23Փտվ
Ամերիաբանկը և «Յուքոմը» ներկայացնում են նոր ծառայություն Հայաստանում` Ձեր բանկը Ձեր հեռուստացույցում
Ամերիաբանկը և «Յուքոմ» ընկերությունը հայտարարում են Հայաստանում բոլորովին նոր` Ամերիա TV Բանկինգ ծառայության մեկնարկի մասին: Այս եզակի ծառայությունը նոր խոսք է օնլայն գործարքների իրականացման բնագավառում: Այն հնարավորություն է տալիս առավելագույնս հարմար, պարզ և արագ դարձնել կոմունալ վճարների կատարումը:
Ամերիա TV Բանկինգ ծառայությունը հնարավորություն է տալիս նաև դիտել կոմունալ վճարումների պարտքը, ստեղծել և կատարել խմբային կոմունալ վճարումներ, դիտել վճարումների պատմությունը, Ամերիաբանկի տվյալ օրվա արտարժույթի փոխարժեքները, ինչպես նաև դիտել Ամերիաբանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները` ցանկով և քարտեզով:
Բոլոր այն անձինք, ովքեր միաժամանակ հանդիսանում են U!TV-ի ցանկացած փաթեթի բաժանորդ և Ամերիաբանկի հաշվետեր, հեռուստացույցի միջոցով կարող են տեսնել իրենց կոմունալ ծառայության վճարման ենթակա գումարը և ընդամենը հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով կատարել վճարում:
Ծառայության անխափան գործարկումն ապահովելու նպատակով իրականացվել են համակարգի թեստավորման և ինտեգրման աշխատանքներ, որոնց բարեհաջող ավարտից հետո միայն ծառայությունը փուլերով ներդրվում է: Բոլոր այն բաժանորդները, որոնք ցանկություն կունենան այս պահին ծառայությունից օգտվել, կարող են դիմել «Յուքոմ» ընկերությանը, իսկ այն հաճախորդները, որոնք «Յուքոմ» հեռուստատեսության ծառայություններից այսուհետ են օգտվելու, այս ծառայությանը կմիանան ավտոմատ կերպով:
Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց. «Մենք «Յուքոմ» ընկերության հետ մշակել ենք Ամերիա TV բանկինգ ծառայությունը «Ձեր բանկն այնտեղ է, որտեղ Ձեզ հարմար է» կարգախոսի ներքո` ստեղծելով կոմունալ վճարների իրականացման առավել հարմար տարբերակ: «Յուքոմի» հետ մենք արդեն ունեցել ենք աշխատանքային փորձ` արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ, և սա արդեն երկրորդ նախագիծն է: Կարծում եմ, որ շարունակ նորարության ձգտող մեր երկու ընկերությունների այս համատեղ նախագիծը լայն արձագանք կստանա հանրության շրջանում»:
«Յուքոմ» ընկերության Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանն իր խոսքում նշեց. «Ամերիաբանկի հետ մեր համատեղ նախաձեռնության նպատակներից մեկն է առավելագույնս թեթևացնել մեր բաժանորդների առօրյան՝ ստեղծելով ևս մեկ այլընտրանքային ծառայություն, որը հնարավորություն կտա շատ արագ և հեշտ կատարել բոլոր վճարումները: Սա Հայաստանում նախադեպը չունեցող ծառայություն է, և կարծում եմ շատ շուտով TV Բանկինգ ծառայությունը մեր բաժանորդների շրջանում կլինի ամենապահանջվածներից մեկը»: