en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
27Մյս

Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են $100 միլիոնի պայմանագիր՝ Հայաստանում «կանաչ» և ՓՄՁ ֆինանսավորումը խթանելու համար

Ամերիաբանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել են մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու և կանաչ ներդրումների ծավալն ավելացնելու նպատակով։ Միջոցների մինչև 75%-ը նախատեսված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման համար, իսկ առնվազն 25%-ը՝ կանաչ ֆինանսավորման, այդ թվում` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության համար։ Ֆինանսավորման առնվազն 10%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը։
Այս վարկային նախագիծը ԱԶԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում մինչև օրս կնքված ամենախոշոր գործարքն է։
ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան ասել է. «Այս նախագիծը կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունը ՄՓՄՁ-ների, հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար` միաժամանակ խթանելով կանաչ ներդրումները Հայաստանում: Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ մենք օգնում ենք բիզնեսներին աճել, աշխատատեղեր ստեղծել և նպաստել ավելի ներառական և կլիմայական փոփոխություններին դիմակայուն տնտեսության ձևավորմանը»
Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշել է. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր գործընկերությունն ԱԶԲ-ի հետ՝ աջակցելով Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին մատչելի ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու միջոցով։ Որպես Հայաստանի ամենախոշոր վարկատու, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանաչ և կայուն ֆինանսավորմանը, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ներառական աճի խթանմանը և երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմանն աջակցելուն»։