en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
13Նյմ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի` 50 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով և 3 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխումը որպես շրջադարձային գործարք ՀՀ կապիտալի շուկայում

Ամերիաբանկը հանդես եկավ որպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ կամ Ընկերություն) առաջին պարտատոմսերի տեղաբաշխող: ԶՊՄԿ-ն` Հայաստանի խոշորագույն հարկատուն, հաջողությամբ իրականացրեց 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով և 3 տարի մարման ժամկետով առաջին պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՀ կապիտալի շուկայում: Ամերիաբանկը նաև կապահովի պարտատոմսերի գնանշումը Հայաստանի ֆոնդային բորսայում: 
Պարտատոմսերը մեծ պահանջարկ են ունեցել թե' տեղական, թե' միջազգային ներդրողների շրջանում, ինչը թույլ տվեց ապահովել տեղաբաշխման դիվերսիֆիկացում: Ներդրողների գերակշռող մասը կազմեցին բարձրակարգ երկարաժամկետ ներդրողներ, ընդ որում ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ավելի քան 75%-ը և ՀՀ դրամով պարտատոմսերի 94%-ը ձեռք է բերվել ինստիտուցիոնալ ներդրողների կողմից, մասնավորապես, զարգացման միջազգային բանկերի, ֆոնդերի կառավարիչների և կոմերցիոն բանկերի կողմից: Զարգացման միջազգային բանկերը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) և Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), հաջողությամբ գործարքներ կնքեցին` միասին ձեռք բերելով 50 միլիոն ԱՄՆ դոլարի  պարտատոմսերի ավելի քան 50%-ը: ԵԱԶԲ-ն միաժամանակ հանդես է եկել որպես համատեղաբաշխող: Այս գործարքը մեծ դեր ունեցավ ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման գործում: 
Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխումն իսկապես աննախադեպ գործարք է հայկական շուկայի համար թե' ծավալի, թե' ներդրողների ներգրավվածության տեսանկյունից: Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ մեր վաղեմի գործընկերները` ՎԶԵԲ-ը, ՍԱԶԲ-ը և ԵԱԶԲ-ն, ակտիվ ներգրավված էին և մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ուշագրավ գործարքի իրականացման ընթացքում, որն զգալիորեն կնպաստի ՀՀ կապիտալ շուկաների խոստումնալից ապագայի կառուցմանը»:


ԶՄՊԿ-ի մասին 
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության առաջատար հանքաարդյունահանող ընկերություն է: Ընկերությունը շահագործում է Քաջարանի հանքավայրը, որն իր պղնձի և մոլիբդենի պաշարներով խոշորագույնն է Հարավային Կովկասում: Ընկերությունը երկրի խոշորագույն հարկատուն է վերջին ֆինանսական տվյալների համաձայն և մեծ ներդրում ունի երկրի ՀՆԱ-ում: