19Դկտ
Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:
Բացի գործառնական և ֆինանսական ձեռքբերումներից, մրցանակակիր կազմակերպությունները գնահատվել են նաև հաճախորդներին առաջարկվող ծառայություններում բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով յուրաքանչյուր վարկատուի հաջողության համար ցանկացած երկրում կայուն զարգացման ռազմավարության կարևորությունը:
Որոշում կայացնելիս՝ The Banker-ի միջազգային ժյուրին նշել է, որ 2024թ.-ն առանցքային է եղել Ամերիաբանկի համար, քանի որ այն միացել է Bank of Georgia Group PLC-ին (BoGG)` միաժամանակ պահպանելով իր ներկայությունը շուկայում որպես ինքնուրույն կազմակերպություն` իր կորպորատիվ բրենդով։
Ամսագիրը նշում է, որ գործարքը ռազմավարական առավելություններ է ապահովում Ամերիաբանկի համար, այդ թվում, Միացյալ Թագավորությունում գրանցված և Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված BoGG-ի միջոցով ավելի բարձր հասանելիություն ստանալով միջազգային ֆինանսական շուկաներին։ Աղբյուրի համաձայն, BoGG-ի մաս կազմելով, Ամերիաբանկն ավելի հեշտությամբ կկարողանա կապիտալ ներգրավել և ներդրումներ կատարել իր պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Ակնկալվում է, որ վերոնշյալ գործարքը նաև զգալի խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանում իրականացվող նախագծերի և բիզնեսի համար:
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, խոսելով նշված մրցանակի մասին, ասել է. «Մեր առաջնահերթությունը հաճախորդների թվային փորձառության բարելավումն է շուկայի զարգացող կարիքներին համապատասխան պատշաճ արձագանքի ու ճկունության միջոցով։ Ամերիաբանկը կշարունակի ներդրումներ կատարել թվային պրոդուկտներում և ծառայություններում՝ ընդլայնելով նաև առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների շրջանակը։ Մենք ակտիվորեն ներդնում ենք էկոհամակարգային լուծումներ, որոնք թույլ կտան սպասարկել մեր հաճախորդներին ցանկացած վայրում և բավարարել նրանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները՝ աջակցելով վերջիններիս թե՛ առօրյա բանկային գործարքներում, թե՛ երկարաժամկետ նպատակների իրագործման ճանապարհին»։
2010թ.-ից ի վեր Ամերիաբանկը «Տարվա բանկ» մրցանակին արժանանում է իններորդ անգամ:
Այս ճանաչումը 2024թ. ընթացքում «Լավագույն բանկ» անվանակարգում Ամերիաբանկին շնորհված երրորդ խոշոր մրցանակն է. ընթացիկ տարում բանկը ստացել է բանկային ոլորտի համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակները, այն է` Euromoney պարբերականի «Գերազանցության մրցանակը» որպես լավագույն բանկը Հայաստանում, և Global Finance ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում 2024թ.» մրցանակը: