Ինչո՞վ է Հայաստանը գրավում միլենիալներին: Ինչո՞ւ են նրանք որոշում վերադառնալ հայրենիք, փոխել իրենց կենսակերպը և իրենց կյանքն ընդմիշտ կապել հայրենիքի հետ:
Այս և մի շարք այլ հարցերի է պատասխանում և իր փորձով մեզ հետ կիսվում է միլենիալ Հակոբ Տէկրմէճեանը, ով Հայաստան է վերադարձել Սիրիայի Հալեպ քաղաքից 2018թ-ին: Այժմ Հակոբն աշխատում է որպես Պրեմիում հաճախորդների մենեջեր «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործընկեր Ամերիաբանկում:
Հակոբը ծնվել և մեծացել է Հալեպում՝ շրջապատված ազգային ավանդույթներով և մշակույթով: Նա սովորել է հայկական դպրոցում և հաճախել հայկական կիրակնօրյա դպրոց: Հակոբն առանձնահատուկ ջերմությամբ և ժպիտով է հիշում կիրակնօրյա դպրոցի մասին, որի հանդեպ սերն էլ պատճառ է դառնում, որ նա շարունակի իր ուսումը հայկական վարժարանում: Այստեղ նա մոտիկից ծանոթանում է հայկական եկեղեցուն և մշակույթին:
Վարժարանն ավարտելուց հետո Հակոբը որոշում է իր ուսումը շարունակել տնտեսագիտության ոլորտում: Նա հաջողությամբ ավարտում է Հալեպի համալսարանը և քանի որ մեծ ցանկություն ուներ որևէ նոր ասպարեզում իր ուժերը փորձելու, պատերազմի տարիներին շարունակում է ուսումը իրավագիտության ոլորտում՝ ստանալով իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան:
Հակոբը սկսում է աշխատել տարբեր ընկերություններում: Տնտեսագիտական, իրավաբանական կրթություններն ու 4 լեզուների իմացությունը մասնագիտական մեծ հնարավորություններ են ստեղծում նրա համար:
2017 թ-ին, երբ Հակոբի ողջ ժամանակը զբաղեցնում էին աշխատանքն ու ուսումը, նա իր մայրիկի ու քրոջ հետ որոշում է առաջին անգամ գալ Հայաստան:
«Հալեպի հայկական համայնքը շատ մեծ էր: Իհարկե, միմյանց հետ հայերեն շատ էինք շփվում, բայց Հայաստանում ամեն ինչ այլ է: Այստեղ դու փոքրամասնություն չես, սա քո երկիրն է, և բոլորը քեզ հասկանում են: Ես եղա բոլոր այն վայրերում, որոնց մասին գիտի և լսել է յուրաքանչյուր սփյուռքահայ: Եվ իմ սիրտն ու հոգին պարզապես մնացին Հայաստանում: Առաջին այցելությունը հայրենիք յուրաքանչյուր հայի սրտում աննկարագրելի զգացողություններ է առաջացնում: «Ես կցանկանայի վերադառնալ», «Ես կվերադառնամ», «Ես ուզում եմ Հայաստան տեղափոխվել». ահա այն մտքերը, որոնք հանգիստ չէին տալիս ինձ: Ես գիտեի, որ մի օր վերադառնալու եմ այստեղ ընդմիշտ»:
Վերադառնալով Սիրիա՝ Հակոբի կյանքը շարունակվում է նույն հունով՝ ուսում, աշխատանք, պատերազմ, ընտանիք: Հայաստան տեղափոխվելու միտքը շատ մոտ ու տրամաբանական է թվում՝ չնայած արևելահայերենին չտիրապետելու, ապրելու և աշխատելու պայմաններին անծանոթ լինելու Հակոբի մտավախություններին:
Եվ Հակոբը սկսում է ուսումնասիրել Հայաստանում ապրելու և աշխատելու հնարավորությունները:
2018թ. ապրիլին Հակոբը կատարում է իր ընտրությունը և Հայաստանում ընթացող պատմական իրադարձությունների՝ «Թավշյա հեղափոխության» մասնակիցն է դառնում: «Շատ էի քայլում այդ օրերին երևանյան փողոցներով և ամեն անգամ՝ Ամերիաբանկի գլխամասի կողքով անցնելիս, ինքս ինձ ասում էի՝ ինչ հիանալի կլիներ այստեղ աշխատել: Ես իմ ինքնակենսագրականն էի ուղարկել բազմաթիվ ընկերությունների՝ հույս ունենալով աշխատանք գտնել և մնալ Հայաստանում: Ամերիաբանկն այդ ցանկում առաջինն էր»:
Հայաստանում լինելու ընթացքում նա ոչ մի ընկերությունից պատասխան չի ստանում: Երևան-Հալեպ տոմսերն ամրագրված էին 2018թ. մայիսի 17-ի համար, սակայն մայիսի 16-ին մի կարևոր հեռախոսազանգ ընդմիշտ փոխում է նրա ծրագրերը: Նա զանգ է ստանում Ամերիաբանկից և հրավիրվում աշխատանքային հարցազրույցի:
Հարցազրույցն անցնում է Ամերիաբանկի գլխամասի 6-րդ հարկում, որը ձևավորված է օդանավակայանի տեսքով: Դա կարծես նշան էր Հակոբի համար, որ նա վաղը թռչելու է Սիրիա՝ փորձելով ամեն գնով վերադառնալ: Առաջին հարցազրույցը մեծ տպավորություն է թողնում Հակոբի վրա և Ամերիաբանկում աշխատելու նրա ցանկությունը կրկնապատկվում է: Երկրորդ հարցազրույցն արդեն անցկացվում է Հալեպից, առցանց և շրջադարձային դառնում նրա համար: Նա թողնում է Սիրիայում իր կյանքն ու աշխատանքը և մեծ ոգևորությամբ կրկին վերադառնում հայրենիք՝ նոր կյանքին և նոր մարտահրավերներին ընդառաջ:
Հակոբը սկզբում ուսումնական պրակտիկա է անցնում Բանկում՝ բանկային ոլորտի աշխատանքին ծանոթանալու համար, իսկ որոշ ժամանակ անց արդեն ընդունվում աշխատանքի:
Նոր աշխատանքային միջավայրը շատ արագ դառնում է հարազատ և սիրելի Հակոբի համար, ընկերանում է գործընկերների հետ, որոնք միշտ պատրաստ են աջակցել նրան: Ամերիաբանկը Հակոբին մասնագիտական նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն է տալիս, և մեկ տարուց ավել աշխատելով որպես գանձապահ՝ Հակոբը տեղափոխվում է այլ բաժին՝ որպես Պրեմիում հաճախորդների մենեջեր:
«Հաջողության հասնելու իմ երեք գաղտնիքը.
- Ինձ համար հստակ պատկերացրել եմ, որ ոչ թե պարզապես մի քանի տարով գալու եմ հայրենիք ու հետ վերադառնամ, այլ մշտապես բնակվելու եմ այստեղ, դա ինձ օգնել է հեռահար պլաններ և երազանքների կամուրջ կառուցել»:
- «Նախքան հայրենիք ընդմիշտ վերադառնալս մանրամասն ուսումնասիրել եմ այստեղ տեղափոխվելու բոլոր հնարավորությունները և ռիսկով իրագործել եմ դրանք»:
- «Պարզապես լավատես եմ, պատրաստ եմ եղել ընդունել փոփոխություններ, դիմակայել դժվարությունների ու բաց լինել նոր մարտահրավերների առջև և հավատացել եմ, որ հաջողության դռներն անպայման կբացվեն իմ առջև»:
Ի դեպ, Ամերիաբանկն իրականացրել է Հակոբի բաղձալի երազանքներից ևս մեկը՝ նվիրելով նրան ուղևորություն դեպի Արևմտյան Հայաստան:
Աղբյուրը` repatarmenia.org