16Փտվ
Յան Վան Բիլսեն. IFC-ն կավելացնի հայկական բանկերի աջակցությունը
Banks.am-ի հարցազրույցը Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Հարավային Կովկասի գծով տնօրեն Յան Վան Բիլսենի հետ
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային հատվածի հեռանկարները տնտեսական խոցելիության մեծացման պայմաններում:
Տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, դեռ շարունակում են հարմարվել տնտեսական նոր իրականությանը: Տնտեսական խոցելիության աճի պայմաններում մենք կարեւորում ենք հայկական բանկերին տրամադրվող օժանդակության ավելացումը՝ նպատակ ունենալով օգնել նրանց ուժեղանալ եւ բարձրացնել վստահությունը երկրի բանկային ոլորտի նկատմամբ: Ամերիաբանկին՝ Հայաստանում խոշորագույն բանկի օժանդակությանն ուղղված մեր վերջին ջանքերն այս ռազմավարության մաս են կազմում:
IFC-ն ունի Ամերիաբանկի հետ համագործակցության արդյունավետ փորձ, որը հետզհետե ընդլայնվում է: Սա նշանակում է, որ դուք գո՞հ եք արդյունքներից:
- Մենք 2009-ից արդյունավետ համագործակցում ենք Ամերիաբանկի հետ տարբեր ոլորտներում՝ սկսած ուղղակի վարկավորումից մինչեւ արժութային սվոփեր: Օրինակ, IFC-ի Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագիրն օգնել է բանկին ֆինանսավորել Հայաստանում մի շարք կարեւոր ռազմավարական ծրագրեր: Մեր գործընկերությունն օգնեց նաեւ ֆինանսավորել փոքր հիդրոէլեկտրակայանները՝ ավելացնելով երկրի վերականգնվող էներգիայի մատակարարումը:
2013թ. Ամերիաբանկը եղել է նաեւ IFC-ի պարտատոմսերի տեղաբաշխողը, որը ոչ ռեզիդենտ թողարկողի առաջին տեղաբաշխումն էր եւ Հայաստանի կապիտալի շուկաներում ոչ ռեզիդենտի կողմից թողարկված առաջին կորպորատիվ պարտատոմսը:
Հունվարի 21-ին մենք Ամերիաբանկի հետ գործընկերությունում նոր քայլ կատարեցինք՝ տրամադրելով նրան $50 մլն-ի վարկ, որը կնպաստի բանկի կապիտալի մեծացմանը եւ տեղական ձեռնարկություններին օժանդակելու ծրագրերի ընդլայնմանը, ինչն էլ կխթանի տնտեսական աճը:
Մեր վեցամյա ստորադաս վարկը կօգնի բանկին շարունակել իր աճը եւ նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO):
Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքի շարունակմանը, որպեսզի էլ ավելի խթանենք մասնավոր հատվածի աճը Հայաստանում եւ ամրապնդենք երկրի բանկային հատվածը:
IFC-ի ստորադաս վարկը կաջակցի Ամերիաբանկի կապիտալին՝ տնտեսության հետագա վարկավորման համար: Արդյունաբերության ո՞ր ոլորտներին են ուղղվելու այդ միջոցները:
Բանկը` որպես պարտատեր, ինքն է կայացնում վերջնական որոշումն իր վարկառուների եւ արդյունաբերության ճյուղերի վերաբերյալ, որտեղ նրանք գործում են: Ընդհանուր առմամբ, մենք ակնկալում ենք, որ մեր ֆինանսավորումը կընդլայնի բանկի կարողությունները` մի շարք ոլորտներում գործող տեղական ձեռնարկությունների վարկավորման համար՝ օգնելով խթանել տնտեսական աճը եւ ստեղծել նոր աշխատատեղեր:
Ամերիաբանկի ակտիվները գերազանցել են $1 մլրդ-ը: Որքա՞ն կարեւոր է նման խոշոր բանկի առկայությունը Հայաստանի բանկային հատվածի եւ ընդհանուր տնտեսության հետագա զարգացման համար: Ի՞նչ եք ակնկալում Ամերիաբանկի հետ ավելի սերտ համագործակցությունից, այսինքն ստորադաս պարտքի գործարքից:
Լավ զարգացած բանկային հատվածը շատ կարեւոր է ցանկացած տնտեսության զարգացման համար, այնպես որ Ամերիաբանկի աճը, որը հանդիսանում է երկրի խոշորագույն բանկը, կարեւոր դեր ունի ոլորտի ընդհանուր կայունության համար:
Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանի ներկայիս տնտեսական դրությունը:
Համաշխարհային տնտեսությունը դեռ փխրուն է, եւ դա ազդում է տարածաշրջանի վրա, որտեղ շրջակա միջավայրը չափազանց բարդ է: Մի քանի երկրներ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանը, շարունակում են հարմարվել այս նոր տնտեսական իրականությանը: Նման ժամանակներում միջազգային ֆինանսական կառույցները, ինչպիսին է IFC-ն, կարող են խաղալ կարեւոր դեր՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:
Մեր կարծիքով՝ մասնավոր հատվածը Հայաստանում, եւ այնպիսի ոլորտները, ինչպիսիք են ագրոբիզնեսը եւ հանքարդյունաբերությունը, ունեն հզոր ներուժ: Այս ֆինանսական տարում IFC-ն նախատեսում է ներդնել ավելի քան $100 մլն՝ աջակցելու համար մասնավոր հաճախորդներին Հայաստանում, ինչը մեր ամենամեծ տարեկան ծրագիրն է այս երկրում:
Մտադի՞ր եք արդյոք շարունակել աջակցել արժեթղթերի շուկայի զարգացմանը Հայաստանում:
2013թ. մենք թողարկեցինք հայկական դրամով IFC-ի անդրանիկ պարտատոմսը: Թողարկելով առաջին «Սեւան» պարտատոմսը, որը դարձավ 2014թ. շրջանառության մեջ գտնվող՝ ծավալով խոշորագույն կորպորատիվ պարտատոմսը Հայաստանում, մենք դարձանք տեղական արժույթով պարտատոմսերի առաջին ոչ ռեզիդենտ թողարկողը երկրի ներքին կապիտալի շուկայում: Սա IFC-ի ավելի մեծ ծրագրի մի մասն է, որի շրջանակում, կախված շուկայի կարիքներից, նախատեսում ենք թողարկել բազմաթիվ պարտատոմսեր՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի կապիտալի շուկան եւ խթանել մասնավոր հատվածի վարկավորումը:
Աղբյուրը՝ banks.am