en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
25Հլս

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի կողմից շնորհվող 3 մրցանակի

Euromoney առաջատար միջազգային ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2024 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ 2011 թ․ ի վեր Ամերիաբանկն արդեն 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։ Հիմնական մրցանակից բացի՝ Ամերիաբանկն արժանացել է գերազանցության մրցանակի նաև 2024 թ․ «Լավագույն թվային բանկ» և «Լավագույն բանկ ՓՄՁ-ների համար» անվանակարգերում։ Այս ամենամյա մրցանակների շրջանակներում գնահատվում են բանկերի գործունեությունը, թվային բանկային լուծումները, ռազմավարական նախաձեռնությունները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումներ ավելի քան 100 երկրում:

Ամսագիրն ընդգծում է 2023 թ․ ընթացքում հիմնական բանկային ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը, թվային կապուղիների և լուծումների կատարելագործումը և փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման շարունակական հզորությունը:

«Մեզ համար պատիվ է ստանալ մրցանակներ, որոնք արտացոլում են Euromoney-ի հարգարժան ժյուրի կողմից մեր աշխատանքին և ձեռքբերումներին տրված գնահատականը։ Թվային լուծումների կատարելագործումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի աջակցությունը մեր հիմնական առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն ներդրումներ ենք կատարել և աճել ենք նշված ոլորտներում:   Այս ձեռքբերումները մենք ապահովել ենք ի շնորհիվ մեր հաճախորդների և գործընկերների, և մեր հաջողության հիմքում ընկած են նրանց վստահությունը մեր հանդեպ և հավատն առ այն, որ մենք կարող ենք մատուցել Հայաստանում լավագույն ֆինանսական ծառայությունները»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: