«Իմ ընտանիքում բոլորը մաթեմատիկոսներ ու ինժեներներ են, որոնք ծանոթներ ունեին Սիլիկոնի հովտում, տեղի հայ համայնքում: Ցավոք, իմ տարիքի ոչ ոք չկար, առաջին 6-7 ամսվա ընթացքում առհասարակ հնարավորություն չեմ ունեցել` շփվելու իմ տարիքի երիտասարդ հայերի հետ: Հայաստանցի հայի համար ինտեգրվելը շատ դժվար էր, սփյուռքահայությունը սովոր չէր տեսնել ԱՄՆ տեղափոխվող հայաստանցիների, ես ինձ օտար էր զգում: Անգամ հայկական եկեղեցի այցելելը չէր օգնում: Երբ խոսում էի մաքուր հայերեն, մարդիկ զարմանում էին, որովհետև սովոր չէին լսել հայերեն, միմյանց հետ խոսում էին անգլերեն, իսկ հայերեն` միայն նեղ ընտանեկան միջավայրում, ծնողների հետ»:
Միգուցե, մտածում էր Սուրենը, Լոս Անջելեսում ավելի հեշտ կլինի ինտեգրվել հայ համայնքին, բայց երբ վերջապես տեղափոխվեց, ԱՄՆ-ում ապրել էր արդեն 8 տարի ու գիտեր, որ սփյուռքն իր տեղը չէ: Ըստ Սուրենի` միգուցե հենց դա է պատճառը, որ միշտ ցանկանում էր վերադառնալ Հայաստան:
«Եթե հենց սկզբից Լոս Անջելես գնացած լինեի, միգուցե այնտեղ էլ մնայի: Ինչ խոսք, ես երախտապարտ եմ, որ նախ բնակություն հաստատեցինք Սան Խոսեում, որովհետև հենց այդտեղ ես առաջին անգամ զգացի, որ իմ տեղն ԱՄՆ-ն չէ»:
Ավարտելով Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանը և Փեփըրդին համալսարանի մագիստրատուրայի գործարար կառավարման բաժինը` Սուրենը 2 տարի աշխատեց որպես բյուջեի վերլուծաբան: ԱՄՆ-ում 10 տարի բնակվելուց հետո` 2009 թվականին, նա կարճ ժամանակով վերադարձավ Հայաստան և այստեղ բիզնես-վերլուծաբանի աշխատանք գտավ, որը նրա համար ճանապարհ հարթեց դեպի ավելի բարդ ու հետաքրքիր աշխատանք Ուկրաինայում, որտեղ էլ նա 18 ամիս աշխատեց Դոյչե Բանկի զարգացման կենտրոնում: Դա օգնեց նրան ստանալ իր երազանքի աշխատանքը Նյու Յորքում:
«Նյու Յորք տեղափոխվելիս ես տարիքով ավելի մեծ էի ու կարիքը չէի զգում` մշտապես ակտիվորեն ներգրավված լինելու հայկական սփյուռքում, ինչպես 17 տարեկանում, երբ դեռ նոր էինք տեղափոխվել ԱՄՆ: Այժմ ավելի հասուն մարդ էի, գիտեի, թե ինչ է ինձ հարկավոր: Նյու Յորքն ունի շատ ուժեղ հայ համայնք, բայց մարդիկ իրար հետ շատ չեն շփվում, որովհետև քաղաքը մեծ է, մարդիկ իրարից հեռու են ապրում: Մանհեթընում կա մեծ հայկական եկեղեցի, բայց ոչ բոլորն են գալիս կիրակնօրյա պատարագին: Նյու Յորքում ես աշխատում էի որպես ՏՏ բիզնես-վերլուծաբան և նախագծերի ղեկավար, մինչև առաջարկ ստացա Ամերիաբանկից»:
Ըստ Սուրենի, կյանքը Նյու Յորքում շատ դժվար է: Դինամիկ անցուդարձն ու աշխատանքը խլում են ողջ ժամանակը, իսկ այն, որ հայկական սփյուռքը ցրված է քաղաքով մեկ, նաև դժվարացնում է կողակից գտնելը: Բացի դրանից, 2008 թվականին Սուրենի ծնողները վերադարձել էին Հայաստան, և նա շատ էր կարոտում նրանց, ուստի որոշեց ինքն էլ վերադառնալ Հայաստան և ամեն ինչ սկսել նորից:
«Ծնողներս սկսեցին համոզել ինձ, որ վերադառնամ, ասում էին, որ եթե աշխատանք գտնեմ, ամեն ինչ լավ կլինի, ուստի Նյու Յորքում երեք ու կես տարի աշխատելուց հետո ես դիմեցի Ամերիաբանկ և ստացա աշխատանքի առաջարկ: Անկեղծ ասած, շատ էի կասկածում, որովհետև գոհ էի իմ այն ժամանակվա աշխատանքից, իսկ տեղափոխությունը նշանակում էր, որ պիտի հրաժարվեի մեծ հնարավորություններից, բայց ես Ամերիաբանկի մասին շատ լավ բաներ էի լսել և ի վերջո որոշեցի ռիսկի դիմել: Շատ երախտապարտ եմ, որ որոշումս իրեն արդարացրեց»:
Ներկայումս Սուրենն աշխատում է Ամերիաբանկում որպես նախագծերի ավագ ղեկավար (Ինովացիաների և թվային լուծումների դեպարտամենտ): Նրան են վստահվում ամբողջ կազմակերպության մակարդակով իրականացվող նախագծերը: Օրական Սուրենն ունենում է 2-5 գործնական հանդիպում, անընդհատ վերանայում և կատարելագործում է նախագծերն ըստ ներկայացվող պահանջների: Սուրենը շատ գոհ է իր նոր աշխատանքից, կազմակերպության միջավայրից և ասում, որ աշխատանքն Ամերիաբանկում իրեն ստիպում է միշտ, ամեն օր ձգտել դեպի կատարելությունը: Ըստ նրա` աշխատակիցների մասնագիտական աճն ու զարգացումն Ամերիաբանկում առաջին տեղում են, իսկ ամենաշատը նրան դուր է գալիս այն, որ Ամերիաբանկում ղեկավարությունը միշտ աջակցում է աշխատակիցներին, իսկ ինքն աշխատանքն ամեն օր հնարավորություն է տալիս` նոր մարտահրավերներ հաղթահարելու:
«Մենք ձանձրանալու ժամանակ չունենք: Ամեն օր նոր գաղափարներ, նոր մարտահրավերներ: Ամերիաբանկում ես իրականացնում եմ CRM-նախագծեր ամբողջ բանկի մակարդակով: ԱՄՆ-ում նման նախագծերը սովորաբար իրականացնում են խոշոր խորհրդատու ընկերություններ, իսկ այստեղ ես հնարավորություն ունեմ` ինքս ղեկավարելու դրանք իմ անգնահատելի գործընկերների աջակցությամբ»:
Սուրենի աշխատանքը Հայաստանում շրջադարձային եղավ նրա կյանքի համար:
«Ամերիաբանկում աշխատելու առաջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ աշխատատեղը գտնվում էր մարքեթինգի և PR-ի թիմերի հարևանությամբ: Ավելի կոնկրետ` ես նստում էի իմ ապագա կողակցի կողքին: Իմ` Հայաստանում մնալու որոշման մեջ հսկայական դեր խաղաց ամուսնությունս»:
Սուրենի համար Հայաստանում աշխատելու ամենամեծ մարտահրավերներից մեկն այն էր, որ հնարավոր չէր առավոտյան ժամն 9:00-ին հանդիպում նշանակել: Այժմ` 3 տարի անց, նա արդեն սովոր է դրան և բացահայտել է հայրենիքում ապրելու բազում առավելությունները` կարող է աշխատանքի գնալ ոտքով, ընկերների հետ հանդիպել ցանկացած ժամանակ` թեկուզ ընդամենը 20 րոպե առաջ նրանց տեղեկացնելով, վստահ լինել, որ կարող է պահպանել հայկական ինքնությունը: Ամեն օր Սուրենի համար նոր բացվող էջ է` լի նոր բացահայտումներով ու մարտահրավերներով:
«Ապագայի համար միայն մեկ ցանկություն ունեմ: Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում»:
Աղբյուրը՝ RepatArmenia