանց կենսակերպը, սովորություններն ու մտածելակերպը։ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանի կարծիքով` Հայաստանի բանկային հատվածում թվային տեխնոլոգիաները զարգանում են երիտասարդ սերնդի հաշվին, որն իր կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնների և գաջեթների։

«21–րդ դարի բանկային հաճախորդը, ով արագ յուրացնում է նոր տեխնոլոգիաները, պահանջելու է նոր տեխնոլոգիաներ, և բանկերը ստիպված կլինեն հետևել արագ փոխվող միտումներին», – կարծում է նա։

Ինչպես կարծում է Աբրահամյանը, այս միտումները հաստատում են այն փաստը, որը Մեծ Բրիտանիայում բանկերի հաճախորդների 40 տոկոսը երբեք չեն այցելել բանկ։ «Այս ամենը ցույց է տալիս այն միտումը, որին մենք հետևում ենք», – ավելացրեց նա։

Առանց ռիսկի չկա առաջընթաց

Բնականաբար, նոր տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում է նոր ռիսկեր, մասնավորապես, խարդախության և հակերային գրոհների սպառնալիք։ ՀՀ կենտրոնական բանկը, որպես կարգավորիչ, մեծ ուշադրություն է հատկացնում բանկային համակարգի և պրոդուկտների, այդ թվում` օնլայն–բանկինգի անվտանգության հարցերին։ Միաժամանակ բոլոր հայկական բանկերն ունեն ներքին կանոններ, ըստ որոնց` բանկերը պարտավորեն պարբերաբար (ամեն ամիս կամ եռամսյակը մեկ անգամ) անցկացնել «ներթափանցման թեստեր» (Penetration testing)։ Գործում են նաև անվտանգության միջազգային սերտիֆիկատներ։

Սակայն, միաժամանակ, ռիսկեր, ամեն դեպքում, կան։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի վերլուծության համաձայն` հայկական բանկերի մեծ մասն ունի հակերական գրոհներից պաշտպանվելու որակյալ համակարգ, սակայն կան նաև ավելի խոցելի բանկեր։ Նրա խոսքով` 4–5 բանկեր լրջորեն խոցելի են, ինչի հետևանքով օնլայն–բանկինգի հաճախորդները հայտնվում են վտանգի տակ։

Միաժամանակ նա փաստեց, որ այսօրվա դրությամբ հայրենական բանկերում հակերական լուրջ գրոհներ չեն գրանցվել։

«Մենք դեռևս հետաքրքիր չենք հակերների համար, քանի որ Հայաստանում օնլայն–բանկինգի տարածումը սահմանափակ է, և հանրապետության օնլայն–շուկան դեռ փոքր է։ Սակայն շուկան, իհարկե, աճելու է, և բնականաբար կարող են գրոհներ սկսվել», – նշում է փորձագետը։ Մարտիրոսյանը նաև կարծում է, որ հակերական գրոհների նկատմամբ բանկերի հնարավոր խոցելիությունը միայն տեսական սպառնալիք է, սակայ, ամեն դեպքում, բանկերը պետք է դա հաշվի առնեն։

Ոչ բանկային դերակատարները բանկերի գործընկերներն են

Թվային տեխնոլոգիաների զարգացումն այսօր առաջ է անցնում ժամանակից, իսկ բանկային բիզնեսը չի հասցնում վերափոխել իր գործունեությունը` համապատասխանեցնելով նոր իրողություններին և ժամանակակից միտումներին։ Այդ պատճառով բանկերի հետ մեկտեղ ֆինանսական ծառայություններ են սկսել տրամադրել տարատեսակ ոչ բանկային ինստիտուտները, մասնավորապես, վճարային համակարգերը, հեռահաղորդակցական ընկերությունները։

Բազմաթիվ բանկիրների կարծիքով` նոր թվային ընկերությունները էական մրցակցություն են ստեղծում բանկային ծառայությունների հիմնական տեսակների գծով` զրկելով բանկերին որոշակի շահույթից։ Նման օրինակներից է Google–ը, որը գործարկել է պլաստիկ դեբետային քարտ։ Այն օգտագործում են միլիոնավոր սպառողներ Google Wallet–ում։ Իսկ PayPal–ը բազմաթիվ երկրներում զբաղեցնում է առաջին տեղը առցանց վճարումների ծառայությունների տրամադրման ոլորտում։ Հարկ է նշել Apple Pay–ը և շարժական բանկի և դրամապանակների այլ ծառայությունները։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Մաքսիմ Խալմատովի կարծիքով` բանկային ոլորտն ու հեռահաղորդակցական ընկերությունները Հայաստանում չեն մրցի ֆինանսական լուծումների շուկայում, այլ կդառնան գործընկերներ։ Մասնագետը կարծում է, որ դա տեղի կունենա հիմնականում Հայաստանում գոյություն ունեցող շուկայի կարգավորիչ առանձնահատկությունների, մասնավորապես` բանկային կազմակերպությունների և հեռահաղորդակցական ընկերությունների գործունեության, ինչպես նաև շուկայի սահմանափակ լինելու հաշվին։

Նման պայմաններում բանկային բիզնեսը կպահպանվի մաքուր տեսքով սահմանափակ հատվածի և հատկապես` կորպորատիվ և պրեմիում դասի համար, իսկ մանրածախ ոլորտում ավելի շատ կգերիշխեն կոմբինացված պրոդուկտներն ու ծառայությունները, որտեղ բանկն ու ոչ բանկային դերակատարը կունենան համապատասխան դերեր հաճախորդների սպասարկման ոլորտում։