en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
08Օգս

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» 24-րդ մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:

Հաղթողներն ընտրվել են ըստ մի շարք չափանիշների, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակական աճը, առաջարկվող թվային պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնությունների արդյունքում հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը, ինչպես նաև առցանց առաջարկվող պրոդուկտների առավելություններն ու ներդրման հաջողությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման արագընթաց զարգացման պայմաններում լավագույն թվային պրոդուկտների չափանիշները շարունակաբար փոփոխվում են: «Global Finance»-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ են շնորհվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք թվայնացման առաջամարտիկներն են»:

«Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով բիզնեսի համակողմանի և շարունակական տրանսֆորմացիան մեր ռազմավարական գերակայություններից է։ Այդ ճանապարհը մենք դեռ տարիներ առաջ ենք սկսել՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանքով կատարելագործելով ու զարգացնելով մեր թվային լուծումներն ու էկոհամակարգերը։ Այս մրցանակները մեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելուն ուղղված մեր ջանքերի արդեն միջազգային մակարդակով ճանաչումն ու գնահատումն են», նշեց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

2023թ. I կիսամյակում բանկի անկանխիկ գործարքների 82%-ն իրականացվել է հեռավար ուղիներով` աճելով 8 տոկոսային կետով նախորդ տարվա վերջի համեմատ: Իսկ բանկի հաշվետեր հաճախորդների 73%-ն օգտվում է օնլայն-բանկինգից, ինչը 10 տոկոսային կետով ավել է նախորդ տարվա վերջում գրանցված ցուցանիշից:

Նշենք, որ Ամերիաբանկը ներկայումս առաջարկում է շուրջ 45 առցանց ծառայություն: