Դավիթ Սարգսյանի հարցազրույցը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Հլս

Դավիթ Սարգսյանի հարցազրույցը

Դավիթ Սարգսյան՝
Ամերիա ընկերությունների խմբի իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ղեկավար


Պրն Սարգսյան, ինչու՞ ընտրեցիք իրավագիտությունը՝ որպես մասնագիտություն:

Դժվար հարց եք տալիս: Իմ ընտանիքում ոչ ոք իրավագիտությամբ չէր զբաղվում, այնպես որ՝ ընտանեկան ավանդույթ չէր, այլ սոսկ իմ որոշումը, որն, ի դեպ, ես ընդունեցի՝ հետևելով բացառության կանոնին: Հայրս ինժեներ-շինարար էր և ամեն ինչ անում էր՝ ինձ էլ ճարտարագիտության ոլորտին ծանոթացնելու համար: Եկավ մի պահ, սակայն, երբ նա հասկացավ, որ իմ հումանիտար ունակություններն ավելի ուժեղ են, քան մաթեմատիկականը, և նա ինձ սատարեց, երբ ընտրեցի իրավագիտության ասպարեզը և այդ ասպարեզում հաջողության հասա:

Որո՞նք են այն հմտությունները, որ Ձեզ պես առաջնակարգ իրավաբանը պետք է ունենա: Կա՞ն արդյոք որևէ անձնական հատկություններ, որոնց շնորհիվ Դուք հասաք այն ամենին, ինչ հիմա ունեք:

Շնորհակալ եմ գնահատանքի համար: Շուկայում այսօր շատ իրավաբաններ կան, և ես նրանցից մեկն եմ՝ միգուցե հաջողակ այս կամ այն բնագավառում, որովհետև մարդիկ որպես կանոն մասնագիտանում են որոշակի ոլորտներում: Կարծում եմ՝ ամենամեծ և կարևոր հատկությունները, անկախ մասնագիտությունց, հետևյալն են՝ շարունակական զարգացում և ինքնակատարելագործում, իրավիճակի լայն ըմբռնում և ոչ ստանդարտ մտածելակեպ: Սրանք են այն հիմնական հատկությունները, որոնք ես ձեռք եմ բերել հատկապես արևմտյան կրթական հաստատություններում սովորելու շնորհրվ: Ցավոք, Հայաստանում այսօր ըմբռնումը հիմնվում է «այո»-յի կամ «ոչ»-ի կանոնի վրա, այսինքն՝ կամ կարող ես անել ինչ-որ բան, կամ չես կարող: Մարդիկ ջանք չեն գործադրում՝ կանոնը տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելու, դրա մասին բազմակողմանի պատկերացում կազմելու համար, իսկ դա թույլ կտար կանոնը կիրառել որպես նորարարական լուծում: Ես համոզված եմ, որ այս ունակությունը շատ կարևոր է հայկական շուկայի համար, և հենց սա է, որ Ամերիայի հաջողության գաղտնիքն է՝ մենք գտնում ենք այնպիսի լուծումներ, որոնք ուրիշները չեն գտնում և անգամ չէն էլ փորձում գտնել:

Որո՞նք են այն հաղթաթղթերը կամ առանձնահատկությունները, որոնց շնորհիվ «Ամերիա» ընկերությունների խումբը դարձել է շուկայի առաջատարներից մեկը: 

Բացի ոչ ստանդարտ մտածելակերպից և նորարարական լուծումներից, Ամերիան միշտ հաճախորդի կողքին է, միշտ հաճախորդի հետ և աշխատում է հաճախորդի համար: Ամեն ինչի հիմքում սպասարկումն է, ավելին՝ սպասարկումը պետք է իրականացվի ամենաբարձր մակարդակով, և սա պարտադիր պահանջ է. եթե խմբի որևէ անդամ չի համապատասխանում Ամերիայի արժեքներին և սկզբունքներին, որոնց կենտրոնում հաճախորդն է, մենք չենք ընդունում այդ մարդու ծառայությունները: Ամերիայում մենք մշտապես համապատասխանում ենք որակի ամենաբարձր չափանիշներին:

«Ամերիա» իրավաբանական ծառայությունը մատուցում է իրավաբանական խորհրդատվություն տնտեսության ամենատարբեր ճյուղերում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ամենադժվար ճյուղն առկա իրավական դաշտի տեսանկյունից:

Ես շեշտը կդնեի ոչ թե տնտեսության ճյուղերի, այլ Հայաստանում առկա կամ բացակա իրավական ակտերի, հայեցակարգերի վրա: Մասնավորապես, մենք կարիք ունենք՝ զարգացնելու բաժնետիրական ոլորտը կարգավորող օրենսդրությունը, որպեսզի կարողանանք տեղը տեղին բաժնետիրական պայմանագրեր կնքել: Օրինակ՝ կան բաժնետերերին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարգավորվում ՀՀ գործող օրենսդրությամբ, փոխարենն ստիպված ենք դրանք կարգավորել պայմանագրային մակարդակով: Մեկ այլ թեժ հարց է պետական և մասնավոր հատվածների գործընկերությունը, որը զարգացնելու հրատապ կարիք ունենք, և որը որոշիչ դեր կարող է խաղալ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից: Ի դեպ, այս ոլորտում «Ամերիան» զգալի ներդրում ունի:

Ձեր շահած բազմաթիվ գործերից որո՞նք են, որոնցով առանձնակի հպարտանում եք: 

Ես չէի օգտագործի «շահել» բառը, ավելի շուտ՝ այդ գործերում «Ամերիա»-ն ուներ ներդրում և բարեհաջող կերպով ավարտեց գործարքը: Անձամբ ինձ և իմ թիմի համար, կարծում եմ, ամենակարևոր գործարքը «Կոնտուր Գլոբալ»-ի մուտքն էր Հայաստան: Սա նշանակալի արևմտյան ներդրում էր, որը բազմազանություն բերեց ՀՀ էներգետիկ ոլորտ: Գործարքն ինքնին շատ բարդ էր և դինամիկ, բոլոր փուլերում մենք շարունակ համագործակցում էինք այլ իրավաբանների և միջազգային փորձագետների հետ: Մինչև նախապատրաստեցինք գործարքը, հասանք նախնական պայմանավորվածության, և վերջապես կնքեցինք, անցավ մի քանի տարի, որոնց ընթացքում մեր գիտելիքի պաշարն անհամեմատելիորեն հարստացավ: 

Դուք կանգնած էիք ՀՀ արժեթղթերի շուկայի ձևավորման ակունքներում: Ինչպե՞ս կգնահատեք 90-ականներից մինչ օրս արձանագրված առաջընթացը և այսօրվա մարտահրավերները:

Այո, այս ոլորտում մենք աշխատել ենք ԱՄՆ ՄԶԳ նախաձեռնության շրջանակներում: Ես աշխատում էի մրցույթը շահած ընկերության հետ: Այդուհանդերձ, դեռ աճելու շատ տեղ ունենք, քանի որ, ցավոք, արժեթղթերի շուկան այնքան ակտիվ չէ, որքան կցանկանայինք: Անշուշտ, օրենսդրական դաշտը զարգացել է՝ պարզեցվել են կանոնները, կանոնակարգվել են ընթացակարգերը, դաշտը դառել է ավելի ընկալելի: Շուկայում ունենք ցուցակված մի շարք ընկերություններ, շրջանառվում են պարտատոմսեր: Մյուս կողմից, կարծում եմ, որ արժեթղթերի շուկան զարգացնելու համար պետք է նախ զարգանա Հայաստանի տնտեսությունը: Ներկա պահին շուկան չափազանց փոքր է, և կարծում եմ՝ այս ոլորտի կայացման գործում պետք է զգալի դեր ունենան նաև տարածաշրջանային ընկերությունները:

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխել Ներդրումների մասին օրենքը: Ըստ Ձեզ՝ այդ փոփոխությունները կարո՞ղ են նպաստել օտարերկրյա ներդրումների աճին, և ի՞նչ ընդհանուր ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա:

ՀՀ ներդրումային դաշտի օրենսդրությունը մշակվել էր անկախության առաջին տարիներին: Հիմնական օրենքներից մեկը՝օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին օրենքը, վաղուց փոխվել է: Այն ներառում է օտարերկրյա ներդրողների համար նպաստավոր պայմաններ սահմանելու մասին դրույթ, որով բացառվում է օրենսդրության անբարենպաստ փոփոխությունների կիրառումը ներդրողների նկատմամբ որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Ուստի հիմա առաջարկվող ցանկացած նոր փոփոխություն պետք է հիմնվի օրենքի պատմության վրա և հաշվի առնի օրենսդրական դաշտի բոլոր մյուս փոփոխությունները, որպեսզի հնարավոր լինի ներդրողների համար մեկ միասնական գործիքում սահմանել հստակ կանոններ, որոնց միջոցով ներդրողը կարող է վերլուծել շուկան և որոշել՝ մուտք գործել տվյալ շուկա, թե ոչ: Այդ նպատակով իրականացվող փոփոխությունները, կարծում եմ, կարող են նպաստել հետագայում ներդրումների աճին: 

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ սահմանադրության փոփոխությունները կորպորատիվ կառավարման և գործարար միջավայրի վրա:

Մենք հիմա անցնում ենք երկրի սահմանադրական կառավարման նոր համակարգի: Իմ կարծիքով՝ սա իրականում չի ազդի բիզնեսի վրա, քանի որ սրանք տարբեր ոլորտներ են: Կորպորատիվ կառավարումը մասնավոր ինստիտուցիոնալ զարգացման մաս է, մինչդեռ սահմանադրական բարեփոխումները ենթադրում են երկրի կառավարման նախագահական համակարգից անցում դեպի խորհրդարանային համակարգ: Իհարկե, եթե համեմատենք, կտեսնենք, որ վերջին երկուսն ավելի սերտորեն են փոխկապակցված և ավելի մոտ են միմյանց: Կարծում եմ՝ կորպորատիվ կառավարման և գործարար միջավայրի փոփոխություններն առհասարակ կապ չունեն սահմանադրության հետ, այլ բխում են օրենքների գործնական կիրարկումից, իսկ մեր օրենքներն իմ կարծիքով բավականին ժամանակակից են և արտացոլում են այսօրվա գործարար աշխարհի բոլոր միտումները: Մեզ հիմա անհրաժեշտ է բարելավել գործող օրենքների կիրառման և պահպանման մոդելները:

Ձեր տիկինը նույնպես իրավաբան է: Ունե՞ք արդյոք «ամուսնական գաղտնիք» կամ ուղեցույց, որի միջոցով կարողանում եք զարգացնել և բարձր մակարդակի վրա պահել ձեր հարաբերությունները: 

Հետաքրքիր հարց է: Ես ու կինս որևէ պայմանագիր չենք կնքել, ինչպես իրավաբաններն են ասում՝ «նախաամուսնական պայմանագիր»: Մի անգամ մի օտարերկրացի հաճախորդ ինձ խնդրեց աջակցել իր նախաամուսնական պայմանագրի կնքման հարցում: Ինքը գերմանացի էր, կինը՝ հայաստանցի: Նրա այն հարցին, թե արդյոք նախաամուսնական պայմանագրեր կազմելու փորձ ունեմ, պատասխանեցի «այո», իսկ այն հարցին, թե քանի պայմանագիր եմ կազմել՝ «զրո»: Նա զարմացավ և հարցրեց, թե ինչպես եմ զբաղվելու այդ գործով: Իրականում Հայաստանում չկա նախաամուսնական պայմանագրերով զբաղվող իրավաբան, այս ոլորտը Հայաստանում գրեթե գոյություն չունի: Բացի դրանից, ընտանիքում կան չգրված կանոններ, որոնք առաջնորդում են մեզ: Մեր ընտանիքում հիմնական կանոնն այն է, որ ես ու կինս չենք վիճում իրավական հարցերի շուրջ և հարգում ենք միմյանց կարծիքը: Մենք ի ցույց չենք հանում մեր ուժեղ կողմերը՝ մենք հավասար ենք: Հարաբերություններում որոշիչ դեր խաղացող մեկ այլ կարևոր գործոն է այն, որ մենք չենք միջամտում միմյանց գործերին և չենք բացահայտում մեր հաճախորդներին վերաբերող տեղեկությունները, քանի որ շուկան փոքր է, և հնարավոր է շահերի բախում: Ընդհանուր առմամբ, որոշ դեպքերում ես գաղափար անգամ չունեմ իմ կնոջ ընթացիկ գործերի մասին, ոչ էլ նա՝ իմ գործերի մասին: Մենք ընդամենը քննարկում ենք ընդհանուր գաղափարներ՝ որպես տվյալ ոլորտի փորձագետներ: Մենք ընդունում ենք միմյանց դիրքը, անգամ եթե համամիտ չենք:

Ձեր խորհուրդը երիտասարդներին՝ ինչպե՞ս ինքնակատարելագործվել և աճել: 

Ժամանակի սղության պատճառով ես, ցավոք, էլ չեմ դասավանդում: Դասավանդելն ինձ համար մատաղ սերնդի հետ շփվելու հիմնական շարժիչ ուժերից մեկն էր, որն օգնում էր ինձ միշտ հաղորդակից լինել թարմ գաղափարներին և պատրաստ՝ պատասխանելու ամենադժվար հարցերին: Իմ խորհուրդը, հատկապես այսօրվա գլոբալացվող աշխարհում, որը չունի սահմաններ, և որտեղ կան սովորելու և կրթվելու անվերջ հնարավորություններ, հետևյալն է՝ լինել նորարար մտածող, չդադարել զարգանալ և լսել ձեր հաճախորդին՝ միաժամանակ հետևելով ձեր մասնագիտության կանոններին և սկզբունքներին:

Աղբյուրը՝ AmCham Newsletter