21Հլս
Ամերիաբանկը` «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր գործընկեր
«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, այս տարի տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։ Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման` «Big Battle»-ի գլխավոր մրցանակի տրամադրող, նախաձեռնությանն է միացել Ամերիաբանկը:
2017թ. Սամմիթը կկազմակերպվի կրկին Սևանա լճի ափին: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ավելի քան 100 ստարտափ թիմեր, հրեշտակ ներդրողներ, ծրագրավորողներ, բիզնես թրեյներներ, մենթորներ 7 օր շարունակ կլինեն մրցույթներով, քննարկումներով և բացահայտումներով հագեցած բիզնես միջավայրում և կվայելեն իրենց հանգիստը ամռան ամենահայտնի, ամենաակտիվ և ամենաարդյունավետ միջոցառման շրջանակներում:
Սա հերթական մեծ քայլն է նոր որակի համագործակցության հարթակ ստեղծելու գործընթացում, հարթակ, որտեղ հարյուրավոր մարդիկ կարողանում են ձեռք բերել նոր, ամուր կապեր, կրթվել, կատարելագործվել, մրցակցել իրենց գաղափարներով և հաղթել, վայելել հանգիստն ու զվարճանալ: Սամմիթի նպատակն է դառնալ խթան ստարտափ համակարգի զարգացման համար։ Այս գործում այժմ իր ներդրումը կունենա նաև Ամերիաբանկը:
Այս տարվա սամմիթն ունի բազմաթիվ նորարարություններ և ծրագրեր, որոնք չեն եղել անցյալ տարի, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Camp Fire Pitch» ձևաչափով միջոցառումը, որի ընթացքում ստարտափները կներկայացնեն իրենց pitch-երը Հայաստանից և արտասահմանից հրավիրված ներդրողներին։ Ծրագրավորողների համար հատուկ մշակվել է campathon-ը, որը կտևի մի ամբողջ օր: Մեկ շաբաթվա ընթացքում սամմիթի մասնակիցներին հասանելի կլինեն նաև բազմաթիվ ժամանցային ծրագրեր:
«Մենք ուրախ ենք, որ Հայաստանում բանկային համակարգի առաջատարը միացել է սամմիթին որպես գլխավոր գործընկեր։ Մրցանակը, որն Ամերիաբանկը կտրամադրի, կարող է ճակատագրական դառնալ ստարտափի համար։ Թիմը կգիտակցի ստարտափի զարգացման ողջ լրջությունը և միգուցե հետագայում դառնա հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացնող խթանը», - նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։
Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը նշել է. «Ամերիաբանկը ողջունում է Հայաստանում նման միջոցառման կազմակերպումը, որը կարևոր խթան է հանդիսանում երկրում նորարարական բիզնեսի զարգացման, բիզնես միջավայրում մրցակցային առավելությունների ձևավորման և տեխնոլոգիական առաջընթացի համար: Հաճախորդների կարիքների բավարարմանը միտված և տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված ստարտափների ձևավորումն իր հերթին կխթանի ֆինանսական ոլորտի տեխնոլոգիական զարգացումն ու շուկայի ընդլայնումը» :
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականի մարտ ամսին` մի խումբ նախաձեռնող երիտասարդների կողմից, ովքեր նախկինում հեղինակել և մինչ օրս հաջողում են մի շարք ստարտափներ: Հիմնադրամի նպատակը հայկական ստարտափներին օժանդակելն է` պարբերաբար միջոցառումներ կազմակերպելով: Հենց այս նպատակը հետապնդելով էլ 2016 թ-ի ամառվանից սկսած «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ջանքերով անցկացվում է ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որն իր կատարողական ձևաչափով առաջին վրանային ստարտափ համաժողովն է աշխարհում: Տարին տարվա վրա ավելանում են Սամմիթի մասնակիցների և ստարտափ թիմերի կազմերը, դրամական խոշոր մրցանակային ֆոնդերով անցկացվում են տարբեր նոմինացիոն մրցույթներ: