Վարկի վերաֆինանսավորումը ֆինանսական դժվարությունները հաղթահարելու կամ պարզապես ծախսերը կրճատելու հիանալի միջոց է, այսինքն` միևնույն վարկը վերցնել առավել հարմար պայմաններով: Վերաֆինանսավորման միջոցով կարելի է ստանալ վարկ ավելի մեծ գումարով, ավելի երկար ժամկետով, առավել ցածր տոկոսադրույքով, նվազեցնել ամսական մարումների չափը, միավորել մի քանի վարկ մեկում և այլն: Վարկի վերաֆինանսավորման առաջարկները շուկայում շատ չեն, բայց կան: Ամերիաբանկը վարկերի վերաֆինանսավորման արշավ է իրականացնում այն վարկառուների համար, ովքեր ցանկանում են արդյունավետ կերպով տնօրինել իրենց ֆինանսական ռեսուրսները և ժամանակը: Մենք Ամերիաբանկի աշխատակիցներից ճշտել ենք այն ամենը, ինչ Դուք կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին, և կներկայացնենք Ձեզ ամեն ինչ ըստ հերթականության: Այսօր մեր թղթակցի զրուցակիցներն են «Ամերիաբանկ» ՓԲԸ Տարածքային ստորաբաժանումների կառավարման վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և նախագծի ղեկավար Օֆելյա Մարտիրոսյանը:
Պրն Խաչատրյա՛ն, վարկավորման շուկայում բարդ իրավիճակ է տիրում: Հասարակության շրջանում անընդհատ քննարկվում է ֆինանսական հաստատությունների նկատմամբ ձեռնարկությունների և անհատների վարկային պարտավորությունների հարցը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:
Հայաստանում, ինչպես և ողջ հետխորհրդային տարածքում, բարդ իրավիճակ է ստեղծվել: Տնտեսության արագ վերականգնման կանխատեսումները չիրականացան, և մենք չկարողացանք հասնել ՀՆԱ-ի աճի և տնտեսական ակտիվության մինչճգնաժամային ցուցանիշներին: Ընդ որում, 2008-2009թթ. ճգնաժամն արագ հաղթահարելու սպասումները բերեցին նրան, որ շատ ձեռնարկատերեր կուտակեցին վարկեր, սակայն տնտեսական աճի տեմպերի նվազման, սպառողների պահանջարկի անկման պայմաններում վարկառուների վիճակը կտրուկ վատթարացավ: Որոշ ընկերություններում շահույթը կրճատվեց 20-30%-ով, ու եթե դրան գումարենք նաև 15-20%-ով դրամի արժեզրկումն ու գնաճը, ապա պարզ է դառնում, որ վարկերի, հատկապես դոլարային, մարումը դառնում է խնդրահարույց: Կցանկանայի նշել, որ չարդարացված լավատեսական սպասումները որոշակի իմաստով նպաստում են խնդրահարույց վարկերի աճին: Շատերն անընդհատ սպասում են, որ կգան լավ ժամանակներ, և խնդիրը կլուծվի: Սակայն մեր կարծիքով, հաջողակ են նրանք, ովքեր ցանկացած իրավիճակում կարող են որոշումներ կայացնել: Ստեղծվել է նոր իրականություն, որը գուցե շատ բարենպաստ չէ, բայց կայուն է, և իմ կարծիքով բոլորն արդեն համակերպվել են այդ նոր իրականությանը: Մենք սովոր ենք դժվարությունների և հասկանում ենք, որ նոր միջավայրում ևս կարելի է ակտիվ լինել, շարունակել աճել ու զարգանալ:
Ստեղծված նոր իրավիճակում ձեռնարկատերերն առավել զգուշավոր են դարձել, ռիսկի չեն դիմում նոր նախագծեր սկսելու և արդեն գործող բիզնեսն ընդլայնելու համար:
Ոչ միայն ռիսկի չեն դիմում բիզնեսում ներդրումներ կատարելու համար, այլև շատ հաճախ ունենալով վարկային պարտավորություններ, չեն կարողանում սպասարկել հավելյալ վարկային բեռ և զարգացնել բիզնեսը: Մենք մշտապես իրականացնում ենք հաճախորդների կարիքների բացահայտման մոնիթորինգ: Եվ շատ լավ գիտենք, որ հաճախորդների ֆինանսական հոսքերը փոխվել են, մենք հասկանում ենք, որ նրանց անհրաժեշտ է բանկի աջակցությունը և կարիք ունեն նոր բանկային պրոդուկտների` երկարաժամկետ և առավել մրցունակ տոկոսադրույքներով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ցանկանալով աջակցել տնտեսության ակտիվության աճին՝ Ամերիաբանկն այլ բանկերի վարկառուներին առաջարկեց վերաֆինանսավորել իրենց վարկն Ամերիաբանկում՝ հնարավորություն տալով երկարաձգել վարկի ժամկետը: Այս առաջարկը գործում է մինչև 2016թ-ի օգոստոսի 1-ը և տարածվում է բիզնես-վարկերի, հիփոթեքային վարկերի, անշարժ գույքով կամ ավտոմեքենայի գրավով ապահովված սպառողական վարկերի, չվերականգնվող վարկային գծերի և օվերդրաֆտների վրա:
Վերաֆինանսավորման արդյունքում նվազում է վարկի ամսական մարումների չափը, և առաջանում են ազատ ռեսուրսներ, որոնք կարելի է ուղղել այլ խնդիրների լուծմանը: Կցանկանայի նշել, որ նախորդ տարին մեզ համար շատ հաջող էր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության առումով: Մենք գրեթե կրկնապատկեցինք բանկի կապիտալը, ինչի շնորհիվ Ամերիաբանկն այժմ կարող է լավագույն պայմաններն առաջարկել վարկառուներին: Անմիջապես ասեմ, որ այս առաջարկն ուղղված չէ այն հաճախորդներին, ովքեր վարկի մարման հետ կապված խնդիրներ ունեն: Եթե վարկառուի եկամուտն անընդհատ նվազում է, և նա չի կարողանում սպասարկել վարկը, ապա այդ խնդրի լուծման համար այլ ուղիներ է պետք փնտրել: Մենք ցանկանում ենք ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր վարկերի և դրանց մարման նոր մոտեցումների կարիք ունեն, մարդկանց, ում եկամուտը գուցե և նվազել է, բայց մնում է կայուն: Այդ հաճախորդներին մենք պատրաստ ենք առաջարկել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում վարկի մարումները համապատասխանում են իրենց եկամուտներին, ուստի առաջարկը վերաբերում է այն վարկերին, որոնք նվազագույնը մեկ տարվա սպասարկման պատմություն ունեն: Իմ գործընկերներն, իհարկե, այս զրույցի շարունակության ընթացքում առավել մանրամասն կպատմեն Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկերի վերաֆինանսավորման առաջարկի մասին: Իսկ ես նշեմ, որ պրոդուկտն ուղղված է այն անձանց, ովքեր ցանկանում են միավորել վարկերը, կազմել մարումների առավել հարմար ժամանակացույց, կրճատել ամսական մարումների չափը, այսինքն՝ վարկի սպասարկումը դարձնել առավել հարմար ու արդյունավետ: Նշեմ նաև, որ վերաֆինանսավորումը կարող է զուգակցվել նաև վարկի գումարի ավելացմամբ, եթե նման անհրաժեշտություն կա:
Հաջորդ հարցն ուղղվում է Օֆելյա Մարտիրոսյանին:
Ես տեսել եմ վարկերի վերաֆինանսավորման հետ կապված ձեր գովազդը՝ «Hypo և Bizo»-ն: Փաստորեն Ամերիաբանկն այս ոլորտում ևս կրեատիվ մոտեցում դրսևորեց:
Գովազդային արշավի կերպարները ստեղծվել են երկարատև մտորումների և քննարկումների արդյունքում: Մենք որոշեցինք ռիսկի դիմել: Պատկերացրինք մի ընտանիք, որն ունի կայուն ամսական եկամուտ և վարկ, որի մարման համար ծախսվում է ընտանիքի ամսական եկամտի 30%-ը: Դրամի արժեզրկման, ընտանիքի եկամտի կրճատման և գնաճի արդյունքում ստեղծված իրավիճակում վարկի սպասարկման համար ծախսվում է ընտանեկան բյուջեի զգալի մասը, և առաջանում է զգացողություն, որ ի հայտ է եկել ընտանիքի նոր անդամ, որի համար բավականին շատ գումար է ծախսվում: Մինույն պատկերն է նաև փոքր և միջին բիզնեսի դեպքում, կարծես թե ի հայտ է գալիս նոր աշխատակից, որին անհրաժեշտ է հատկացնել բյուջեի մի մասը, չնայած ընկերության այլ ծախսերի նվազեցմանը: Այսպես ծնվեց այն գաղափարը, որ կարելի է վարկն արտահայտել մի կերպարի տեսքով, որը սպառում է ընտանիքի և բիզնեսի միջոցները: Եվ մենք նախընտրեցինք ստեղծել թեթև, ուրախ և չարաճճի մի կերպար, որը դրական հույզեր կառաջացնի և կօգնի հանրությանը հասցնել մեր արշավի հիմնական գաղափարը՝ Ամերիաբանկի առաջարկը թեթևացնում է վարկառուի վարկային բեռը:
Այնպիսի լուրջ ոլորտի համար, ինչպիսին բանկային գործունեությունն է, նման կերպարի ստեղծումը համարձակ քայլ է:
Այո, այն ոճը, որով ստեղծվել են այս արշավի գովազդային հոլովակները, շատ է տարբերվում այն իմիջից որը ստեղծել է Ամերիաբանկը: Մենք նույնիսկ պատրաստվել էինք դիմակայել քննադատությանը: Բայց ի զարմանս և ի ուրախություն մեզ, գաղափարը սիրվեց թե՛ մեր աշխատակիցների և թե՛ ընդհանուր առմամբ հանրության կողմից: Իսկ Hypo և Bizo անվանումները («հիփոթեք» և «բիզնես-վարկ» բառերի կրճատ տարբերակները), ինչպես ասում են, ընդունվեցին ժողովրդի կողմից: Իսկ ամենակարևորը` գովազդային արշավն սկսելուց հետո վաճառքի ծավալները գերազանցեցին մեր բոլոր սպասումները: Իսկ դա նշանակում է, որ մեր խնդիրը` ցույց տալ մարդկանց, որ իրականում նպատակաուղղված և ճիշտ կառուցված վարկը ծառայում է աճին ու զարգացմանը, օգնում է օգտվել կյանքի ընձեռած հնարավորություններից, մենք կարողացանք հաջողությամբ լուծել:
Շնորհակալություն հետաքրքիր տեղեկությունների համար:
Իսկ վաղը մեր զրույցը կլինի շատ պահանջված մի թեմայի շուրջ՝ այն մասին, թե ինչ կշահի փոքր և միջին բիզնեսն Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկերի վերաֆինանսավորման շրջանակներում:
Աղբյուրը՝ tert.am