en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
22Հնս

Ամերիաբանկը հաջողությամբ ներգրավել է 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի (AT1) հաշվարկում ընդգրկվող պարտատոմսերի թողարկման միջոցով

Ամերիաբանկն առաջին անգամ թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել է իր անժամկետ և առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի (AT1) հաշվարկում ընդգրկվող պարտատոմսերը ընդհանուր 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Պարտատոմսերը թողարկվել են երկու տրանշով՝ փետրվարին և ապրիլին: Երկու թողարկման դեպքում էլ ամբողջ ծավալը սպառվել է նախատեսվածից շուտ, ինչը վկայում է ներդրողների կողմից բարձր պահանջարկի մասին։

Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի (AT1) հաշվարկում ընդգրկվող պարտատոմսերի թողարկման միջոցով «Ամերիաբանկն» ամրապնդում է իր կապիտալի բազան՝ ապագա աճի հնարավորություններին աջակցելու և իր ռազմավարական նպատակներն առաջ տանելու համար։ Հատկանշական է, որ առաջին տրանշը տեղաբաշխվել է 8.5% մինչև մարում եկամտաբերությամբ (YTM), իսկ երկրորդ տրանշը՝ 8.0%-ով, ինչն արտացոլում է բացառիկ ուժեղ պահանջարկը և ներդրողների աճող վստահությունը։

«Ամերիաբանկի անժամկետ պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը հստակ վկայում է մեր վարկային պատմության և դիվերսիֆիկացված հաշվեկշռի կառավարման հանդեպ շուկայի վստահության մասին։ Այս գործարքի արդյունքում կապիտալի համարժեքության ցուցանիշների ամրապնդումը Բանկին ընձեռում է լրացուցիչ ճկունություն՝ մեր զարգացման հավակնոտ ծրագրերն իրականացնելու ու Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուի դիրքն ամրապնդելու համար»,- նշել է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:

Նշենք, որ պարտատոմսերն այժմ հնարավոր է ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։