Հաճախորդներն ընտրում են հուսալիությունն ու համբավը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Մրտ

Հաճախորդներն ընտրում են հուսալիությունն ու համբավը

Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանի հետ

Պարո՛ն Մոսիկյան, ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել ներդրումային բանկային գործունեության շուկան վերջին տարիներին:

Շուկայում էական վերափոխումներ չեն դիտվում: Միակ փոփոխությունը, որ կցանկանայի նշել, տեղական խորհրդատվական ընկերությունների հանդեպ հաճախորդների վերաբերմունքի փոփոխությունն է: Դեռևս մի քանի տարի առաջ մեծ նախագծերի կառավարումն իրականացնելու համար բաժնետերերը գերադասում էին դիմել արտասահմանյան ընկերություններին, իսկ այժմ, որպես կանոն, նրանք նախապատվությունը տալիս են տեղական ընկերություններին:
Եթե փորձենք բնութագրել ներդրումային բանկային ծառայությունների շուկան գնային տեսանկյունից, ապա շուկայի գլխավոր մասնակիցների միջև մրցակցությունը հիմնականում ծավալվում է բարձր գնային սեգմենտում: Մեր մրցակինցներն են «Մեծ քառյակի» հայաստանյան դուստր ընկերությունները: «Մեծ քառյակ» են կոչվում աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող աշխարհի չորս խոշորագույն ընկերությունները: Այդուհանդերձ, Ամերիաբանկի և «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կնքված գործարքների քանակը, ներդրումային բանկային ծառայությունների և հաճախորդներին տրամադրված խորհրդատվական ծառայությունների ծավալը գերազանցում է մեր բոլոր մրցակիցների կողմից մատուցված ծառայությունների ծավալը, ընդ որում բոլորինը միասին վերցրած: Միջին գնային սեգմենտում հատուկ մրցակցություն չի նկատվում, հիմնական խաղացողներն այստեղ միջազգային աուդիտորական ընկերությունների «Մեծ տասնյակի» ընկերություններն են: Ցավոք, Հայաստանում ներդրումային բանկային ծառայությունների էկոնոմ սեգմենտը դեռևս զարգացած չէ, փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում նշված ծառայությունների պահանջարկը ցածր է, և հատուկենտ են լինում: Պետք է նշեմ, որ շուկայի պրեմիում սեգմենտը լճացման փուլում է, ինչն իր օբյեկտիվ պատճառներն ունի: Պրեմիում սեգմենտը հիմնականում կապված է եղել սեփականաշնորհման տենդերների և պետության ենթակառուցվածքային նախագծերի հետ: Այս սեգմենտում հիմնականում աշխատում էին հայտնի համաշխարհային ներդրումային բանկերը, որոնք խորհրդատվական ծառայություններ էին մատուցում Հայաստանի կառավարությանը: Նման խորհրդատվական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները բավականին բարձր են, այդ պատճառով նախագծերի արժեքը պետք է գերազանցի 100 միլիոն ԱՄՆ դոլարը: Քանի որ Հայաստանում գրեթե բոլոր խոշոր ակտիվներն արդեն սեփականաշնորհվել են, այս սեգմենտը, ինչպես արդեն նշեցի, լճացման փուլում է, եթե իհարկե հաշվի չառնենք համաշխարհային անդերրայթերների սինդիկատի կողմից սուվերեն եվրոպարտատոմսերի երկու թողարկումների կազմակերպումը:
Ապրանքային տեսականու տեսանկյունից մենք մեզ շուկայում բավականին հարմարավետ ենք զգում: Օրինակ՝ ըստ միջազգային CBonds ֆինանսական տեղեկատվական գործակալության՝ պարտքային արժեթղթերի (պարտատոմսերի) անդերրայթինգի գծով ծառայությունների շուկայում Ամերիաբանկի մասնաբաժինը գերազանցում է 40%-ը: Ընդհանուր առմամբ մենք տեղաբաշխել ենք ավելի մեծ քանակությամբ հաճախորդների արժեթղթեր, քան անդերրայթինգ իրականացնող մնացած բոլոր բանկերը միասին: 2015թ-ին մենք կազմակերպել ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) դրամային պարտատոմսերի երեք թողարկումների տեղաբաշխումը, NASDAQ OMX Armenia առևտրային հարթակում երկրորդային իրացվելի շուկա ենք ապահովել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC), ՎԶԵԲ-ի և տեղական կորպորատիվ էմիտենտների պարտատոմսերի համար: Մեր այս տարվա պլանները ևս բավականին ամբիցիոզ են: Ամենայն հավանականությամբ Ամերիաբանկն առաջին անգամ կթողարկի իր սեփական պարտատոմսերը: Մենք նաև պարտատոմսերի հերթական թողարկումների հարցի շուրջ բանակցում ենք պոտենցիալ էմիտենտների հետ:
2015թ-ին մենք մեր կորպորատիվ հաճախորդների համար 120 մլն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ միջոցներ ենք ներգրավել: Եվս 50 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցների ներգրավումն ընթաքի մեջ է: 2015թ-ը Եվրասիական տնտեսական միության (նախ և առաջ Ռուսաստանի) շուկաներում նոր հնարավորությունների առաջացման, ինչպես նաև մրգի և բանջարեղենի նկատմամբ պահանջարկի աճի տեսանկյունից բավականին հաջող տարի էր ագրոբիզնեսի համար: Արդեն իսկ տարեսկզբից տեղական արտադրողներն արտադրական հզորության ավելացման համար երկարաժամկետ կապիտալի սուր պակաս սկսեցին զգալ: Եվ մենք օգնում ենք նրանց այս խնդիրների լուծման հարցում:
2015թ-ը նշանակալից էր նաև M&A գործարքների (ընկերությունների առքուվաճառք, կապիտալում ռազմավարական բաժնետիրոջ ներգրավում) տեսանկյունից: Մենք խոհրդատվական ծառայություններով մասնակցել ենք նախորդ տարի Հայաստանում կնքված գրեթե բոլոր խոշոր գործարքներին: Խոսքը հիմնականում հանքաարդյունաբերության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում իրականացված գործարքների մասին է:
Շուկայում նաև մեծ պահանջարկ ունեն բիզնեսի գնահատման ծառայությունները (կապիտալի/բիզնեսի/մասնաբաժնի գնահատման հաշվետվությունների կազմում): Օտարերկրյա ներդրողները, միջազգային ֆինանսական հաստատությունները, սփյուռքի ներդրողները և տեղական շուկայի կորպորատիվ հաճախորդներն արդեն երկար տարիներ օգտվում են բիզնեսի իրական շուկայական արժեքի (fair market value) կամ ընկերության կապիտալում բաժնեմասնակցության գնահատման մեր ծառայություններից: Գնահատման մեր հաշվետվությունները դիմակայում են հիմնավորվածության խստապահանջ ստուգմանը փորձագետների, միջազգային ներդրումային բանկերի և խորհրդատուների կողմից, և հաճախորդները ստանալով ակտիվների գնահատման մեր եզրակացությունը` հանգիստ բանակցություններ են վարում և բարեհաջող ավարտին հասցնում բիզնեսի (բաժնեմասնակցության) առքուվաճառքի գործարքները:
Ամփոփելով այս ամենը՝ կցանկանայի նշել, որ ներդրումային բանկային ծառայությունների շուկայում Ամերիաբանկի առաջատար լինելու փաստն ընդգծվել է Global Finance ամսագրի կողմից, որը բոլորովին վերջերս հրապարակել էր աշխարհի լավագույն ներդրումային բանկերի ցանկը:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի մրցակցային միջավայրը շուկայի նշված սեգմենտում:

Խորհրդատուի ընտրության ժամանակ միշտ և ամենուր հիմնական և որոշիչ չափանիշը մատուցվող ծառայությունների որակն է: Այս առումով Հայաստանը նույնպես բացառություն չի կազմում, և մեր հաճախորդներն ընտրություն կատարելիս նախապատվությունը տալիս են նախագծերի կառավարման հստակ մշակված գործընթացներ ու տեխնոլոգիաներ, գաղտնիության ապահովման բարձր մակարդակ, ինչպես նաև բարձր հուսալիություն և համբավ ունեցող ընկերություններին: Հաջողակ գործունեության համար ոչ պակաս կարևոր գործոն է նաև խորհրդատուի ֆինանսական ներուժը: Այս տեսանկյունից Ամերիաբանկը մեր շուկայում առանձնահատուկ դիրք է գրավում, քանի որ այն հանդիսանում է Հայաստանում խոշորագույն առևտրային բանկի և ներդրումային բանկային գործունեության սիմբիոզ: Մենք ունենք ֆինանսական այն բազան, որը երբեմն այնքան անհրաժեշտ է լինում ընկերությունների գնման կամ վաճառքի, արժեթղթերի թողարկման կամ այլ գործարքներ բարեհաջող ավարտին հասցնելու համար: Հայաստանյան շուկայում գործող մնացած բոլոր խորհրդատուներն ունեն ֆինանսական միջոցների սահմանափակ կամ միջնորդավորված հասանելիություն: Մեր հաճախորդները բոլոր հարակից ծառայությունները (ֆինանսական, հարկային և առևտրային համապատասխանության ստուգման, իրավաբանական փորձաքննություն, պայմանագրերի կազմում, գործարքների ֆինանսավորում) «մեկ պատուհանի» սկզբունքով մեկ փաթեթում ստանալու հնարավորություն ունեն: Բացի այդ, մեր ընկերության կապերն իրական հատվածում գործող ընկերությունների հետ, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդների կարիքների իմացությունն Ամերիաբանկի մրցակցային առավելություններից են:
Կցանկանայի նշել, որ ներդրումային բանկային ծառայությունների շուկան բավականին զարգացած և դինամիկ է, բայց այդ մասին ոչ բոլորը գիտեն: Ցավոք, ներդրումային բանկային գործունեությունը՝ որպես ֆինանսական շուկայի սեգմենտ, դուրս է մնում զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունից: Հայաստանում իրականացվող խոշոր գործարքների մասնակիցները, մանրամասներն ու շարժառիթները համարժեք կերպով չեն լուսաբանվում: Բայց չէ որ այստեղ բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում:

Պարո՛ն Մոսիկյան, ինչպե՞ս եք գնահատում արժեթղթերի շուկա դուրս գալու հայկական ընկերությունների հնարավորությունները: Որքանո՞վ են օտարերկրյա ներդրողները հետաքրքրված հայկական ընկերությունների պարտատոմսերով:

Պարտատոմսերի տեղական շուկա դուրս գալու համար ես խոչընդոտներ չեմ տեսնում: Կարևոր է ցանկության առկայությունը և ներդրողներին վարկային ռիսկի ընդունելի սահմանաչափ առաջարկելը: Ինչ վերաբերում է եվրոպարտատոմսերի շուկային, ապա էմիտենտի ցանկությունը և անդերրայթերի ծառայությունների դիմաց վճարման պատրաստակամությունը բավարար չեն: Նախ և առաջ խոսքը պետք է գնա նվազագույնը 75 մլն ԱՄՆ դոլարի, իսկ ավելի ցանկալի է 150 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսի թողարկման մասին: Ինչպես տեսնում ենք, սա լուրջ խոչընդոտ է տեղական ընկերությունների համար, և ստացվում է, որ պոտենցիալ էմիտենտներ կարող են դառնալ միայն խոշոր ընկերությունները: Ընդ որում, նրանք պետք է ունենան միջազգային վարկանշող գործակալությունների (ցանկալի է երկու գործակալության) կողմից սահմանված վարկային վարկանիշ և որակյալ վարկային պատմություն:
Օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքը ենթադրում է ֆինանսական հաշվետվությունների թափանցիկության, կորպորատիվ կառավարման որակի և կառավարման անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բոլորովին այլ մակարդակ: Իսկ այս ամենը ենթադրում է բավականին մեծ ծախսեր պատկառելի աուդիտորական ընկերության և վարկանշող գործակալությունների ծառայությունների համար:

Աճի ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում ՎԶԵԲ-ի բաժնեմասնակությունը Ամերիաբանկի կապիտալում:

Ակնհայտ է, որ ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի համագործակցությունը սիներգիկ ազդեցություն ունի մեր գործունեության տարբեր ուղղությունների վրա: Ինչպես գիտեք, ՎԶԵԲ-ն ուղղակի ներդրումների բազմաթիվ նախագծեր է իրականացնում Հայաստանում, Վրաստանում և ԱՊՀ երկրներում: Ամերիաբանկն իր հերթին ունի հասանելիություն պոտենցիալ ներդրողների լայն շրջանակի, որոնք հետաքրքրված են նշված տարածաշրջաններում ուղղակի ներդրումներ կատարելով, ինչպես նաև ունեն ռեսուրսներ ընկերությունների ձեռքբերման գործարքների համաֆինանսավորման (LBO/MBO) համար: Հետևաբար, մեկ կողմի հետ իրականացված բարեհաջող գործարքը կնշանակի նախագծից բարեհաջող և շահավետ դուրս գալու ելք մյուս գործընկերոջ համար: Պետք է նշեմ, որ կորպորատիվ ֆինանսական և ներդրումային բանկային ծառայությունների գծով գիտելիքները, տվյալների բազաները և մասնագիտական կապերը հասանելի էին մեզ դեռևս մինչև ՎԶԵԲ-ի հետ գործարքի կնքումը: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են փորձառու ֆինանսիստներ, ներդրումային բանկիրներ, վենչուրային ֆոնդերի և միջազգային մակարդակի ֆինանսական ակտիվների կառավարիչներ: ՎԶԵԲ-ի հետ գործարքի կնքումից հետո մեզ կմիանա նոր անկախ տնօրեն, ով ներկայացնում է ՎԶԵԲ-ը և մեծ փորձ ունի ֆինանսական, առևտրային և ներդրումային բանկային ծառայությունների մատուցման ոլորտներում: Հետևաբար, մեր թիմը կհամալրվի ևս մեկ բարձրակարգ մասնագետով, ով իր փորձով ու գիտելիքներով կաջակցի մեր ծառայությունների առաջխաղացմանն ու դրանց որակի բարելավմանը: 

 

Աղբյուրը՝ armenpress.am