en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
20Դկտ

ՎԶԵԲ-ն Ամերիաբանկին տրամադրում է ազգային արժույթով վարկային գիծ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում Ամերիաբանկին տրամադրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկային գիծ՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար: Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրին անդամակցող առաջին հայկական ֆինանսական հաստատությունն է:

Ֆինանսավորումը տրամադրվում է Արևելյան գործընկերության կանանց բիզնեսի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկությունների համար ապահովել ֆինանսավորման գործիքների, գործունեության կազմակերպման տեխնոլոգիաների և խորհրդատվական ծառայությունների հասանելիություն:

Մեջբերում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի ելույթից. «Ես ողջունում եմ Հայաստանի տնտեսության մեջ կնոջ դերը բարձրացնելու ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը: Մեր տնտեսության որոշակի հատվածներում կին ձեռներեցները զգալի հաջողությունների են հասել, սակայն ոլորտների մեծ մասում դեռևս առկա է բացահայտ սեռային անհավասարակշռություն: Անկեղծորեն հավատում ենք, որ աշխատանքային շուկայում կին ձեռներեցները հսկայական չօգտագործված ռեսուրս են, և այս թիրախային ծրագիրը մեծապես կնպաստի Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանը»:

Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական աջակցության բաղադրիչ, որի շրջանակներում կին ձեռներեցները կկարողանան օգտվել մասնագիտական գիտելիքներից ու մեթոդներից և գործունեության զարգացման ոչ ֆինանսական ծառայություններից: