Պրոպարկոն և Ամերիաբանկը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Նյմ

Պրոպարկոն և Ամերիաբանկը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

Պրոպարկոն (Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունը, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ) և Ամերիաբանկը կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Տրամադրված ֆինանսավորման գումարը նախատեսվում է ուղղել Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտներում գործարարության աջակցության, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Ճկուն պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի երկրում գործարարության աճին և ընդլայնմանը, ինչպես նաև տեղական և արտահանման շուկաներում հայկական ընկերությունների մրցունակության բարձրացմանը:
Սա Ամերիաբանկի և «Պրոպարկո» ընկերության միջև կնքված երկրորդ գործարքն է: Պրոպարկոյի առաջին ֆինանսական ներդրումը Հայաստանում կատարվել էր դեռևս 2013 թ-ին, երբ ընկերության և Ամերիաբանկի միջև կնքվեց 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ֆինանսավորման նպատակով: Երեք տարի անց Պրոպարկոն ընդլայնում է տնտեսության այն հատվածների ցանկը, որոնք պետք է ֆինանսավորվեն Ամերիաբանկի հետ կնքված նոր վարկային պայմանագրով տրամադրվող միջոցների հաշվին:

«Ուրախ ենք, որ 2013 թ-ից համագործակցում ենք Հայաստանում առաջատար ֆինանսական հաստատություն համարվող Ամերիաբանկի հետ: 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով այս նոր վարկը Ամերիաբանկին թույլ կտա ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր նախագծերի պորտֆելը և խթանել բանկի աճը բնակարանաշինության, գյուղատնտեսության, առողջապահության և կրթության վարկավորման բնագավառներում: Նշված հատվածներին աջակցելը հստակ կերպով ամրագրված է «Պրոպարկո» ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության քաղաքականությամբ», - նշեց «Պրոպարկո» ընկերության ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսը:

«Ամերիաբանկը շատ բարձր է գնահատում «Պրոպարկո» ընկերության հետ համագործակցությունը: Այս երկրորդ վարկային պայմանագիրը, որի գումարն ավելի մեծ է, միանշանակ կընդլայնի մեր համագործակցության շրջանակները՝ ծառայելով տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հաճախորդների շահերին: Կարծում ենք, որ սա նշանակալի օր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար հարաբերությունների հաստատման տեսանկյունից: Այս պայմանագիրը որպես լուրջ հիմք կծառայի Հայաստանի տնտեսության առանցքային ենթակառուցվածքներում Ամերիաբանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման համար», - նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:


«ՊՐՈՊԱՐԿՈ» ընկերության մասին

Պրոպարկոն Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունն է, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ: Այն 40 տարի շարունակ աջակցում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը:

Պրոպարկոն ֆինանսավորում և աջակցություն է տրամադրում Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Միջին Արևելքում գործող ընկերություններին և ֆինանսական հաստատություններին:

Այն ձգտում է համագործակցության ծրագրեր իրականացնել տնտեսության՝ զարգացման ենթակա առանցքային հատվածներում, այն է՝ ենթակառուցվածքներ (հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում), գյուղատնտեսություն, ֆինանսական հաստատություններ, առողջապահություն և կրթություն և այլն և ընդլայնել 2015 թ-ին միջազգային հանրության կողմից ընդունված զարգացման կայուն նպատակների իրականացման գործում մասնավոր հատվածի ներդրումը: Այս առումով Պրոպարկոն ֆինանսավորում է այն ընկերություննը, որոնք ստեղծում են պատշաճ աշխատատեղեր՝ պատշաճ վարձատրությամբ, մատակարարում են հիմնական ապրանքներ և ծառայություններ և իրենց ներդրումն ունեն կլիմայական փոփոխությունները կանխելու պայքարում:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.proparco.fr:

Ամերիաբանկի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Այն նաև խոշորագույն հարկատու բանկն է Հայաստանում: 1992 թ-ից ի վեր, երբ ստեղծվեց անկախ Հայաստանի ժամանակակից բանկային համակարգը, Ամերիաբանկն առաջին բանկն է Հայաստանում, որի ակտիվները հատեցին 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը: