en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
11Փտվ

Ամերիաբանկը որպես ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-կ կողմից թողարկված` ՀՀ ազգային արժույթով պարտատոմսերի մարքեթ-մեյքեր

Որպես Հայաստանում պարտքային կապիտալի շուկայի և ներդրումային բանկային գործառնությունների ոլորտի առաջատար Ամերիաբանկն արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում կորպորատիվ պարտատոմսերի շուկայում: Այս անգամ բանկը կազմակերպել է երկու առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպությունների` ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի թողարկած դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը և հանդես է գալիս որպես դրանց մարքեթ-մեյքեր: Պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Օ-Էմ-Էքս բորսայում ս. թ. փետրվարի 7-ին և վաճառքի համար հասանելի կլինեն ս. թ. փետրվարի 12-ից:

Նշված երկու կազմակերպությունների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ընթացքում Ամերիաբանկը Էյչ Էս Բի Սի Հայաստան Բանկի հետ համատեղ հանդես եկավ որպես տեղաբաշխման գլխավոր կառավարիչ և անդերրայթեր:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) թողարկել է իր առաջին պարտատոմսերը ՀՀ դրամով` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը: Մեկ տարի մարման ժամկետ ունեցող` 2 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր արժեքով պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվեց ս. թ. հունվարի 31-ին Նասդաք ՕԷմԷքս բորսայում աճուրդի կարգով: Սա Հայաստանում լողացող դրույքով առաջին արժեթղթերի թողարկումն է:

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ, 2013թ. դեկտեմբերին թողարկել է 2 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար) արժեքով պարտատոմսեր` նպատակ ունենալով խթանել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումը և մասնավոր հատվածի ֆինանսավորումը:

Հայաստանի ամենամեծ լճի` Սևանի անունը կրող պարտատոմսերը ՄՖԿ-ի` ՀՀ դրամով թողարկված առաջին պարտատոմսերն են: Սա նաև Հայաստանում ոչ ռեզիդենտ թողարկողի առաջին տեղաբաշխումն է և արտասահմանյան ընկերության կողմից թողարկված առաջին կորպորատիվ պարտատոմսերը: