07Փտվ
Ամերիաբանկը կնքել է ստորադաս վարկային պայմանագրեր Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի և responsAbility Investments ընկերության հետ
Ամերիաբանկը և responsAbility Investments ընկերության կողմից կառավարվող մի շարք հիմնադրամներ, մասնավորապես` Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը և միկրո ու փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված մի քանի հիմնադրամ, կնքել են 16.8 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագրեր
Համագործակցության այս նոր երկարաժամկետ գործիքները թույլ կտան բարելավել Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը` զգալիորեն ընդլայնելով Հայաստանում ձեռներեցների և էներգախնայող նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները:
responsAbility ընկերության գործադիր տնօրեն Ռոխուս Մոմարցը նշեց. «Ներառական բիզնես-մոդել ունեցող ֆինանսական հաստատությունները երկրի զարգացման կարևոր խթան են: Մենք ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի հետ` հաջողակ ու դինամիկ զարգացող կազմակերպության, որն ակտիվորեն նպաստում է Հայաստանի տնտեսության ֆինանսավորմանն ու խրախուսում «կանաչ» ծրագրերը»:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Այս նոր վարկային գործիքները զարգացման զգալի հնարավորություններ կստեղծեն` երկարաժամկետ ֆինանսավորման ու վարկային պորտֆելի աճի շնորհիվ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ հետ համագործակցությունը, որն այժմ դուրս է եկել նոր հարթություն: Նոր վարկային միջոցները կօգնեն ավելի լավ սպասարկել տարբեր ոլորտներ ներկայացնող հաճախորդների կարիքներն ու կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը»: