en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
04Փտվ

Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ները

Ամերիաբանկը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ   համաշխարհային ստորաբաժանման (ԵՆԲ Գլոբալ)  կողմից Հայաստանում որևէ բանկի մեկ գործարքի շրջանակում երբևէ տրված ամենախոշոր վարկն է: Այս ֆինանսավորումն  ընդգծում է Ամերիաբանկի և ԵՆԲ-ի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը: 

Այս գործարքով Ամերիաբանկը մատչելի և հասանելի վարկեր կառաջարկի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալ ունեցող ընկերություններին` նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումներ կատարելու բիզնեսի աճի, մրցունակության բարձրացման և կայուն նախաձեռնությունների ուղղությամբ: Ֆինանսավորման մի մասը տրամադրվելու է ՀՀ դրամով՝ ՄՓՄՁ-ներին արժութային ռիսկերից պաշտպանելու նպատակով։

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշեց. «Ուրախ ենք Եվրոպական ներդրումային բանկի (EIB Global) հետ համագործակցության համար, որով վերահաստատում ենք Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու մեր հանձնառությունը: Այս համագործակցությունը տեղական բիզնեսներին կընձեռի մատչելի ֆինանսավորում ստանալու հնարավորություն, ինչը թույլ կտա բացահայտելու իրենց ողջ ներուժը և զգալիորեն նպաստելու Հայաստանի տնտեսական աճին: Որպես Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատու բանկը, որն ունի նշանակալի պորտֆել կանաչ և կայուն ֆինանսավորման ոլորտում, ուզում ենք վստահություն հայտնել, որ մենք կարող ենք Հայաստանի համար ավելի կայուն և ներառական տնտեսական ապագա կերտել»:

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկի հետ գործակցելու առնչությամբ՝ Հայաստանի մասնավոր հատվածը ամրապնդելու և կայուն տնտեսական աճը խթանելու համար»,- ասաց Հայաստանում ԵՆԲ գործունեությունը վերահսկող, ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։ «Այս շրջադարձային գործարքը նշանակալի քայլ է մեր հանձնառության իրագործման ուղղությամբ՝ կայուն զարգացումը և տնտեսական կայունությունը խթանելու ՝ Եվրոպական Միության (ԵՄ) և Հայաստանի առաջնահերթություններին համահունչ»։ 

«Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) աջակցությամբ մենք ընթանում ենք մեր հանձնառությանը համահունչ՝ օժանդակել հայկական մասնավոր հատվածին և նպաստել ֆինանսավորման հասանելիության ապահովման հրատապ կարիքի լուծմանը, այդ թվում՝ տեղական արժույթով։ Այս աջակցությունը Հայաստանի համար նախատեսված Եվրոպական ներդրումային ծրագրի (EIP) մասն է, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման և բարօրության խթանմանը։ Մենք կշարունակենք այս ջանքերը՝ 2024-2027 թվականներին «Դիմադրողականություն և աճ» ծրագրի շրջանակում տրամադրելով ընդհանուր առմամբ 270 միլիոն եվրո։ Դրա մեծ մասը կհատկացվի բիզնեսի զարգացմանը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտին, ստարտափներին և արտահանման նոր հնարավորություններին, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը», - ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։


Այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ամերիաբանկի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին` ամրապնդելով Բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ: