Բանկային համակարգը վարկավորման հարցում որոշակի զգուշավորություն է ցուցաբերում. Արտակ Հանեսյան - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Փտվ

Բանկային համակարգը վարկավորման հարցում որոշակի զգուշավորություն է ցուցաբերում. Արտակ Հանեսյան

Բանկային համակարգն այս փուլում վարկավորման հարցում որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Հիմնականում այս զգուշավորությունը կապված է վարկառուների վարկունակության գնահատումների հետ: Տրամաբանական է, որ արտարժութային վարկերի սպասարկումն էլ ավելի դժվարանում է այս փոխարժեքային տատանումներով պայմանավորված: Բայց միաժամանակ, ոչ միայն մեր բանկի կողմից, այլ ես համոզված եմ, նաև մյուս բանկերի կողմից հատուկ ծրագրեր են մշակվում, թե ինչպես կարելի է մեղմել այդ երևույթները հենց ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար, ովքեր սպասարկվում են արտարժույթով արտահայտված վարկերով: Մեր մասնագետների գնահատականով՝ տարբեր վարկերի ժամկետները մի փոքր երկարացնելու պարագայում, այնպիսի իրավիճակ ստեղծելով, որպեսզի վարկառուն մարի ՀՀ դրամով արտահայտված նույն գումարը, ինչը որ նա մարում էր մինչև կուրսի փոփոխությունը, կարող է բերել վարկառուների կողմից վարկային բեռը սպասարկելու մեղմացմանը»,- ասաց Հանեսյանը:
Նրա խոսքով՝ բանկերն այսօր ավելի խիստ են վերաբերվում վարկունակության գնահատականներին՝ զսպելով հետագա հնարավոր ռիսկերը: Ինչ վերաբերում է ընդհանրապես վարկավորման ծավալներին, Արտակ Հանեսյանն ասաց, որ Ամերիաբանկի անունից կարող է հայտարարել՝ իրենք չեն դադարեցրել վարկավորումը, շարունակում են: Այս տարի նախատեսված է Ամերիաբանկի վարկային ներդրումների աճ, ոչ այն չափով, ինչքան նախորդ տարի է եղել, բայց, այնուամենայնիվ, աճ նախատեսվում է:
Արտակ Հանեսյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ նաև Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությանը: Հարցին, թե դա ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի տոկոսադրույքների վրա, Ամերիաբանկի գլխավոր տնօրենը պատասխանեց.
«Իհարկե, դա անդրադարձ ունեցել է: Իհարկե, ես կարծում եմ, որ դա ժամանակավոր երևույթ է, ինքը երկար ժամանակ նման մակարդակի վրա չի կարող պահպանվել, բայց ազդեցություն ունեցել է: Բանկերն արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրանականացնում են դրամով և արդեն բարձրացված տոկոսադրույքով, որն, իհարկե, արտարժութային ավանդների ինքնարժեքի վրա ազդեցություն ունեցել է դեպի ավելացում: Այսինքն՝ այն տոկոսադրույքները, որոնք նշվում են հրապարակային՝ որպես ներգրավվման տոկոսադրույք, իրականում ավելի բարձր են բանկի վրա նստում ի հաշվի այլ գործոնների»:
Ըստ Արտակ Հանեսյանի՝ ինքնըստինքյան նաև վարկերի տոկոսադրույքները պետք է բարձրանան, որպեսզի բանկերը կարողանան իրենց մինիմալ էֆեկտիվության մակարդակը պահպանել: «Ուստի մենք մոտ ապագայում կնկատենք նաև արտարժույթով արտահայտված վարկերի տոկոսադրույքների փոքր-ինչ բարձրացում: Բայց մյուս կողմից դրամով արտահայտված վարկերի տոկոսադրույքների շատ քիչ բարձրացման հետևանքով ավանդների տոկոսադրույքները համեմատության մեջ ավելի շատ են բարձրացել: Հիմա դրամով արտահայտված ավանդների տոկոսադրույքները՝ թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, բավական բարձրացել են՝ եթե չեմ սխալվում մոտ 4-5 տոկոս առնվազն: Դա փակում է դրամային վարկավորման տոկոսադրույքների հնարավոր թանկացումները»,- նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրենը:

www.lragir.am