06Մրտ
Lion Finance Group հոլդինգը, որի կազմում ընդգրկված է Ամերիաբանկը, ներառվել է FTSE 100 ինդեքսում
Lion Finance Group հոլդինգը (այսուհետ՝ «Խումբ»), որի կազմում ընդգրկված է Ամերիաբանկը, կներառվի FTSE 100 ինդեքսում, ինչը հաստատվել է ս/թ մարտի 4-ին FTSE Russell ընկերության կողմից։ Խումբը կներառվի FTSE 100 ինդեքսում 2026 թ․ մարտի 20-ին, (ուրբաթ)՝ առևտրային օրվա փակումից հետո։ Որոշումն ուժի մեջ կմտի 2026 թ․ մարտի 23-ին (երկուշաբթի): FTSE 100 ինդեքսում ընդգրկված են Լոնդոնի ֆոնդային բորսայում շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշի հիման վրա ցուցակված 100 խոշորագույն ընկերությունները։ Այն համարվում է Միացյալ Թագավորության բաժնետոմսերի շուկայի առաջատար չափանիշ։
Այսպիսով Ամերիաբանկը համարվում է Հայաստանում լայնածավալ գործունեություն իրականացնող առաջին խմբի անդամը, որն ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում։ Խումբը FTSE 100 ինդեքսում ընդգրկվում է Ամերիաբանկի՝ Խմբին միանալուց հետո երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի՝ Խմբում ընդգրկվելու ռազմավարական կարևորության և Խմբի ընդհանուր զարգացման ուղղությամբ վերջինիս նշանակալի ներդրման մասին։
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն Բանկի և Խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար.
«Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: FTSE 100 ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները: Ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը։ Այս կարևոր ձեռքբերման առիթով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմին մեծ նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև հաճախորդներին ու գործընկերներին` վստահության և համագործակցության համար»,- ասել է նա։
«FTSE 100 ինդեքսում ընդգրկվելն ընդգծում է Lion Finance Group ընկերության ռազմավարության հզորությունը, ինչպես նաև նրա նորարարական, տեխնոլոգիաների վրա հիմնված և հաճախորդակենտրոն մոտեցումը թե՛ հայկական, թե՛ վրացական շուկաներում, որոնք տարածաշրջանի ամենաարագ զարգացող և ամենախելամիտ կառավարվող տնտեսություններն են ներկայացնում։ 2006 թվականին Լոնդոնի ֆոնդային բորսայում մեր առաջին ցուցակումից ի վեր՝ մեր ակտիվներն աճել են ավելի քան 50 անգամ, ինչի շնորհիվ մեզ հաջողվել է ստեղծել բարձր շահութաբերություն ունեցող տարածաշրջանային բանկային հարթակ։ Այս ամենը հնարավոր է դարձել մեր թիմի յուրաքանչյուր անդամի պրոֆեսիոնալիզմի, նվիրումի և միասնական ջանքերի շնորհիվ», - նշել է Lion Finance Group ընկերության գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն։