en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
14Հնվ

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց. «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը: Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։ 

Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավար Մարսելո Կաստելյանոսն ասաց. «Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում: Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։

Այս գործընկերությունը և գործարքն արտացոլում են ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկի հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացումը և առաջնորդելու ժամանակակից փոխակերպումները: 

Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս ներդրման շնորհիվ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր և էապես կնվազեցվեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները` մոտ 40,000 տոննա ածխաթթու գազին (CO2) համարժեք: