Անդրեյ Մկրտչյան. Մենք սկսել եւ շարունակում ենք կյանքի գործը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
06Փտվ

Անդրեյ Մկրտչյան. Մենք սկսել եւ շարունակում ենք կյանքի գործը

Interview with Ameriabank's Chairman Andrey MkrtchyanՀայաստանյան բանկային շուկայում լավ նորություն կա. «Ամերիաբանկ» ՓԲԸ երկու խոշոր գործարք է կնքել միջազգային ֆինանսական կառույցների հետ: Կնքված պայմանագրերի համաձայն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 մլն դոլարի ներդրում է կատարում Ամերիաբանկի բաժնետոմսերի փաթեթ ձեռքբերելու նպատակով, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրում Ամերիաբանկին: Այսպիսով, Հայաստանի բանկային համակարգում առաջատար հանդիսացող Ամերիաբանկն ավելացնում է իր կապիտալն այնքանով, որ անգերազանցելի առաջատար է դառնում ՀՀ բանկային շուկայում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն ամփոփեց բանկի գործունեության որոշ արդյունքներ եւ ներկայացրեց ապագայի ծրագրերը:

Պարոն Մկրտչյան, 2007թ. «Ամերիա» ընկերությունների խումբը ձեռք բերեց Հայներարտբանկը, որը «հեղինակությունից եւ հարուստ պատմությունից բացի ոչինչ չուներ»: Հարցազրույցներից մեկում Դուք հենց այսպես եք բնութագրել բանկը: Այսօր Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է, բանկի ակտիվները հատել են 1 մլրդ դոլարը: Ինչպե՞ս ձեզ հաջողվեց այսքան կարճ ժամանակում հասնել այդքան ակնառու արդյունքների:


Այո, մենք ձեռք բերեցինք բանկը 2007թ. տարեվերջին եւ 2008թ. հունվարից սկսեցինք ակտիվ աշխատանքը: Այն փոքր բանկ էր, որի կապիտալը կազմում էր 9 մլն դոլար, ակտիվները՝ 45 մլն դոլար, իսկ անձնակազմը վարչական եւ տեխնիկական աշխատողների հետ միասին բաղկացած էր շուրջ 30 աշխատակցից: Այսօր, երբ ամփոփում ենք 2015թ. արդյունքները, Ամերիաբանկի ակտիվներն արդեն գերազանցում են 1 մլրդ դոլարը, ընդհանուր նորմատիվային կապիտալը հասնում է 200 մլն դոլարի շեմին, իսկ աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 600: Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է բոլոր հիմնական ցուցանիշներով: Մենք Հայաստանի տնտեսության ամենամեծ վարկատուն ենք` ունենալով նաեւ ամենամեծ կորպորատիվ վարկային պորտֆելը:

Այս տարիների ընթացքում մենք ավելի քան 2 մլրդ դոլար ենք ուղղել  Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորմանը, այդ թվում՝ ավելի քան 200 մլն դոլար արտահանման խթանմանը, 350 մլն դոլարից ավել՝  փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, իսկ Բանկի ֆինանսական միջնորդությունը 2007թ.  0,09%-ից  2014թ. հասել է 5,91%-ի:

Ամերիաբանկն ամենախոշոր հարկատուն է հայաստանյան բանկերի մեջ, իսկ երկրի ամենախոշոր հարկատուների շարքում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Միեւնույն ժամանակ մենք ամենաարդյունավետ ֆինանսական կառույցներից մեկն ենք, որ զբաղեցնում ենք առաջատար դիրքեր այնպիսի ցուցանիշներով,  ինչպիսիք են կապիտալի շահութաբերությունը, շահույթը, մեկ աշխատակցին բաժին ընկնող եկամուտների մեծությունը, մեկ աշխատակցին բաժին ընկնող ակտիվների մեծությունը եւ այլն:

Այս ամենին մեզ հաջողվեց հասնել յուրահատուկ փիլիսոփայության, կորպորատիվ մշակույթի եւ Ամերիայի մերիտոկրատիայի ոգու շնորհիվ: Այս մշակույթի հիմքում ընկած են մարդկային հատկանիշները եւ մարդկանց պրոֆեսիոնալիզմը, այլ ոչ թե պաշտոնները կամ դիրքերը: Մեր ընկերությունն ունի կառավարման հարթ կազմակերպական կառուցվածք, ինչը թույլ է տալիս նվազեցնել հիերարխիկ մակարդակների քանակը: Դա գործընկերություն է, որը ղեկավար անձնակազմի առանցքային անդամներին թույլ է տալիս սեփական աշխատանքի արդյունքների շնորհիվ ձեռք բերել մասնաբաժին ընկերությունում, ավելացնել այդ մասնաբաժինը եւ իրենց իսկ աշխատանքի որակով ազդել ընկերության գործունեության արդյունքների վրա: Մեր բոլոր հաջողությունները մենք գնահատում ենք երկարաժամկետ հեռանկարի համատեքստում: Մենք սկսել եւ շարունակում ենք կյանքի գործը, այլ ոչ թե պարզապես նախագիծ, որն ունի սկիզբ եւ ավարտ: Մենք հավատում ենք մեր ընկերության ներուժին, տնտեսության եւ այն երկրի ներուժին, որտեղ ապրում եւ աշխատում ենք:

Այս ճանապարհի սկզբում մենք քսան տարով առաջ էինք նայում եւ դրանից ելնելով էինք կառուցում մեր ռազմավարությունը: Մասնավորապես, մենք շատ լուրջ ներդրումներ կատարեցինք տեխնոլոգիական ոլորտի զարգացման մեջ (այն ժամանակ բոլորը մեզ վրա ծիծաղում էին), ոչ պակաս լուրջ միջոցներ հատկացրեցինք ունիվերսալ բանկի մոդելի զարգացմանը. մենք ադեկվատ եւ հավասարակշռված ձեւով զարգացնում էինք մեր բիզնեսի բոլոր ուղղությունները: Մեզ համար առաջնային չէր տվյալ պահին կարճաժամկետ շահույթ ստանալը, այլ միջոցները ներդնում էինք հաճախորդների հետ հարաբերությունների, մեր անձնակազմի, մեր թիմի զարգացման մեջ: Այս բոլոր գործոնները մեր բաժնետիրական կառուցվածքի, հաճախորդների լոյալության, առանցքային որոշումների կայացման համար ճիշտ ժամանակ ընտրելու հետ միասին բերեցին նրան, որ մեզ հաջողվեց իրականացնել մեր ծրագրերը եւ փոքր ընկերությունը դարձնել տեղական շուկայի չեմպիոն, տարածաշրջանի ֆինանսական շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը եւ մեր երկրի ֆինանսական հատվածի ամենամեծ դերակատարը:

Ամերիաբանկն արդեն երեք տարի հայաստանյան բանկային շուկայի առաջատարն է: ՎԶԵԲ-ի եւ IFC-ի հետ պայմանագրերը կնքելուց հետո Ամերիաբանկի կապիտալը զգալիորեն ավելանում է: Այս ամենով ի՞նչ հեռանկարներ են բացվում Ամերիաբանկի եւ միգուցե ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար:

Այս գործարքները կնքելուց հետո մեր կապիտալը փաստորեն կրկնապատկվեց, ինչը մեզ թույլ կտա շուրջ երկու անգամ ավելացնել ակտիվները: Մեր առջեւ, իրոք, բացվում են նոր հեռանկարներ եւ եզակի հնարավորություններ: Ինչպես գիտեք, Հայաստանի ՀՆԱ-ն կենտրոնացված կառուցվածք ունի: Օրինակ, արտահանման մեկ երրորդը բաժին է ընկնում լեռնահանքային արդյունաբերությանը: Մեկ նախագծի շրջանակներում պահանջվող վարկավորման նվազագույն չափն այս ոլորտում կազմում է 30-50 մլն դոլար, եւ ոչ մի հայկական բանկ ի վիճակի չէր միայնակ սպասարկել նման հայտերը: Բանկի խոշորացումը նոր հնարավորություններ է բացում կապիտալի միջազգային շուկաներ եւ B2B ֆինանսավորման շուկաներ դուրս գալու համար: Դա նաեւ լավ հնարավորություն է՝ զարգանալու համաշխարհային ցնցումների պայմաններում, ծանր ժամանակներում բանկի փոխակերպման նոր ծրագրեր սկսելու, ֆինանսական աջակցության կարիք ունեցող տնտեսության ոլորտներին եւ այդ ոլորտների հեռանկարային խաղացողներին աջակցելու համար: Միաժամանակ բանկի աճին զուգահեռ մեզ հասանելի են դառնում միջազգային լավագույն փորձը, եզակի ծրագրային լուծումները, տեխնոլոգիական արդի պրոդուկտները, որոնք կիրառվում են աշխարհի շատ երկրներում: Նման լուծումների եւ պրոդուկտների ներդնումը պահանջում է լուրջ ներդրումներ, եւ այս առումով բանկի չափը առանցքային նշանակություն ունի, քանի որ բանկի հաշվեկշռը պետք է թույլ տա բիզնեսի մասշտաբին համադրելի ծախսեր:

Ինչպիսի՞ փոփոխություններ են ակնկալվում բանկի կորպորատիվ կառավարման համակարգում ՎԶԵԲ-ի կողմից բաժնետիրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելուց հետո:

Դեռ մինչեւ ՎԶԵԲ-ի հետ գործարք կնքելը մենք ունեինք կապիտալի միջազգային շուկաներ դուրս գալու նպատակ եւ հավակնոտ ծրագրեր, այն է՝ իրականացնել IPO (առաջնային հրապարակային տեղաբաշխում), որը հավանաբար կլինի առաջին հայկական IPO-ն միջազգային ասպարեզում: Այդ կապակցությամբ մենք դեռ մի քանի տարի առաջ սկսեցինք IPO-ի ներքին նախագիծը: Բանկում տեղի ունեցող բոլոր գործընթացները եւ փոփոխություններն իրականացվում են հենց այդ համալիր նախագծի շրջանակներում եւ համապատասխան տրամաբանությամբ, որը ներառում է նաեւ փոփոխություններ կորպորատիվ կառավարման համակարգում: Մեր Տնօրենների խորհրդի կազմում վաղուց ընդգրկված է անկախ տնօրեն, գործում են Տնօրենների խորհրդին կից կոմիտեներ, եւ կորպորատիվ փոփոխությունների շրջանակներում ներկայումս ձեւավորում ենք Տնօրենների խորհրդին կից երեք կոմիտե` կապիտալի միջազգային շուկաների լավագույն փորձին համապատասխան: Այս առումով ՎԶԵԲ-ի բաժնեմասնակցությունը եւ IFC-ի հետ գործընկերության նոր մակարդակն ավելի առանձնահատուկ են դարձնում մեր նախագիծը: 2016թ. ընթացքում Ամերիաբանկի Տնօրենների խորհրդը կհամալրվի անկախ տնօրենով, որը կներկայացնի ՎԶԵԲ-ը, եւ մենք կշարունակենք բանկի կորպորատիվ կառավարման համակարգի գլոբալ փոփոխությունները:

Ամերիաբանկի ղեկավարությունը հայտարարում էր, որ բանկը նախատեսում է IPO իրականացնել 2016թ., եթե համաշխարհային եւ տեղական տնտեսության վիճակը կայուն լինի: Փոխվե՞լ են արդյոք ձեր ծրագրերը:

Մենք գնում ենք դեպի IPO: Եվ մենք շատ լավ պատկերացնում ենք, թե որքան բարդ է այս գործընթացը, ինչպիսի ներքին ռեսուրսներ են պահանջվում: Մի քանի տարի առաջ մենք հայտարարել էինք IPO-ի մասին, որպես մեր թիմի 2014թ ներքին նպատակ, հետո տեղափոխեցինք այդ ժամկետը 2016թ.: Այժմ մեզ համար ակնհայտ է, որ 2018-19թթ. շուտ դա անհնար է: Բացատրեմ, թե ինչու: Պատճառը միայն աշխարհում, տարածաշրջանում եւ մեր երկրում տնտեսական բարդ իրավիճակը չէ: Կան բազմաթիվ այլ կարեւոր գործոններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել: Մենք ներգրավել ենք խորհրդատուների, աշխատում ենք խոշոր ներդրումային բանկերի հետ եւ հասկանում ենք, որ IPO-ն հաջողությամբ իրականացնելու համար տեղաբաշխման ծավալը պետք է կազմի առնվազն 80-100 մլն դոլար: Տեղաբաշխման նվազագույն ծավալի տեսակարար կշիռը բանկի կապիտալում չի կարող գերազանցել 30-40%-ը: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ բանկին այս ցուցանիշն ապահովելու համար անհրաժեշտ է եւս 150-200 մլն դոլարի կապիտալ: Հաշվի առնելով տեղաբաշխման ընթացքում հնարավոր գնի վրա ազդող մուլտիպլիկատորները՝ թեկուզ 50-80 մլն դոլարի սահմաններում հաջողությամբ IPO իրականացնելու համար բանկի կապիտալը պետք է կազմի 250-300 մլն դոլար: Ներկա պահին մենք մոտ ենք 200 մլն դոլարի շեմին եւ գիտակցում ենք, որ դեռ հեռու ենք մեր նպատակից: Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք կնքել միաձուլման եւ կլանման գործարքներ, որ բանկի կապիտալը հասցնենք առնվազն 250-300 մլն դոլար եւ իրականացնենք բաժնետոմսերի իրացվելի տեղաբաշխում կապիտալի շուկայում: Սրանք մեր առջեւ դրված ներքին խնդիրներն են: Բնականաբար, արտաքին միջավայրը նույնպես պետք է նպաստավոր լինի IPO իրականացնելու համար:

IPO-ն ինքնանպատակ չէ, այլ ադեկվատ, արդար եւ իրական արժեքով ռեսուրսներ ներգրավելու միջոց, որը կարտացոլի մեր ակտիվների որակը զարգացման հետագա փուլերի ապահովման համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետեւողականորեն աշխատել, ապահովել ինտենսիվ եւ էքստենսիվ աճ եւ սպասել հարմար պահի: Կցանկանայի նշել, որ ներդրողները գնահատում են ոչ միայն բանկի չափը, այլ նաեւ նրա շահութաբերությունը, կապիտալի եկամտաբերությունը, վարկային պորտֆելի որակը:

Ո՞րն է Ամերիաբանկի հետագա գործունեության ռազմավարությունը: Աճի ի՞նչ ցուցանիշներ եք նախանշել ձեզ համար:

Ռազմավարության մի մասին ես արդեն անդրադարձա, այն է՝ մուտք գործել կապիտալի միջազգային շուկաներ: Իսկ հիմա մեր խնդիրն է աճել եւ՛ օրգանական, եւ՛ ոչ օրգանական ճանապարհով, աճել՝ ապահովելով առավելագույն շահութաբերություն, որ կապիտալի եկամտաբերության ցուցանիշը հասցնենք 20%-ի, բարելավել ակտիվների որակը, ընդգրկել մեր տնտեսության բոլոր հատվածները եւ տանել կազմակերպությունը ունիվերսալ բանկի ուղղությամբ: Ի դեպ, ոչ օրգանական աճի ռազմավարությունը մենք իրականացնում ենք արդեն երեք տարի: Ինչպես գիտեք, մենք ունենք Կասկադ բանկի, Նորվիկ ՈՒՎԿ վարկային պորտֆելի ձեռքբերման հաջողված փորձ: Հուսով ենք, որ արդեն այս տարի կկարողանանք կիրառել այս փորձն այլ նմանատիպ նախագծերում եւ կավելացնենք կապիտալը միաձուլման եւ ձեռքբերման գործարքների շնորհիվ:

Ինչ վերաբերում է աճի ուղենիշային ցուցանիշներին, ապա տարին երկու անգամ մենք անցկացնում ենք ռազմավարական ժողովներ՝ Հայաստանում եւ տարածաշրջանում իրավիճակը գնահատելու, հնարավոր խնդիրների կառուցվածքը, բնույթը եւ ուղղվածությունը բացահայտելու նպատակով, ինչպես նաեւ որոշելու տնտեսության այն ոլորտները, որոնք առավել քիչ են ենթարկվելու նշված պրոցեսների ազդեցությանը: Ամեն տարի մենք մեզ համար սահմանում ենք ոլորտները, որոնց վրա կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը: Այս պահին դա փոքր եւ միջին բիզնեսն է, որը նաեւ որոշակի ռիսկերը դիվերսիֆիկացնելու հնարավորություն է տալիս, արտահանողների հետ համագործակցության դիվերսիֆիկացումն է, եւ իհարկե, մանրածախ բանկային գործունեությունը: Ութ տարի շարունակ մենք շատ ակտիվ կերպով եւ մեծ հաջողությամբ զարգացնում էինք եւ՛ կորպորատիվ հատվածը, եւ՛ ներդրումային բանկային ոլորտը, եւ՛ մանրածախ գործունեությունը: Սակայն առկա ներուժի առումով մեզ դեռ չի բավարարում հավասարակշռությունը մանրածախ գործունեության մեջ, որպեսզի մեզ իսկապես համարենք ունիվերսալ բանկ: Չնայած բացարձակ ցուցանիշներով մենք Հայաստանի ամենախոշոր մանրածախ բանկերից մեկն ենք, հարաբերական ցուցանիշներով մանրածախ գործունեությունը մեր հաշվեկշռում դեռ 40%-ից ցածր է:

Պարոն Մկրտչյան, Ամերիաբանկը հաջողությամբ իրականացնում է նաեւ սոցիալական պատասխանատվության ռազմավարություն, ակտիվ կերպով զբաղվում բարեգործությամբ: Սակայն բանկի կայքում այս տեղեկատվությունը կարող է գտնել նա, ով այն հատուկ փնտրի:

Մենք շատ լուրջ ենք մոտենում մեր սոցիալական պարտավորություններին, սակայն այնքան էլ չենք սիրում խոսել այդ մասին...

Այնուամենայնիվ, Դուք ամփոփում եք յոթ տարվա աշխատանքի որոշակի արդյունքներ, եւ կարծում եմ, որ մեր ընթերցողներին ձեր գործունեության այս կողմը նույնպես կհետաքրքրի:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր ռազմավարությամբ նախատեսված են տարբեր ծրագրեր: Նրանց մի մասը, օրինակ, վերաբերում է արվեստին: Ինչպես գիտեք, մենք աջակցել էինք Երեւանում ջազի միջազգային փառատոնի անցկացման նախաձեռնությանը, յոթ տարի շարունակ հովանավորել ենք այնպիսի երաժիշտների համերգները Հայաստանում, ինչպիսիք են Ալ Ջերոն, Ջորջ Բենսոնը, Նինո Կատամաձեն: Մենք սատարում ենք երիտասարդներին իրենց մասնագիտական աճի, նորարարությանն ուղղված եւ տարբեր այլ նախաձեռնություններում:

Մենք նաեւ ակտիվ կերպով ֆինանսավորում ենք մանկատները եւ հիվանդանոցները: Արդեն մի քանի տարի անընդմեջ աջակցում ենք ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով ամանորյա միջոցառումներ, որոնցում ընդգրկված են մեր հաճախորդները, գործընկերները եւ մեր թիմը: Որպես կանոն, բանկը կրկնապատկում է նման միջոցառումներից ստացված հասույթը եւ այն փոխանցում Հայաստանի մի շարք հիմնադրամների՝ երեխաների բուժման նպատակով:

Մենք ունենք սոցիալական պատասխանատվության լայնածավալ եւ մանրակրկիտ մշակված ծրագիր, որը մենք իրագործում ենք եւ շարունակելու ենք իրագործել:

 

Աղբյուրը՝ news.am