Այն ամենը, ինչ կցանկանաք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
06Հնս

Այն ամենը, ինչ կցանկանաք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին

Andranik Khachatryan head of Ameriabank's branchesՎարկի վերաֆինանսավորումը ֆինանսական դժվարությունները հաղթահարելու կամ պարզապես ծախսերը կրճատելու հիանալի միջոց է, այսինքն` միևնույն վարկը վերցնել առավել հարմար պայմաններով: Վերաֆինանսավորման միջոցով կարելի է ստանալ վարկ ավելի մեծ գումարով, ավելի երկար ժամկետով, առավել ցածր տոկոսադրույքով, նվազեցնել ամսական մարումների չափը, միավորել մի քանի վարկ մեկում և այլն: Վարկի վերաֆինանսավորման առաջարկները շուկայում շատ չեն, բայց կան: Ամերիաբանկը վարկերի վերաֆինանսավորման արշավ է իրականացնում այն վարկառուների համար, ովքեր ցանկանում են արդյունավետ կերպով տնօրինել իրենց ֆինանսական ռեսուրսները և ժամանակը: Մենք Ամերիաբանկի աշխատակիցներից ճշտել ենք այն ամենը, ինչ Դուք կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին, և կներկայացնենք Ձեզ ամեն ինչ ըստ հերթականության: Այսօր մեր թղթակցի զրուցակիցներն են «Ամերիաբանկ» ՓԲԸ Տարածքային ստորաբաժանումների կառավարման վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և նախագծի ղեկավար Օֆելյա Մարտիրոսյանը:

Պրն Խաչատրյա՛ն, վարկավորման շուկայում բարդ իրավիճակ է տիրում: Հասարակության շրջանում անընդհատ քննարկվում է ֆինանսական հաստատությունների նկատմամբ ձեռնարկությունների և անհատների վարկային պարտավորությունների հարցը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

Հայաստանում, ինչպես և ողջ հետխորհրդային տարածքում, բարդ իրավիճակ է ստեղծվել: Տնտեսության արագ վերականգնման կանխատեսումները չիրականացան, և մենք չկարողացանք հասնել ՀՆԱ-ի աճի և տնտեսական ակտիվության մինչճգնաժամային ցուցանիշներին: Ընդ որում, 2008-2009թթ. ճգնաժամն արագ հաղթահարելու սպասումները բերեցին նրան, որ շատ ձեռնարկատերեր կուտակեցին վարկեր, սակայն տնտեսական աճի տեմպերի նվազման, սպառողների պահանջարկի անկման պայմաններում վարկառուների վիճակը կտրուկ վատթարացավ: Որոշ ընկերություններում շահույթը կրճատվեց 20-30%-ով, ու եթե դրան գումարենք նաև 15-20%-ով դրամի արժեզրկումն ու գնաճը, ապա պարզ է դառնում, որ վարկերի, հատկապես դոլարային, մարումը դառնում է խնդրահարույց: Կցանկանայի նշել, որ չարդարացված լավատեսական սպասումները որոշակի իմաստով նպաստում են խնդրահարույց վարկերի աճին: Շատերն անընդհատ սպասում են, որ կգան լավ ժամանակներ, և խնդիրը կլուծվի: Սակայն մեր կարծիքով, հաջողակ են նրանք, ովքեր ցանկացած իրավիճակում կարող են որոշումներ կայացնել: Ստեղծվել է նոր իրականություն, որը գուցե շատ բարենպաստ չէ, բայց կայուն է, և իմ կարծիքով բոլորն արդեն համակերպվել են այդ նոր իրականությանը: Մենք սովոր ենք դժվարությունների և հասկանում ենք, որ նոր միջավայրում ևս կարելի է ակտիվ լինել, շարունակել աճել ու զարգանալ:

Ստեղծված նոր իրավիճակում ձեռնարկատերերն առավել զգուշավոր են դարձել, ռիսկի չեն դիմում նոր նախագծեր սկսելու և արդեն գործող բիզնեսն ընդլայնելու համար:

Ոչ միայն ռիսկի չեն դիմում բիզնեսում ներդրումներ կատարելու համար, այլև շատ հաճախ ունենալով վարկային պարտավորություններ, չեն կարողանում սպասարկել հավելյալ վարկային բեռ և զարգացնել բիզնեսը: Մենք մշտապես իրականացնում ենք հաճախորդների կարիքների բացահայտման մոնիթորինգ: Եվ շատ լավ գիտենք, որ հաճախորդների ֆինանսական հոսքերը փոխվել են, մենք հասկանում ենք, որ նրանց անհրաժեշտ է բանկի աջակցությունը և կարիք ունեն նոր բանկային պրոդուկտների` երկարաժամկետ և առավել մրցունակ տոկոսադրույքներով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ցանկանալով աջակցել տնտեսության ակտիվության աճին՝ Ամերիաբանկն այլ բանկերի վարկառուներին առաջարկեց վերաֆինանսավորել իրենց վարկն Ամերիաբանկում՝ հնարավորություն տալով երկարաձգել վարկի ժամկետը: Այս առաջարկը գործում է մինչև 2016թ-ի օգոստոսի 1-ը և տարածվում է բիզնես-վարկերի, հիփոթեքային վարկերի, անշարժ գույքով կամ ավտոմեքենայի գրավով ապահովված սպառողական վարկերի, չվերականգնվող վարկային գծերի և օվերդրաֆտների վրա:

Վերաֆինանսավորման արդյունքում նվազում է վարկի ամսական մարումների չափը, և առաջանում են ազատ ռեսուրսներ, որոնք կարելի է ուղղել այլ խնդիրների լուծմանը: Կցանկանայի նշել, որ նախորդ տարին մեզ համար շատ հաջող էր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության առումով: Մենք գրեթե կրկնապատկեցինք բանկի կապիտալը, ինչի շնորհիվ Ամերիաբանկն այժմ կարող է լավագույն պայմաններն առաջարկել վարկառուներին: Անմիջապես ասեմ, որ այս առաջարկն ուղղված չէ այն հաճախորդներին, ովքեր վարկի մարման հետ կապված խնդիրներ ունեն: Եթե վարկառուի եկամուտն անընդհատ նվազում է, և նա չի կարողանում սպասարկել վարկը, ապա այդ խնդրի լուծման համար այլ ուղիներ է պետք փնտրել: Մենք ցանկանում ենք ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր վարկերի և դրանց մարման նոր մոտեցումների կարիք ունեն, մարդկանց, ում եկամուտը գուցե և նվազել է, բայց մնում է կայուն: Այդ հաճախորդներին մենք պատրաստ ենք առաջարկել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում վարկի մարումները համապատասխանում են իրենց եկամուտներին, ուստի առաջարկը վերաբերում է այն վարկերին, որոնք նվազագույնը մեկ տարվա սպասարկման պատմություն ունեն: Իմ գործընկերներն, իհարկե, այս զրույցի շարունակության ընթացքում առավել մանրամասն կպատմեն Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկերի վերաֆինանսավորման առաջարկի մասին: Իսկ ես նշեմ, որ պրոդուկտն ուղղված է այն անձանց, ովքեր ցանկանում են միավորել վարկերը, կազմել մարումների առավել հարմար ժամանակացույց, կրճատել ամսական մարումների չափը, այսինքն՝ վարկի սպասարկումը դարձնել առավել հարմար ու արդյունավետ: Նշեմ նաև, որ վերաֆինանսավորումը կարող է զուգակցվել նաև վարկի գումարի ավելացմամբ, եթե նման անհրաժեշտություն կա:

Ofelia MartirosyanՀաջորդ հարցն ուղղվում է Օֆելյա Մարտիրոսյանին:

Ես տեսել եմ վարկերի վերաֆինանսավորման հետ կապված ձեր գովազդը՝ «Hypo և Bizo»-ն: Փաստորեն Ամերիաբանկն այս ոլորտում ևս կրեատիվ մոտեցում դրսևորեց:

Գովազդային արշավի կերպարները ստեղծվել են երկարատև մտորումների և քննարկումների արդյունքում: Մենք որոշեցինք ռիսկի դիմել: Պատկերացրինք մի ընտանիք, որն ունի կայուն ամսական եկամուտ և  վարկ, որի մարման համար ծախսվում է ընտանիքի ամսական եկամտի 30%-ը: Դրամի արժեզրկման, ընտանիքի եկամտի կրճատման և գնաճի արդյունքում ստեղծված իրավիճակում վարկի սպասարկման համար ծախսվում է ընտանեկան բյուջեի զգալի մասը, և առաջանում է զգացողություն, որ ի հայտ է եկել ընտանիքի նոր անդամ, որի համար բավականին շատ գումար է ծախսվում: Մինույն պատկերն է նաև փոքր և միջին բիզնեսի դեպքում, կարծես թե ի հայտ է գալիս նոր աշխատակից, որին անհրաժեշտ է հատկացնել բյուջեի մի մասը, չնայած ընկերության այլ ծախսերի նվազեցմանը: Այսպես ծնվեց այն գաղափարը, որ կարելի է վարկն արտահայտել մի կերպարի տեսքով, որը սպառում է ընտանիքի և բիզնեսի միջոցները: Եվ մենք նախընտրեցինք ստեղծել թեթև, ուրախ և չարաճճի մի կերպար, որը դրական հույզեր կառաջացնի և կօգնի հանրությանը հասցնել մեր արշավի հիմնական գաղափարը՝ Ամերիաբանկի առաջարկը թեթևացնում է վարկառուի վարկային բեռը:


Այնպիսի լուրջ ոլորտի համար, ինչպիսին բանկային գործունեությունն է, նման կերպարի ստեղծումը համարձակ քայլ է:

Այո, այն ոճը, որով ստեղծվել են այս արշավի գովազդային հոլովակները, շատ է տարբերվում այն իմիջից որը ստեղծել է Ամերիաբանկը: Մենք նույնիսկ պատրաստվել էինք դիմակայել քննադատությանը: Բայց ի զարմանս և ի ուրախություն մեզ, գաղափարը սիրվեց թե՛ մեր աշխատակիցների և թե՛ ընդհանուր առմամբ հանրության կողմից: Իսկ Hypo և Bizo անվանումները («հիփոթեք» և «բիզնես-վարկ» բառերի կրճատ տարբերակները), ինչպես ասում են, ընդունվեցին ժողովրդի կողմից: Իսկ ամենակարևորը` գովազդային արշավն սկսելուց հետո վաճառքի ծավալները գերազանցեցին մեր բոլոր սպասումները: Իսկ դա նշանակում է, որ մեր խնդիրը` ցույց տալ մարդկանց, որ իրականում նպատակաուղղված և ճիշտ կառուցված վարկը ծառայում է աճին ու զարգացմանը, օգնում է օգտվել կյանքի ընձեռած հնարավորություններից, մենք կարողացանք հաջողությամբ լուծել:

Շնորհակալություն հետաքրքիր տեղեկությունների համար:

Իսկ վաղը մեր զրույցը կլինի շատ պահանջված մի թեմայի շուրջ՝ այն մասին, թե ինչ կշահի փոքր և միջին բիզնեսն Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկերի վերաֆինանսավորման շրջանակներում: 

Աղբյուրը՝ tert.am