Բացահայտում ենք սպառողական վարկերի առանձնահատկությունները
Նախորդ օրերին մենք զրուցեցինք այն մասին, թե ինչպես է առաջացել Bizo-ի և Hypo-ի գաղափարը, այն մասին, թե ինչ առավելություններ է տալիս Ամերիաբանկի կողմից ներկայացված վարկերի վերաֆինանսավորման առաջարկը փոքր և միջին բիզնեսի ոլորտում գործող ձեռնարկատերերին: Այսօր «Ամերիաբանկ» ՓԲԸ «Երիտասարդական» մասնաճյուղի կառավարիչ Ավետիք Ավետիսյանը կպատմի, թե ինչպես ենք մենք վճարում չափից ավել այնտեղ, որտեղ կարելի է տնտեսել, և ի՞նչ անեն նրանք, ում միակ մտահոգությունն այսօր վարկերի մարումների օրերը չշփոթելն է:
Պրն Ավետիսյան, շատերն ունեն գործող սպառողական վարկեր, որոնք վերցրել են նախկինում: Այն ժամանակից ի վեր ամեն ինչ փոխվել է` փոխվել են թե՛ մեր եկամուտները և թե՛ նոր վարկերի տրամադրման պայմանները: Վարկերի վերաֆինանսավորման մասին մտածելու ժամանակը չէ՞ արդյոք:
Սպառողական վարկերը, թերևս, պահանջարկի տեսանկյունից առաջին տեղն են զբաղեցնում: Սպառողական վարկերի առանձնահատկությունը կայանում է հենց դրանց բազմազանության մեջ: Գուցե հենց այդ բազմազանության պատճառով է, որ մարդիկ տարբեր բանկերից տարբեր վարկեր են վերցնում և ոչ քիչ միջոցներ ծախսում դրանց սպասարկման համար:
Եվ խճճվում վարկերի մեջ ...
«Խճճվել են վարկերի մեջ» արտահայտությունը կարծես հենց սպառողական վարկերի մասին է: Որովհետև այստեղ կա մեկ առանձնահատկություն ևս. մենք հաճախ սպառողական վարկերը վերցնում ենք հապշտապ: Երբ խոսքը ոչ այնքան մեծ գումարի մասին է, վարկառուն միայն մեկ հարց է տալիս՝ որքան պետք է վճարեմ ամսական, և եթե ներկայացված գումարը բավարարում է նրան, նա վարկը վերցնում է՝ առանց ուշադրություն դարձնելու տոկոսադրույքին, ժամկետին, միջնորդավճարներին և այլն: Ընդ որում, քանի որ սպառողական վարկի գումարը, որպես կանոն, մեծ չէ, ցանկացած հավելյալ ծախս զգալիորեն մեծացնում է փաստացի տոկոսադրույքը: Օրինակ, հայտարարված ամսական 18%-ը վարկի սպասարկման վճարի հետ միասին կարող է փաստացի դառնալ 20-25%: Մի քանի այդպիսի «փոքր» վարկ բավական է, որ ամսական մարումները զգալիորեն ազդեն ընտանիքի բյուջեի վրա: Հետո գուցե հաճախորդը հասկանում է, որ սխալ է գործել, բայց արդեն ուշ է լինում, իսկ ոմանք էլ նույնիսկ չեն մտածում այդ մասին, եթե վճարումների չափը կրիտիկական չի դառնում: Բայց եթե կարելի է վարկի մարմանն ուղղել եկամտի ընդամենը 5%-ը, ինչո՞ւ վճարել 10%, հատկապես, որ այսօր տնտեսված յուրաքանյուր դրամը կարևոր է:
Վարկի վերաֆինանսավորումը հնարավորություն կտա՞ արդյոք ուղղել այդ սխալը:
Այո, այն, ինչ մենք այսօր առաջարկում ենք մեր պոտենցիալ հաճախորդներին, շատ շահավետ է բոլոր տեսանկյուններից: Ես մեկ անգամ ևս կասեմ այն, ինչ ասել են իմ գործընկերները. Ամերիաբանկում վարկը վերաֆինանսավորելու դեպքում գրավի (առկայության դեպքում) գնահատման բոլոր ծախսերը, նոտարական վավերացման և կադաստրային վճարները Բանկը կատարում է իր հաշվին: Հաճախորդը նաև ազատվում է վարկի տրամադրման և սպասարկման վճարներից: Մեր տոկոսադրույքները շատ մրցունակ են՝ 14% դոլարային, 17% դրամային և 12% եվրոյով վարկերի դեպքում: Վարկը կարող է տրամադրվել մինչև 7 տարի ժամկետով: Մեր առաջարկը վերաբերում է անշարժ գույքի կամ ավտոմեքենայի գրավով ապահովված սպառողական վարկերին, չվերականգնվող վարկային գծերին և օվերդրաֆտներին:
Տարբեր բանկերում, տարբեր տոկոսադրույքներով և ժամկետներով մի քանի վարկ ունեցող անձանց մեր առաջարկը հնարավորություն է տալիս տնտեսել իրենց գումարը, ժամանակը և խնայել նյարդերը: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ մենք վերաֆինանսավորում ենք միայն այն վարկերը, որոնք առնվազն մեկ տարի պատշաճ սպասարկման պատմություն ունեն:
Երկարաձգելով վարկի ժամկետը՝ մենք նվազեցնում ենք վարկառուի ամսական մարումների չափը: Եթե հաճախորդը վերցրել էր վարկն ավելի բարձր տոկոսադրույքով, ապա մարումների չափը նվազում է նաև տոկոսադրույքի իջեցման հաշվին: Այսպիսով, վարկառուն հինգ տարբեր բանկերում վարկեր մարելու փոխարեն կատարում է ամսական մեկ մարում մեկ բանկում, ինչը համաձայնեք՝ շատ ավելի հարմար է: Վարկերի վերաֆինանսավորման արդյունքում ազատ միջոցներ են գոյանում, և դրանք կարելի է ծախսել այլ նպատակների համար, որոնք նախկինում անհասանելի էին բավարար միջոցների բացակայության պատճառով:
Շնորհակալություն պարզաբանման համար, պրն Ավետիսյա՛ն:
Վաղը կներկայացնենք վարկերի վերաֆինանսավորման շուրջ մեր զրույցի վերջին մասը, որը վերաբերում է հիփոթեքին: Դուք կիմանաք, թե հանուն ինչի արժե նորից անցնել հիփոթեքի ձևակերպման գործընթացի միջով: Հետևե՛ք մեզ:
Աղբյուրը՝ tert.am